Կորոնավիրուսային ճգնաժամը սկսում է ազդել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը հայտնել է, որ իր գրասենյակը ժամանակավորապես դադարեցնում է մշտադիտարկումները (մոնիթորինգը) Լեռնային Ղարաբաղի հակամարտության հակամարտ ուժերի շփման գծում՝ նկատի ունենալով նոր կորոնավիրուսի՝ COVID-19-ի տարածման պատճառով ստեղծված իրավիճակն ու մասնավորապես միջազգային սահմանների փակումը ողջ տարածաշրջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:
«COVID-19-ի՝ նոր կորոնավիրուսի տարածումից հետո ընթացող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակմանը ողջ տարածաշրջանում, ճանապարհորդության սահմանափակումներ միջազգային և տեղական անձնակազմի համար, ինչպես նաև կիրառվել են սահմանափակումներ` դեմ առ դեմ շփումից խուսափելու համար՝ նվազեցնելու վարակի ռիկսը: Հաշվի առնելով վերը նշվածը, և կողմերի հետ խորհրդակցելուց հետո, մոնիտորինգները կդադարեցվեն՝ մինչև այդ սահմանափակումները չեղյալ հայտարարվեն», – ասել է Կասպրշիկը՝ միաժամանակ վստահեցնելով, որ ինքը շարունակում է շփվել կողմերի համապատասխան ռազմական իշխանությունների հետ:
Կասպրշիկի գրասենյակի այս որոշումից հետո մարտի 19-ին հայտարարություն են տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից: Ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը դադարեցրել է մշտադիտարկումները՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացառիկ իրավիճակի հետ, համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում:
«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը՝ այդ թվում օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները», – ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին՝ համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ:
Այս երկու հայտարարությունները, որոնք, ըստ էության, տեղավորվում են մեկ ընդհանուր համատեքստում, անշուշտ, չափազանց ուշագրավ են, բայց պետք է հասկանալ՝ որքանո՞վ է խելամիտ մշտադիտարկումների ժամանակավոր դադարեցումը շփման գծում, նույնիսկ եթե կորոնավիրուսն, իրոք, բացառիկ իրավիճակ է ստեղծել ամբողջ աշխարհում կամ առնվազն Եվրոպայի անվտանգության տարածքում, և համաճարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, լուրջ սահմանափակումներ են մտցրել օդային և ցամաքային սահմաններին:
Տեսակետներն այս հարցի շուրջ կարելի է բաժանել երկու հիմնական խմբի: Վերլուծաբանների, քաղաքական գործիչների մի մասը լուրջ վտանգ է տեսնում սահմանային մոնիթորինգի ժամանակավոր դադարեցման մեջ՝ ասելով, որ դա կարող է ռազմական լուրջ ռիսկեր առաջացնել ճգնաժամային այս իրավիճակում: Մյուս մասն էլ կարծում է, որ չարժե դրան մեծ նշանակություն տալ, քանի որ, միևնույն է, ԵԱՀԿ լուրջ ազդեցություն չունի ո՛չ հակամարտության, ո՛չ էլ հակամարտող կողմերի վրա:
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խստորեն քննադատել է ԵԱՀԿ-ի ղեկավարության որոշումը՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրելով, որ շփման գիծը առանց միջազգային մշտադիտարկման թողնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով, և ԵԱՀԿ-ի այս քայլը կարող է կանաչ լույս դառնալ Ադրբեջանի համար՝ ռազմական արկածախնդրության դիմելու իմաստով։
«Սա չափազանց անպատասխանատու գործելաոճ է ԵԱՀԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որն այս անպատասխանատվությամբ փաստացի ստանձնում է հրադադարի խախտման, կամ որ նույնն է՝ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական սանձարձակության ամբողջական պատասխանատվությունը», – նշել է Արման Բաբաջանյանը:
Իսկ ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ասում է, թե ԵԱՀԿ-ի որոշումը «հետաքրքիր է», բայց ինքը չգիտի՝ որքանո՞վ է այն ճիշտ է կամ սխալ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձագետն ասաց. «Ընդհանրապես ԵԱՀԿ-ն, իմ կարծիքով, ոչինչ չի որոշում այս հակամարտության մեջ, բայց եթե նրանք հրաժարվում են դիտարկումներից, ապա նշանակում է՝ նրանք կրկին արձակում են կողմերի ձեռքերը: Նկատի ունեմ՝ քաղաքական առումով են արձակում: Ռազմական առումով առանց այդ էլ բոլորի ձեռքերն էլ ազատ են, և ով ուզում՝ նա էլ պատերազմ է սկսում»:
Մեր նախորդ վերլուծություններում արդեն գրել ենք, որ COVID-19-ի կայծակնային տարածման հետևանքով աշխարհն այսօր հայտնվել է մի նոր իրավիճակում, թևակոխել է ճգնաժամային մի շրջափուլ, որը շատերը համեմատում են համաշխարհային պատերազմի հետ: Բայց այդ տարօրինակ պատերազմը ոչ թե կենդանի մարդկանց, բանակների, երկրների, տեսանելի ուժերի դեմ է, այլ անտեսանելի թշնամու, որը կարող է հարվածել թե՛ անհատ մարդու առողջությանն ու կյանքին, թե՛ ցանկացած երկրի առողջապահական համակարգին ու ռազմավարական մյուս ոլորտներին և թե՛ ընդհանրապես համաշխարհային տնտեսությանն ու աշխարհակարգին: Սա անվտանգության մի նոր, գուցե և ավելի վտանգավոր սպառնալիք է, քան ցանկացած էթնոքաղաքական կոնֆլիկտ կամ դասական պատերազմ, և Հայաստանը նույնպես այսօր դիմագրավում է այդ սպառնալիքին: Բայց մյուս կողմից չմոռանանք, որ մեր հին խնդիրներն առաջվա պես մնում են չլուծված, և ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ կորոնավիրուսի օրերին շարունակում ենք ապրել բավական անկանխատեսելի մի հարևանի հետ, որը երբեք էլ չի թաքցրել իր տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ և Արցախի հարցում աչքի չի ընկել իբրև խաղաղության գործընկեր: Խոսքն, իհարկե, Ադրբեջանի մասին է:
Հետևաբար, աճո՞ւմ են արդյոք ռազմական ռիսկերը կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում: Կա՞ արդյոք վտանգ, որ հակառակորդը կփորձի օգտվել այս իրավիճակից: Պատասխանելով հարցին՝ ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխխինն ասում է, որ տեսականորեն դա հնարավոր է: Բայց մյուս կողմից նաև ավելացնում է, թե իր կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված այս պատմությունը մի քիչ ուռճացված է:
«Ինքը վիրուսն այնքան վտանգավոր չէ, որքան դրա ռեակցիան ամբողջ աշխարհում», – կարծում է Խրամչիխինը: