211652_close_icon
views-count1444 դիտում article-date 22:42 18-09-2020

Ավ․ Իսահակյանի գրադարանի նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսերենի անվճար դասընթացներ, ռուս գեղարվեստական և մասնագիտական գրականություն, կրթական նյութեր, տեղեկատվական մեծ շտեմարաններ։ Երևանի քաղաքապետարանի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոն»-ը։ Կրթական կենտրոնը ստեղծվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ՝ Երևանում Մոսկվայի 873-ամյակի միջոցառումների շրջանակում։ «Կրթությունը՝ զարգացած պետության հիմնական և գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երիտասարդներին, երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Կենտրոնում ներկայացված են կրթական նյութերի մեծ բազմազանություն, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ճշգրիտ և բաց տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի մասին ամենատարբեր ոլորտներում, ինչպես նաև բարելավվել ռուսերենի մակարդակը։ Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև գործակցությունը և երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը», - ասաց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Կենտրոնի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը։ «Ռուսական կենտրոնը»-ի ընթերցողներն ու այցելուները կարող են ծանոթանալ Ռուսաստանի մասին կրթաճանաչողական և տեսալսողական նյութերին, հասանելի է գեղարվեստական և մասնագիտական գրականության հարուստ հավաքածու, պաշտոնական հրատարակություններ, տեղեկատուներ, էլեկտրոնային գրքեր և ամսագրեր, որոնք տեղադրված են նաև օնլայն հարթակում։ Կենտրոնը հագեցած է համապատասխան տեխնիկայով, որը տարբեր ձևաչափերով հասանելի է դարձնում Ռուսաստանի պատմամշակութային և գրական ժառանգությունը լայն շրջանակների համար։ «Ժամանակները փոխվել են և գրադարանի դերը` ժամանակակից աշխարհին համահունչ, ևս փոխվել է։ Այն պարզապես գիրք ու գրականություն տրամադրող կառույց չէ։ Մեր քաղաքացիների համար այն դարձել է հանրային հարթակ, ուր հատվում են տարբեր ազգերի մշակույթները։ Հարթակ, որը նպաստում է քաղաքացու կրթամշակութային դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, յուրօրինակ հանդիպումների, հանգստի և ժամանցի վայր է։ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կառուցվածքում «Ռուսական կենտրոնի» ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է մեր ընթերցողների բազմաթիվ արձագանքներով, ովքեր հաճախ են պատվիրում ժամանակակից ռուսական գրականություն, ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի դասընթացների։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Քաղաքապետարանի մշակութային երկխոսության համագործակցությամբ այս ծրագիրը կյանքի կոչվեց»,- ասաց «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով, նման կենտրոնների բացումը կարևոր են նաև հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: «Սա առաջին նմանատիպ կենտրոնն է Հայաստանում։ Մյուս գրադարաններում առայժմ ռուսական կենտրոններ չկան։ Երբեմն կարող է թվալ, թե Հայաստանում Ռուսաստանի մասին բոլորը գիտեն, բայց երկու երկրները պետք է շարունակեն աշխատել, որպեսզի պահպանեն և զարգացնեն երկկողմ հարաբերությունները։ Հուսով եմ, որ այս կարևոր նախաձեռնությունը կշարունակվի, այդ թվում նաև երկրի մյուս քաղաքներում և մարզերում»,-նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կենտրոնում» անց են կացվելու ռուսերենի անվճար դասընթացներ երեխաների համար, պարբերաբար կազմակերպվելու են հանրային դասախոսություններ, սեմինարներ, տարբեր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, խոսակցական ակումբներ։ Առցանց գրադարանն ունենալու է պարբերաբար լրացվող տեղեկատվական թվային շտեմարաններ, որոնք անվճար են լինելու կենտրոնի բոլոր այցելուների համար։ «Ռուսական կենտրոն»-ի մուտքը ազատ է բոլորի համար։ «Ռուսական կենտրոն»-ը բացվել է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գործակցությամբ՝ Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր