ՊՆ ղեկավարն այցելել է ադրբեջանցիներից 100 մետրի վրա կանգնած հայ զինվորների նոր դիրքեր

ՊՆ ղեկավարն այցելել է  ադրբեջանցիներից  100 մետրի վրա կանգնած հայ զինվորների նոր դիրքեր

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի՝ նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում:

Նա հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր ստեղծվող և կահավորվող դիրքերի կենցաղային պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար նախատեսված խրամատային ենթակառուցվածքներին: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանը նշել է, որ աշխատանքների ծավալները հետզհետե ավելանում են և առավել ինտենսիվ կդառնան հատկապես գարնանային ամիսներին:

Զորամիավորման անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատերազմին մասնակցած զինծառայողներին, պարգևատրել աչքի ընկած սպաներին և ժամկետայիններին: Նախարարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ առաջնագիծը ծառայության համար առավելագույնս անվտանգ դարձնելու և անհրաժեշտ կենցաղային պայմաններ ստեղծելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հանձնարականներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին՝ թիկունքային ապահովման, հենակետերի կառուցման և մարտական հերթապահության կրման վերաբերյալ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---