Մատչելիության հղումներ

ՊԵԿ․ «Սանիթեք»-ը խուսափել է հարկերը վճարելուց


Երևանի աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը ստանձնած աշխատանքները թերի կատարելուց բացի, ըստ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ), նաև հարկերը վճարելուց է խուսափել:

Պետական գերատեսչությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ի սկզբանե «Սանիթեք ինթերնեյշնլ»-ն իր հայաստանյան մասնաճյուղի հետ իր գործունեությամբ պայմանավորված հանդիսացել է ԱԱՀ վճարող, սակայն հետագայում ընկերությունը գտել է, որ աղբի տեղափոխումը կարող է դիտարկել որպես բեռնափոխադրում, ինչի դեպքում, ըստ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի, կարող է ԱԱՀ չվճարել։

ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը այսօր հրավիրած ասուլիսում պարզաբանեց․ - «Սա նշանակում է, որ աղբահանության ընդհանուր գործընթացից ընդհանուր ցիկլի մեջ ներառված ծառայությունների մի մասը, այն է՝ սանիտարական մաքրման ծառայությունները, ձմեռային պահպանման ծառայությունները, ընկերությունը շարունակել է հարկել ավելացված արժեքի հարկով, իսկ աղբի տեղափոխության կոնկրետ գործընթացը վերջինս համարել է բեռնափոխադրում»:

ՊԵԿ-ի պաշտոնական դիրքորոշմամբ, «Սանիթեք»-ի գործունեության՝ աղբի տեղափոխության մասը հաստատագրված վճարների մասին օրենքով չի կարող դիտարկվել և որակվել որպես բեռնափոխադրում․ - «Աղբի տեղափոխությունն աղբահանման գործընթացի մի առանձին բաղկացուցիչ մաս է և ներառվում է ընդհանուր աղբահանության ծառայության շրջանակներում, վերջինս առանձին բեռնափոխադրման տեսակ չի հանդիսանում»:

«Հաստատագրված վճարների մասին» օրենքը 2018-ի հունվարի 1-ից ուժը կորցրել է, իսկ «Սանիթեք»-ն առաջ է քաշել «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է․ - «Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը»:

Ըստ ՊԵԿ-ի, 2018-ի սկզբից մինչև նույն տարվա սեպտեմբեր «Սանիթեք»-ը շարունակել է աղբի տեղափոխման մասով իրեն համարել հաստատագրված վճար վճարող։

ՊԵԿ նախնական հաշվարկների համաձայն, «Սանիթեք»-ը պետբյուջե չեն վճարել ավելի քան կես միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ։

Այս փաստերի առթիվ քրգործ է հարուցվել դեռ փետրվար ամսին: ՊԵԿ նախագահի տեղակալը հայտնեց, որ դեռ նախաքննություն է ընթանում: Պարզվել է նաև, որ «Սանիթեք»-ը չի վճարել նաև նախատեսված բնապահպանական և բնօգտագործման վճարները։

Շաբաթներ առաջ «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը Լիբանանից տեսակապով լրագրողներին հայտնեց, որ այս քրգործն անօրինական է և անհիմն, և որ այն կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, որպեսզի սպառի ընկերության ֆինանսական ռեսուրսները։

Ըստ «Սանիթեք»-ի, իրենք ժամանակին դիմել են ՊԵկ-ին ու կառավարությանը ու հայտնել, որ ներդրումները կարող են վտանգվել, ու թույլտվություն ստացել շարունակելու աղբի տեղափոխության մասով վճարել արդեն ուժը կորցրած օրենքի դրույթներով:

ՊԵԿ նախագահի տեղակալն այսօր անդրադարձավ նաև գյուղմթերքի խոշոր արտահանող «Սպայկա» ընկերության խոշոր չափի հարկերից խուսափելու առթիվ հարուցված քրգործի ընթացքին․ - «Նախաքննությունը դեռևս շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում ընկերության կողմից պետությանը պատճառած վնասի չափը ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: Այդ մասով գործողությունները բավականին բարդ և ծավալուն են»:

Այնուամենայնիվ արդեն որոշակի հաշվարկներ կան, որոնց համաձայն ընկերության պետությանը պատճառած վնասը տույժերով հանդերձ կազմում է մոտ 10 միլիարդ դրամ․ - «Պետական բյուջե է վերականգնվել դեռևս մեկ միլիարդ դրամ»:

Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց նաև խոշոր բիզնեսմենների կողմից հարկերից խուսափելու եղանակներից մեկը՝ ընկերությունները հաճախ տրոհում են իրենց բիզնեսը, որպեսզի ավելի քիչ հարկ վճարեն․ - «Այս մասով նույնպես, ստացված տեղեկությունների, կատարված վերլուծությունների հիման վրա, բացահայտվում են հարկ վճարողների փոխկապակցված լինելու հանգամանքները, իրականացված միջոցառումների արդյունքում հիմնավորվում են դրանք, բացահայտվում են իրական շահառուները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG