1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի եւ Սարատովի մարզերի միջեւ համագործակցության հուշագիրը կվավերացվի 2019 թվականի գարնանը

Գեղարքունիքի եւ Սարատովի մարզերի միջեւ համագործակցության հուշագիրը 
կվավերացվի 2019 թվականի գարնանը

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի եւ ՌԴ Սարատովի մարզերի միջեւ համագործակցության հուշագիրը կնախապատրաստվի եւ կվավերացվի 2019 թվականի գարնանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հավաստեցին ՌԴ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ:

Ընդունելով Սարատովի նահանգային պատվիրակությանը, որի կազմում էին ՌԴ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը, Սարատովի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքսեյ Անտոնովը, տնտեսական զարգացման նախարարի խորհրդական Յուրի Արշինովը եւ Սարատովի մարզի զարգացման կորպորացիայի նախագահ Վասիլի Բերեգովսկին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ ու պատրաստակամ է՝ երկու երկրների միջեւ հաստատված բարեկամության ամրապնդման, Գեղարքունիք-Սարատով ապագա համագործակցության հաստատման համար:

Շնորհավորելով Գնել Սանոսյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ՝ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալը հույս հայտնեց, որ երկուստեք նախապատրաստվող համագործակցությունը համատեղ ջանքերով կդրվի գործնական հողի վրա: «Մենք Հայաստանում ենք եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում, եւ, օգտվելով առիթից, նպատակահարմար գտանք՝ նախապատրաստական այս հանդիպումով քննարկել ու նախապատրաստել համագործակցության հուշագրի ստորագրումը, որը ծրագրվել է 2019 թվականի գարնան համար:

2017 թվականի հոկտեմբերին մեր երկու մարզերի միջեւ կազմվել է մտադրությունների արձանագրություն՝ առեւտրատնտեսական եւ կրթամշակութային համագործակցության հաստատման նպատակով, որի առանձին կետերի քննարկման եւ առաջիկա ծրագրերի հստակեցման համար էլ այսօր գտնվում ենք այստեղ: Սարատովի նահանգում բնակվում են 80-ից ավելի ազգություններ, սակայն նրանց մեջ առավել ակտիվ է 45 հազարանոց հայկական համայնքը, որն աչքի է ընկնում կրթության, մշակույթի, սպորտի, շինարարության, գյուղատնտեսության, արդյունաբերության ու ձեռնարկատիրության ոլորտներում: Նույնիսկ քիք-բոքսինգի աշխարհի հայ չեմպիոն է Սարատովը տվել:

Այնպես որ, մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք հայկական համայնքի հետ»,- նշեց ՌԴ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին կարեւորեց այն հանգամանքը, որ Սարատովի մարզի հայ համայնքի մի ստվար մասն էլ կազմում են Գեղարքունիքի մարզի բնակիչները: «Մեր մարզի բնակիչները բազմաթիվ թելերով կապված են Սարատովի մարզի հետ: Մենք Սարատովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունենք անձնական ու գործընկերային հարաբերություններ, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ գործընկերությունն այժմ ամրապնդվելու է պետական մակարդակով:

Ես այս համագործակցությանը կյանքի կոչելուն հավատում եմ երեք պատճառով. առաջինը՝ մեր գործընկերների կողմից դրված հիմքերն են, երկրորդը՝ Հայաստանում սկսված դրական փոփոխությունները, որոնք ավելի են ամրապնդում հայ-ռուսական դարավոր կապերն ու բարեկամությունը, իսկ երրորդ պատճառը Սարատովում ապրող մեր հայրենակիցներն են, ովքեր կապող օղակ կդառնան մեր համագործակցության համար»,- կարեւորեց մարզպետ Գնել Սանոսյանը: Երկու կողմերի ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ առաջիկայում հստակեցնել այն ոլորտները, որտեղ ավելի արդյունավետ համագործակցություն կարելի է ծավալել: «Դրա համար պետք է ձեւավորենք համատեղ աշխատանքային խումբ, կատարենք մանրամասն ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որպեսզի հստակեցնենք համագործակցության կոնկրետ ուղղությունները: Ես համագործակցության մեծ հեռանկարներ եմ տեսնում տուրիզմի, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի, ինչպես նաեւ ձեռնարկատիրության ոլորտներում:

Բացի այդ, մեր համատեղ մտադրությունների արձանագրությունը ենթադրում է համագործակցություն նաեւ մեր երկրամասերի երկուական քաղաքների մակարդակով»,- ընդգծեց Վադիմ Օյկինը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարեւորեց համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, տուրիզմի եւ բնապահպանության ոլորտներում:

«Մենք մեծ ներուժ ունենք գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտներում, որոնց զարգացումը պայմանավորված է առավելապես Սեւանա լճի հիմնախնդիրների լուծմամբ: Դուք գիտեք, որ Սեւանա լիճը համարվում է տարածաշրջանի երկրների համար խմելու ջրի անսպառ շտեմարան եւ բնապահպանական ու տնտեսական կարեւոր նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի, պետք է ամեն մի քայլ շաղկապել Սեւանա լճի հիմնախնդիրների լուծման հետ: Մենք կարող ենք մեր գործընկերներին առաջարկել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք՝ մսամթերք, ձկնեղեն, բանջարեղեն: Կարող ենք Սարատովից ներմուծել այն ապրանքները, որոնք առաջնահերթ ու կարեւոր նշանակություն կունենան մեր տնտեսության, մեր բնակչության համար»,- հավելեց մարզպետ Գնել Սանոսյանը: Հանդիպման ավարտին ՌԴ Սարատովի մարզի վարչապետի առաջին տեղակալ Վադիմ Օյկինը հուշանվեր հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]