1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ակտիվ քայլեր են ձեռնարկվում փորձագետների սոցիալական վիճակի բարելավման նպատակով. Արթուր Դավթյան

Ակտիվ քայլեր են ձեռնարկվում փորձագետների սոցիալական վիճակի բարելավման 
նպատակով. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել Երևանում մեկնարկած «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազի ելույթն ամբողջությամբ.

«Միջոցառման հարգարժան մասնակիցներ, հարգելի հյուրեր, գործընկերներ, տիկնայք և պարոնայք.

Ողջունում եմ բոլորիս ՀՀ գիտությունների ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման և այդ առթիվ Երևանում անցկացվող այս վաղուց սպասված, իր բնույթով, ծավալներով և միջազգային լայն ընդգրկմամբ Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտի համար աննախադեպ և ներկայացուցչական գիտաժողովի անցկացման կապակցությամբ: Գիտաժողովի ծրագրային կոմիտեի և Դատախազության անունից մաղթում եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:

Ինքնին նման մակարդակի միջոցառման անցկացումը յուրահատուկ կերպով խորհրդանշում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»՝  ինստիտուցիոնալ տեսակետից համեմատաբար փոքր թվացող 15 ամյա գործունեության արգասաբերությունն ու արդյունավետությունը: «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ներկայումս իրականացնում է փորձաքննություններ 26 տեսակներով, արդեն շուրջ 129 փորձագիտական ենթատեսակներով և ուղղություններով՝ հանդիսանալով ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում: Հաստատության ստորաբաժանումները, որոշ դեպքերում համալրված փորձագետների ոչ մեծ թիմերով, իրենց իրավասությունների և պարտականությունների շրջանակներում պատշաճ կերպով լուծում են առաջադրվող խնդիրները՝ գիտականորեն հիմնավորված լուծումներ տալով նույնիսկ այնպիսի փորձագիտական հարցերին, որոնք իրենց տեսակով և ծավալով աննախադեպ են: Փորձաքննությունների որոշ տեսակներով ունեցած փորձագիտական հնարավորություններով ներկայումս «Փորձաքննությունների ազգային բյուրոն» հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում միակ փորձագիտական հիմնարկը (օրինակ՝ հոգեբանական, մշակութաբանական, էկոլոգիական, ծառերի կտրման վաղեմության պարզման և նույնականացմանն ուղղված կենսաբանական և այլ փորձաքննությունների տեսակներով և ենթատեսակներով): Իրականացվող փորձաքննությունների շարքում զգալի քանակ են կազմում բարդ և ծավալուն համալիր փորձաքննությունները՝ տարբեր փորձագիտական բնագավառների հատուկ գիտելիքների կամ հետազոտությունների տարբեր մեթոդների միաժամանակյա, հաջորդաբար կիրառումով:  

Այս փաստերը վկայում են որպես գիտական կենտրոն՝ Բյուրոյի կայացվածության, մեր երկրում դատափորձագիտական ինստիտուտների համակարգում նրա ուրույն, լոկոմոտիվային դեր ստանձնած լինելու մասին: Տպավորիչ են զարգացման, փորձագիտական, գիտատեխնիկական և մեթոդաբանական համաշխարհային տենդենցների յուրացման և տեղայնացման, դատափորձագիտական միջազգային հանրույթին ինտեգրման ուղղությամբ Բյուրոի ղեկավարության և անձնակազմի ձեռնարկումներն ու անթաքույց հավակնությունները, որոնք ցանկացած նման ինստիտուտի շարունակական զարգացման և արդիականացման երաշխիքներն են: Փորձաքննությունների ազգային բյուրոն հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, ինչը նրան լրացուցիչ հնարավորություն է տալիս գործուն քայլեր ձեռնարկելու դատափորձագիտական ոլորտի միջազգային նորարարական տեխնոլոգիական հնարավորությունները մեր երկրում ներդնելու, ոլորտի գործունեությունը միջազգային չափանիշներին համապաստասխանեցնելու ուղղությամբ:

Գիտաժողովի համար ընտրված խորագիրը, ինչպես նաև օրակարգային հարցերը, որոնք շոշափում են փորձագիտության և կրիմինալիստիկայի ամենահրատապ խնդիրները, լիարժեքորեն բխում են մեր հանրապետության ներկայիս կարիքներից և պահանջներից: Այդ իմաստով գիտաժողովը, հատկապես իր գիտագործնական ակնկալվող արդյունքների տեսանկյունից, առանձնակի արժեքավոր է մեր՝ քրեական հետապնդման մարմինների և մասնավորապես դատախազության համար՝ իբրև ամբողջական քրեական վարույթների արդյունավետության, քննությունների լիրաժեքության և օբյեկտիվության ապահովման հիմնական պատասխանատուի և օրինականության երաշխավորի: Դրանով է պայմանավորված նաև փորձաքննությունների որակի, դրանց վրա ուղղակիորեն ազդող հիմնահարցերի լուծման մեխանիզմների նկատմամբ մեր կողմից մշտապես դրսևորված և շարունակվող ուշադրությունն ու սրտացավությունը:

Մենք քաջ գիտակցում ենք բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում են հանրապետության փորձագիտական կենտրոններն ու դրանք ներկայացնող մասնագետները՝ սկսած ոչ բավարար սոցիալական երաշխիքներից մինչև արդի տեխնիկա-տեխնոլոգիական թերհագեցվածությունը, գիտական զարգացումներից բխող մեթոդների ներդրման անհրաժեշտությունը, փորձագետների վերապատրաստման կարիքները, մասնագիտական ռեսուրսների սակավությունն ու համալրվածության ապահովման հետ կապված բարդությունները, դրանցից ածանցվող՝ փորձագիտական հիմնարկների և փորձագետների գերծանրաբեռնվածությունը: Այս ամենով հանդերձ, մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք՝ ջանք չխնայելով նպաստելու ապացույցների օբյեկտիվ գնահատմանը, հանցագործությունների բացահայտմանը, վերջնարդյունքում՝ արդարադատության իրականացմանը:

Ուզում եմ այս հերթական առիթն օգտագործել՝ շնորհակալություն հայտնելու մեր փորձագետներին՝ իրենց մասնագիտական ու աշխատանքային պարտքին հավատարիմ, բազմաթիվ բարդությունների հաղթահարմամբ իրենց առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:          

Մեր երկրի դատափորձագիտական ներուժի պահպանման, մեծացման և զարգացման, տեխնիկապես  վերազինման համար ֆինանսական միջոցների ներդման եղանակների, ոլորտի առաջընթացի շարունակականության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ դատախազությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարության հետ ոլորտի խնդիրները, ֆինանսական միջոցների ներդրման հնարավորությունները քննարկելու, լուծումներ գտնելու ուղղությամբ: Ակտիվ քայլեր են ձեռնարկվում փորձագետների սոցիալական վիճակի բարելավման նպատակով, ինչը ոլորտի գրավչությունը բարձրացնելու, որակյալ մասնագետներով համալրվածություն ապահովելու ամենակարևոր նախապայմաններից է:

Մեր խորին համոզմամբ՝ շատ հիմնահարցեր անհրաժեշտ լուծումներ կստանան ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման, հատկապես դատափորձագիտական գործունեության մասին ՀՀ օրենքի և դրանից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման և գործարկման արդյունքում: Օրենքի վերջնական նախագծման և ամբողջացման նպատակով փորձագիտական կենտրոնների հետ քննարկումների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ձևավորվել է աշխատանային խումբ, և ես հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերով, հաշվի առնելով մասնագիտական շրջանակների, շահագրգիռ այլ կառույցների տեսակետներն ու մոտեցումները, առաջիկայում կկարողանանք լուծել այս հարցը ՝ մեծ քայլ կատարելով դատական փորձագիտական գործունեության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման, այստեղ առկա բացերն ու անորոշությունները վերացնելու ուղղությամբ:

Ուզում եմ նաև ընդգծել դատական փորձաքննությունների ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների ներդրած ջանքերը:  

Մասնավորապես,  նշանակալի են «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» ծրագրի շրջանակներում ժամանակակից տեխնիկական միջոցներով և փորձագիտական հետազոտական հնարավորություններով բազմակողմանի համալրվածության ապահովման, անդրազգային կազմակերպված հանցավորությանը հակազդելու հարցում ԱՄՆ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև  ոլորտի զարգացման մեջ ճապոնական առաջադեմ փորձի ուսումնասիրման և տեղայնացման հարցում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության հետ ծավալված ակտիվ փոխգործակցությունը:

Դատափորձագիտական ոլորտի զարգացման համար առաջնային է նաև  պետական  շահառու կառույցների դերը տարբեր միջազգային ծրագրերում ներգրավման միջոցով փորձագիտական հիմնարկների տեխնիկական հնարավորությունների վերազինման, դատական փորձագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս առումով ողջունելի է «Փորձաքննությունների ազգային բյուրոն» առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի բազան դարձնելու ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունը: Այդ հենքի վրա կիրականացվեն «դատաբժշկական փորձաքննություն» մասնագիտությամբ հետբուհական կրթական ծրագրեր:

 

Հարգելի՛ ներկաներ

Գաղտնիք չէ, որ հանցագործությունների քննության բարձր որակի ապահովման կարևորագույն պայմաններից մեկը ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների լայն գործածումն է: Այն առհասարակ ուղղակիորեն աղերսվում է հանցավորության դեմ պայքարի տեսական-գործնական հիմնախնդիրներին, քանի որ գլոբալիզացիոն տեխնոլոգիական աննախադեպ զարգացման ներկայիս շարժընթացում դրանց լուծմամբ է բարձրանում իրավապահ մարմինների արդյունավետությունը: Չպետք է մոռանալ, որ այս ընդհանուր տենդենցներն ուղղակիորեն հանգեցնում են նաև հանցագործությունների կատարման եղանակների կատարելագործմանը, ինչպես նաև նոր տիպի հանցագործությունների ի հայտ գալուն: Ողջ աշխարհում պետական և հասարակական անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, ազգային և անդրազգային մակարդակներում հանցավորության դեմ պայքարի հիմնական մարտահրավերներից մեկը հանցագործությունների եղանակների ու մեթոդների տեխնոլոգիական կատարելագործման համեմատ պետական, միջազգային իրավապահ և անվտանգության համակարգերի առաջանցիկ զարգացում ապահովելն է: Վերջինս անհնար է առանց գիտակրթական պոտենցիալի հարաճուն հարստացման, հանցավորության դեմ պայքարում միջագային համագործակցության ընդլայնման և փորձի արագ փոխանակման, փորձագիտական կենտրոնների մասնագետների կողմից հատուկ գիտելիքների յուրացման ու կիրառման:            

Հատուկ գիտելիքների արդյունավետ և ճիշտ կիրառումը քննչական և դատական սխալներից խուսափելու, օրինականության ապահովման, քրեական դատավարության պահանջներն անշեղորեն պահպանելու հիմնական գրավականներից է: Հատուկ գիտելիքների կատարելագործումը ժամանակակից աշխարհում այլևս անհնար է պատկերացնել՝ առանց կրիմինալիստիկայի և բազմաթիվ գիտությունների, հատկապես մաթեմատիկական-կիբերնետիկական գիտությունների փոխազդեցությունների և տրանսֆորմացիաների:

Հայաստանի Հանրապետությունում փորձաքննությունների տարբեր տեսակներ գտնվում են զարգացման տարբեր մակարդակներում: Դրանցից մի քանիսը գոյություն ունեն տասնամյակներ շարունակ, մի քանիսը նոր են ստեղծվել, մյուսները դիտարկվում են դատական փորձաքննությունների ընդհանուր զարգացման հեռանկարում, որը հանգում է հատուկ գիտելիքների կիրառմամբ նոր տիպի փորձաքննությունների, փորձաքննությունների նոր տեսակների ի հայտ գալուն կամ դրանց պահանջարկի ձևավորմանը:

Այդ համատեքստում կարելի է փաստել, որ Հայաստանում հատուկ գիտելիքների կատարելագործումն ակնհայտորեն առավել դինամիկ զարգացման անհրաժեշտություն ունի: Մեր հիմնական հարստությունը, ինչպես արդեն նշեցի, մասնագիտական, մարդկային ռեսուրսն է: Սակայն այդ ռեւսուրսը չի կարող ժամանակի պահանջներին համընթաց առաջ շարժվել և բավարարել արդի պահանջներին՝ առանց տեխնիկապես համալրման ուղղությամբ իրականացվող քայլերի, փորձաքննությունների լիարժեքության ու ճշգրտության ապահովմանը միտված՝ ժամանակակից գիտատեխնիկական ձեռքբերումների, սարքավորումների, տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրային հավելվածների կիրառության:

Հուսով ենք, որ գիտաժողովի ընթացքում դատափորձագիտական գործունեության գիտատեխնիկական և տեխնիկաքրեագիտական ապահովման խնդիրների, ապացույցների հետազոտման ժամանակակից մեթոդոլոգիական և տեխնոլոգիական հնարավորությունների համակողմանի քննարկումները կնպաստեն այդ համադրության ապահովմանը, իրեղեն ապացույցների հետազոտման, փորձաքննությունների արդյունքում առավել ճշգրիտ, ամբողջական և որոշակի եզրակացությունների կազմման համար անհրաժեշտ հատուկ գիտելիքների, մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործմանը: Դա հրատապ անհրաժեշտություն է՝ նաև դատական փորձաքննությունների հնարավոր ձգձգումներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ վերջինս ազդում է նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված՝ նաև քրեական վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների ապահովման վրա:Չափազանց կարևոր եմ համարում գիտաժողովի օրակարգում դատական փորձաքննությունների կազմակերպման, համալիր, հանձնաժողովային, փորձաքննությունների նշանակման և իրականացման մեթոդաբանական հիմնախնդիրները քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: Այն օգտակար և խորհրդատվական կարող է լինել քրեական վարույթն իրականացնող մեր մասնագետների համար՝ փորձաքննություններ նշանակելիս ոչ միայն առավել թիրախային և անհրաժեշտ ձևաչափերի որոշման, այլև առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և առավել մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխաններ ենթադրող հարցադրումներով հանդես գալու համար: Ուստի ողջունելի է նաև գիտաժողովին քրեական հետապնդման մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը՝ անկախ միջոցառման նեղ մասնագիտական ու գիտահեն լինելու հանգամանքից:                

 

Սիրելի՛ ներկաներ

Դատական փորձաքննությունների ոլորտում գործընկեր երկրների փորձագիտական հաստատությունների, միջազգային համապատասխան կենտրոնների հետ սերտ համագործակցությունն այլընտրանք չունի: Այս գիտաժողովը մասնակից երկրներից յուրաքանչյուրի համար գիտագործնական նոր կապերի հաստատման, համագործակցության նոր եզրեր գտնելու, դատափորձագիտական մասնագիտական շրջանակների միջազգային ինտեգրման, լայն դիապազոնով դատական փորձաքննությունների բազմաթիվ կոնկրետ տեսակներով լավագույն փորձին ծանոթանալու հարթակ է: Ուրախ եմ, որ այս գիտաժողովի նախաձեռնմամբ և անցկացմամբ ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»՝ հայաստանյան դատափորձագիտական հանրույթը մեծ և հաստատուն քայլ է կատարում միջազգային փոխգործակցության նոր հորիզոններ բացելու, Հայաստանը համաշխարհային փորձագիտական քարտեզի վրա տեղորոշելու ուղղությամբ:

Վստահ եմ, որ գիտաժողովի մասնակից երկրներից յուրաքանչյուրը Երևանից կհեռանա ոչ միայն տեսական ու գործնական նոր գիտելիքներով, փորձով հարստացած, այլև համագործակցության, գիտական երկկողմ ու բազմակողմ կապերի ստեղծման նոր ծրագրերով, պայմանավորվածություններով հագեցած՝ ի շահ դատական փորձագիտության զարգացման, մեր բոլոր երկրներում բարեկեցության, անվտանգության, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության:

Թող Երևանի աշնանային այս ջերմ մթնոլորտը բոլորիդ վարակի ստեղծագործ էներգիայով, աշխատանքային ավյունով, նոր իրագործումների տրամադրվածությամբ:

15-ամյակի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» ողջ անձնակազմին՝ ցանկանալով բազմաբեղուն գործունեություն և զարգացման նոր նվաճումներ, իսկ գիտաժողովին մաղթում եմ խոստումնալից մեկնարկից հետո արգասաբեր ընթացք և ակնկալելի արդյունքներ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]