Կարո Եղնուկյանը բաց նամակ է հղել ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի պարոն Հան,
Ես Հայաստանի արևմտյան կողմնորոշման և, մասնավորապես, մոտ ապագայում Եվրոպական Միության (ԵՄ) ընտանիքին միանալու հզոր քարոզիչն եմ: Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը (CEPA), որը ԵՄ-ն մտադիր է նոյեմբերին ստորագրել Հայաստանի հետ, խիստ սահմանափակ և անատամ տարբերակն է Եվրամիության Ասոցացման համաձայնագրի (EUAA), որը նախատեսված էր ստորագրել 2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը միակողմանի, ավտորիտար կերպով և չմտածված որոշում կայացրեց հօգուտ անհայտ և չփորձարկված Եվրասիական տնտեսական միության, որի կազմում բոլորը ավտորիտար և դիկտատորական ռեժիմներ ունեցող երկրներ են: Չենք կարող բացառել, որ Սերժ Սարգսյանը այս անգամ նույն կերպ չի կվարվի, և մի գիշերվա ընթացքում Ռուսաստանի ճնշման ներքո՝ փոխի իր միտքը:
Իմ նամակի նպատակը ոչ թե այն է, որ Ձեզ տեղեկացնեմ, թե ինչ եմ ես զգում, կամ, թե Սերժ Սարգսյանը ինչ է անելու կամ չանելու, այլ որպեսզի պաշտոնապես հստակեցվի ձեր դիրքորոշումը և առավել ևս պարզ դառնա, թե որոնք են ԵՄ-ի այն արդարացուցիչ հիմնավորումները, որ թույլ են տալիս համաձայնագիր կնքել մի ավտորիտար ռեժիմի հետ, որը օրը ցերեկով անսպառ, շարունակաբար և մեթոդաբար խախտում է իր «անցանկալի» քաղաքական հակառակորդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, նրանց ենթարկելով քաղաքական հետապնդման: Ես ինքս հանդիսանում եմ ռեժիմի կողմից քաղաքական հալածվածներից և հալածված ընդդիմախոսներից մեկը, որը 70-ից ավելի այլ անձանց հետ ձերբակալվել և բանտարկվել է անհիմն մեղադրանքներով: Հայաստանում բոլոր քաղաքական գործերում առկա է նախնական կալանքի չարաշահումը: Կեղծ կամ հակասական ցուցմունքների օգտագործումը և գոյություն չունեցող կամ անընդունելի ապացույցները այն գործիքներն են, որոնք սարգսյանական ռեժիմն օգտագործում է ցանկացած այլակարծություն լռեցնելու համար։ CEPA- ն, ըստ երևույթին, դեռևս պահպանում է EUAA-ի քաղաքական կողմի զգալի մասը և ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևորագույն հարցի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը։ ԵՄ-ն որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ավանգարդ կառույց երբեք չպետք է համաձայնության գալ մի ռեժիմի հետ, որն ունի քաղբանտարկյալներ:
Քաղաքական հետապնդման ենթարկվող անձը, որը բանտարկության միջոցով զրկված է ազատությունից, մեխանիկորեն քաղաքական բանտարկյալ է դառնում, եթե նրա ձերբակալումն ու կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունեն: Երբ քաղաքական հետապնդումը ակնհայտ է ձերբակալությունից առաջ և ձերբակալումից հետո, ապա քաղբանտարկյալին առաջադրված կեղծ և անհիմն քրեական մեղադրանքները ընդամենը անհիմն պատճառաբանություններ են հակընդդեմ տեսակետը պատժելու համար: Ինչպես գիտեք, շատ երկրներ (բացառությամբ մի քանիսը, ինչպես օրինակ՝ Թուրքիան և Ադրբեջանը) իրենց քրեական օրենսգրքում չունեն քաղաքական նկատառումներով հոդվածներ, հետևաբար, այդ երկրներում, որոնցից է նաև Հայաստանը, քաղաքական հետապնդումը քողարկվում է քրեական մեղադրանքներով: Որպեսզի որոշվի, թե արդյոք տվյալ անձը քաղբանտարկյալ է, հարկավոր է քննության ենթարկել գործի հիմքում ընկած գործոնները մինչև ձերբակալումը, նախաքննության ընթացքում, և, նաև, թե ինչպես է պատշաճ ընթացակարգը խախտվում նախաքննության և դատաքննության ընթացքում:
Քաղաքական հետապնդումը և քրեական գործի հարուցումը, ինչպես նաև քաղբանտարկյալի սահմանումը քաղաքական գնահատականներ են, և ոչ թե օրենքով կարգավորվող կամ դատարանի կողմից որոշվող իրավական դրույթներ, հետևաբար ես մեծապես վրդովված էի, երբ Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան՝ Սվիտալսկին իր և ԵՄ-ի դիրքորոշումն է արտահայտել Հայաստանյում քաղբանտարկյալների առկայության մասին, 2017 թվականի սեպտեմբերի 14-ի ասուլի ընթացքում: Նա ասաց, որ ինքը տեղյակ է Human Rights (Մարդու Իրավունքների) կազմակերպությունների և ՀԿ-ների պահանջներից, որոնք վերաբերում են Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը, և, որ նա քննարկել է այդ հարցը Հայաստանի իշխանությունների հետ, չնայած որ Եվրամիությունը միշտ չէ, որ կիսում է HR կազմակերպությունների և ՀԿ-ների կարծիքը և հիմնականում հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների վրա։ Դուք նաև հավելել եք, « ինչպես հայտնի է ՄԻԵԴ-ը որոշում չի կայացրել, որ Հայաստանում որևէ քաղբանտարկյալ կա»: Այս հայտարարությունից երկու հարց է ծագում.
1. ՄԻԵԴ-ը արդյոք լիազորություն ունի որոշելու, թե ով է քաղբանտարկյալը:
2. Արդյոք ՄԻԵԴ-ը երբևէ նման որոշում կայացրել է իր 58-ամյա պատմության ընթացքում: Այս երկու հարցերի պատասխանը միանշանակ ոչ-ն է:
Ինչպես գիտեք Եվրոպայի Խորհուրդը (ԵԽ) 1953 թ.-ին միջազգային համաձայնագիր կնքեց ի պաշտպանություն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, որը հայտնի է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա (ՄԻԵԿ): ՄԻԵԿ-ը իր հերթին հիմնել է ՄԻԵԴ-ը 1959 թ.-ին, որտեղ ցանկացած անձ, ով կարծում է, որ անդամ պետությունը խախտել է ՄԻԵԿ-ով ամրագրված հիմնարար ազատությունների իր Մարդու Իրավունքները, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, կարող է գործը ներկայացնել ՄԻԵԴ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ըստ սահմանման ՄԻԵԿ-ը չի կարող և չունի իրավասություն, որի վրա հիմնվելով կարող է ՄԻԵԴ-ին թելադրել որոշում կայացնել, թե ով է քաղբանտարկյալը, քանի որ, ինչպես վերը նշված է, դա քաղաքական որոշում է և ոչ թե իրավական, և այդ պատճառով էլ դատարանները չեն կարող նման որոշում կայացնել։ Տեսականորեն, ՄԻԵԴ-ը կարող էր «քաղաքական» հայտարարություն անել իր որոշման մեջ՝ նշելով, որ օրինակ «Կարո Եղնուկյանի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները խախտվել են, և այդ խախտումները քաղաքական դրդապատճառներ են ունեցել, հետևաբար Կարո Եղնուկյանը քաղբանտարկյալ է »: Այնուամենայնիվ, որոշման այդ հատվածը իմ քաղբանտարկյալ լինելու մասին չի կարող օրենքով պարտավորեցնող լինել կամ պարտադիր կատարման համար, և ՄԻԵԴ-ի 58-ամյա պատմությունն էլ ապացուցում է, որ նման նախադեպ էլ չի եղել։
Հատկանշական է, որ ԵԽ-ն, երբ 2001 թ.-ին Հայաստանն ու Ադրբեջանը դիմեցին ԵԽ անդամություն ստանալու համար, առաջին անգամ առնչվեց «քաղբանտարկյալ» եզրը սահմանելու խնդրին։ Նրանց անդամակցելու հարցը ժամանակավորապես կասեցվեց շնորհիվ քաղբանտարկյալների առկայության մասին եղած պահանջների։ Գտնելով, որ անհրաժեշտ է լուծել «Քաղբանտարկյալ» եզրի սահմանման խնդիրը, ԵԽ-ն Գլխավոր քարտուղարի անկախ փորձագետներ նշանակեց « քաղբանտարկյալ » եզրը սահմանելու համար և գնահատական տալու Հայաստանում և Ադրբեջանում ենթադրյալ քաղաքական բանտարկյալների առկա դեպքերին: Դրա հետևանքով երկու պետությունները ազատ արձակեցին իրենց բոլոր քաղբանտարկյալներին և անդամակցեցին ԵԽ-ին:
Հաջորդ անգամ քաղբանտարկյալների հարցը վերանայվեց 2012-ին, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) համապարփակ քննարկում տեղի ունեցավ և «Քաղբանտարկյալի սահմանումը » հստակ ձևակերպվեց և վերահաստատվեց Բանաձև1900- ում: Ճանաչվեցին հինգ տարբեր չափորոշիչներ, որոնց հիման վրա կարող է որոշվել, թե ով է քաղբանտարկյալը: ԵԽԽՎ-ն այդ բանաձևում հրավիրեց և խրախուսեց «ԵԽ բոլոր անդամ պետությունների իրավասու մարմիններին վերանայել ցանկացած ենթադրյալ քաղբանտարկյալի գործ վերոնշյալ չափանիշների կիրառմամբ և ազատ արձակել նմանատիպ բանտարկյալներին կամ պատշաճ կերպով վերաքննել նրանց գործերը»: Ինչպես 2001թ․-ին, երբ Եվրախորհուրդը ԵԽ-ին անդամակցելու համար որպես նախապայման առաջադրեց քաղբանտարկյալների ազատ արձակումը, ԵՄ-ն մինչև նոյեմբերին համաձայնագրի ստորագրումը նույնպես պետք է Հայաստանի իշխանություններից որպես նախապայման պահանջի նույնը։ Բացի այդ, եթե Հայաստանի իշխանությունները կամ Սարգսյան ռեժիմը չեն ենթարկվում՝ մինչ ստորագրման օրը քաղբանտարկյլաներին բաց թողնելով, ապա ոչ միայն ԵՄ-ն չպետքէ է վավերացնի CEPA- ն, այլ ԵԽ-ն պետք է նաև Հայաստանի նկատմամբ հարուցի խախտումների վարույթ, անհապաղ դադարեցնի Հայաստանի քվերակելու իրավունքը և, ի վերջո, դուրս հանի ԵԽ-ի կազմից։
Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները ԵՄ արժեքների անկյունաքարն են, մինչդեռ քաղաքական հիմքերով այդ իրավունքների խախտումը հանգեցնում է ԵԽԽՎ-ի սահմանած չափորոշիչներն համապատասխան քաղբանտարկյալների առաջացմանը: ԵՄ-ն չպետք է և չի կարող որևէ հանգամանքի բերումով համագործակցել, պայմանագրեր կնքել, ֆինանսավորել պետական ծրագրերն ու հաստատություններին, կամ որևէ այլ աջակցություն տրամադրել այն ռեժիմին, որն ունի ավելի քան 70 քաղբանտարկյալ և բազմաթիվ անհատներ, որոնք քաղաքական հետապնդման են ենթարկվում: ԵՄ-ի և այս ռեժիմի միջև համագործակցության ցանկացած ձև պետք է իրականացվի առնվազն մեկ նախապայմանով, այն է՝ բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմամբ: Ես և մյուս քաղբանտարկյալները, ինչպես նաև բազմաթիվ HR կազմակերպությունների և այլ ՀԿ-ների հետ միասին հայտարարել և հիմնավորել ենք Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը: Միակ ուղեցույցը, որով ԵՄ-ն կարող է որոշել այդ պահանջների ճշմարտացիությունը և դատողություն անել, ԵԽԽՎ-ի կողմից սահմանված չափորոշիչներն են, որոնց հիման վրա դուք և ԵՄ-ն կարող եք քաղաքական բանտարկյալների գոյության մասին քաղաքական որոշում կայացնել:
Ստորև ներկայացված են ԵԽԽՎ 5 չափորոշիչները, որոնցից միայն 1-ը բավարար է քաղբանտարկյալի կարգավիճակը որոշելու համար:
«Վեհաժողովը վերահաստատում է իր հավանությունը հետևյալս ամփոփված չափանիշներին»
«Անձնական ազատությունից զրկված անձը համարվում է «քաղբանտարկյալ», եթե՝
ա․ նրա կալանքը տեղի է ունեցել մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով ամրագրված որևէ հիմնական երաշխիքի և նրա Արձանագրությունների(ՄԻԵԿ) խախտմամբ, մասնավորապես՝ մտքի, խղճի, կրոնի, խոսքի և տեղեկատվության ազատությունը, և հավաքների ազատությունը,
բ. եթե կալանքը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով, առանց որևէ հանցակազմի,
գ. եթե քաղաքական նկատառումներով կալանքի երկարությունը կամ նրա պայմանները հստակ կերպով անհամեմատելի են այն հանցանքի հետ, որով անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է դրա կատարման մեջ,
դ. Եթե քաղաքական նկատառումներով կալանքը համեմատած այլ անձանց հետ կատարվել է խտրական եղանակով, կամ,
ե. եթե ձերբակալությունը հստակորեն անարդար դատական գործընթացի արդյունք է, և դա տեղի է ունեցել իշխանությունների քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»:
Եթե դուք չեք կարող որոշում կայացնել ձեզ տրամադրած տեղեկատվության հիման վրա կամ, եթե չեք ցանկանում ապավինել քաղբանտարկյալների և հասարակական կազմակերպությունների պահանջներին, ապա առնվազն ես կարող եմ ձեզ տրամադրել լրացուցիչ հսկայածավալ տեղեկություններ, թե ինչպես եմ ես քաղաքական հետապնդման ենթարկվել վերջին 5 տարիների ընթացքում, թե ինչպես եմ անօրինական կերպով, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալվել , ինչպես եմ քաղաքական հետապնման ենթարկվելով ապօրինի կերպով ձերբակալված, կալանավորված եղել նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ, վերջին 15 ամիսների ընթացքում, և վերջապես, թե ինչպես է ԵԽԽՎ 5 չափորոշիչներից 4-ը կետ առ կետ համապատասխանում իմ գործին, չնայած մեկն էլ բավական է քաղաքական բանտարկյալի իմ կարգավիճակը ապացուցելու համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ Ձեր պատասխանին, որտեղ կճանաչեք ինձ որպես քաղբանտարկյալ և կշեշտեք այն միջոցառումները որոնք պատրաստ եք ձեռնարկել Հայաստանում քաղբանտարկյալների իրավիճակը ուղղելու համար: Եվ, իհարկե, եթե տեսնում եք անհրաժեշտություն կա ծանոթանալու իմ գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին, որպեսզի հիմնավորվի իմ քաղբանտարկյալ լինելու կարգավիճակը, ապա սիրով կտրամադրեմ։
Հարգանքով՝
Քաղբանտարկյալ
Կարո Եղնուկյան, Էսկվայր