Արմավիրում ապրիլի 12-ին 38-ամյա կնոջ սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ըստ մեղադրանքի՝ Բախշի Մ.-ն կնոջը կասկածել է ամուսնական անհավատարմության մեջ: Խանդի հողի վրա նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ Բախշին ապրիլի 12-ին գնացել է Արմավիր եւ սպասել այնքան, մինչեւ կինը դուրս գա խմորեղենի արտադրամասից: Աննկատ հետապնդելով կնոջը՝ տղամարդը մեկ փողանի կարճեցված փողով հրացանից մեկ անգամ կրակել է նրան՝ տեղում սպանելով:
Բացի դրանից, Բախշի Մ.-ն, համաձայնությամբ գալով Այգեւորդ Հ.-ն հետ, 2016թ. հոկտեմբերին Դդմաշենում գաղտնի հափշտակել են 1500 ԱՄՆ դոլար և շուրջ 8000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:
Բախշի Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1,1 կետով: Նա կալանավորված է:
Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. ապրիլի 12-ին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքում: Հանրապետության 1 հասցեում հայտնաբերվել է 38-ամյա Սյուզաննա Գալստյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: