Մատչելիության հղումներ

Ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ. Բադասյան


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան

Մինչ Սյունիքի մարզի Գորիս - Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները շարունակում են ճանապարհային տուրք պահանջել իրանցի վարորդներից, Հայաստանի Պետեկամուտների կոմիտեից հայտարարում են, որ ամեն ինչ անում են իրանցի վարորդների բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով հնարավորինս հարմարավետ իրականացնելու համար։

«Ըստ էության, մենք ունենք փաստացի ստեղծված իրավիճակ։ Մեր գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով սպասարկումը իրականացվի հարմարավետ և հավելյալ խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար։ Վերջնական լուծումը կարծում եմ, որ ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ կառավարությունը աշխատում է», - ասում է կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Խնդիրն առաջ եկավ սեպտեմբերի սկզբին, երբ Գորիս - Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում անցակետ տեղադրած Ադրբեջանցի ոստիկանները սկսեցին ստուգել Իրանից Հայաստան բեռներ փոխադրող մեքենաների փաստաթղթերն ու մաքսատուրք պահանջել։ Երկու իրանցի վարորդ անգամ կալանավորվել ու մինչև օրս Բաքվում են պահվում։

Միջադեպի առաջին օրն իսկ Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հաղորդագրություն տարածեց, թե Ադրբեջանի մաքսային մարմինները ներկայումս կիրառում են օրեսնդրությամբ այս ուղղությամբ նախատեսված դրույթները Ադրբեջանի ողջ տարածքում։

Ո՞րն է Հայաստանի համապատասխան ծառայության՝ ՊԵԿ -ի արձագանքը Ադրբեջանի գործողություններին, հետաքրքվեցինք կառույցի նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանից։ «Նմանատիպ հարցերը, կարծում եմ, շատ ավելի զգայուն են, վերաբերվում են ազգային անվտանգության ոլորտին։ Եվ կարծում եմ, որ պետք ա ուղղակի հետևել և սպասել կառավարության դիրքորոշումներին նշված հարցի հետ կապված», - պատասխանեց Բադասյանը։

Նա մանրամասնեց՝ ասելով, որ խնդրի լուծումը այլ գերատեչությունների տիրույթում է, խոսքը ճանապարհաշինական աշխատանքերի մասին է։

Ավելի վաղ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը որպես լուծում առաջարկել էր երթևեկել այլընտրանքային Տաթևի ճանապարհով, որը բարեկարգման փուլում է գտնվում։ Այսօր Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին։ Քննարկել են ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ Տաթև - Կապան այլընտրաքային ճանապարհը Հայաստանը նախատեսում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջը։ Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:

Մինչ այդ Իրանցի շատ վարորդները, չնայած առկա խնդիրներին, շարունակում են երթևեկել Որոտանի հատվածով, քանի որ Տաթևի ճանապարհը անանցանելի է իրենց մեծ բեռնատարների համար։

Չնայած հայկական կողմը չի շտապում խոսել ստեղծված իրավիճակի տնտեսական հետևանքների մասին, իրանագետ Գոհար Իսկանդարյանը պնդում է՝ ակնհայտ է, որ սա բացասական հետևանք կունենա հայ-իրանական առևտրաշրջանառության վրա։

Պաշտոնական տվյալներով, Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է։ 2020թ. ընթացքում, չնայած COVID-19 համավարակի տարածման բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը անգամ որոշակի աճ է գրացել ու առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է մոտ 74 մլն ԱՄՆ դոլար։

Գոհար Իսկանդարյան
Գոհար Իսկանդարյան

«Միանշանակ այս գործընթացները վնասելու են հայ-իրանական առևտրաշրջանառությանը։ Գոնե այս պահին այդպես է երևում։ Սակայն պետք է նաև նշենք, որ այն հայտարարությունները, որ ՊԵԿ-ն է անում, որ դա իրենց լիազորություններից դուրս է գտնվում, պետք է նշենք նաև, որ Պապիկյանն է նման հայտարարություն արել, որ մեծ հաշվով այդ խնդիրները Հայաստանի լիազորություններից դուրս են գտնվում, գտնվում են Ադրբեջանի և Իրանի լիազորությունների շրջանակում, ինչը հետ ես կատեգորիկ համաձայն չեմ։ Որովհետև դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, և մենք դրա նկատմամբ պետք է ունենանք մեր դիրքորոշումը և կարծիքը։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցի հետ կապված բավական բարձր տոներով խոսում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ադրբեջանը, սակայն Հայաստանի Հանրապետության կողմից որևէ նման հայտարարություն տեղի չի ունենում, այլ հակառակը՝ շատ կրավորական քաղաքականություն են որդեգրում՝ նշելով, որ սա մեր լիազորությունների շրջանակից դուրս է գտնվում»։

Հարցը, թե հնարավոր է մի օր էլ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ճանապարհով երթևեկելիս հայաստանցի վարորդները նույն խնդրի առաջ կանգնեն, ՊԵԿ նախագահը որակեց որպես տնտեսվարողների համար ավելորդ լարում առաջացնող։ Հստակեցրեց նաև, որ Հայաստանը այս պահին այդ հատվածում սեփական մաքսակետը տեղադրելու հարց չի քննարկում։

XS
SM
MD
LG