Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

Ադրբեջանական գեներալի ոչնչացման բացառիկ օպերացիան՝ հայկական ԱԹՍ-ով. Հայաստանը հաղթեց «դրոնների պատերազմում»

Հայկական արտադրության անօդաչուները հուլիսյան բախումների ժամանակ ստացան մարտական մկրտություն, և դրանցով իրականացված առաջին իսկ գործողության շրջանակներում հայկական զինուժը ոչնչացրեց ադրբեջանական բանակի գեներալ Հաշիմովին, գնդապետ Միրզոևին և այլ բարձրաստիճան զինվորականների: Իրապես սա կարելի է համարել ոչ միայն Հայկական բանակի փայլուն հաջողությունը, այլև Հայաստանի ռազմարդյունաբերության նոր նվաճումը, նոր բարձունքը:

Պայքարը Ղարադաշի շուրջ կշարունակվի

Մոտ երկու շաբաթ առաջ՝ հուլիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում բռնկված զինված հակամարտության հրդեհը դեռ ամբողջությամբ չի մարել, և ըստ ամենայնի՝ պայքարը ՀՀ Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերի սահմանագծին գտնվող ռազմավարական բարձունքի՝ հայտնի Ղարադաշ (Սևաքար) սարի շուրջ դեռ երկար կշարունակվի: Պատճառները շատ պարզ են ու ակնհայտ:

Նախ, ինչպես փաստում են ուսումնասիրողները՝ նախկին Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) վարչական սահմաններով Ղարադաշը մտել է Հայաստանի տարածքի մեջ, հետևաբար ՀԽՍՀ-ի իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության օրինական տարածքն է, որը, սահմանամերձ շատ այլ տարածքների հետ միասին, այսօր օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից:

Երկրորդը, Ղարադաշը ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, որը գերիշխող դիրք ունի Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղերի տարածքների նկատմամբ, ու քանի դեռ այն ամբողջությամբ չի ազատագրվել ադրբեջանական օկուպացիայից, ուղղակի սպառնալիքը ինչպես Մովսեսի, Այգեպարի, Չորաթանի և Չինարիի բնակիչների, այնպես էլ հայ դիրքապահների ֆիզիկական անվտանգությանը շատ ավելի մեծ է լինելու: Այնպես որ, ենթադրում ենք, որ ՀՀ Զինված ուժերը կփորձի զարգացնել իր վերջին հաջողությունները և տրամաբանական ավարտին հասցնել «Սև սարի» լիարժեք ազատագրման գործը: Առավել ևս որ Հայկական բանակն ունի բոլոր իրավունքները դա անելու համար:

Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ «ՀՀ Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տարածքում կատարում են որոշակի խուսավարումներ, դիրքային բարելավումներ, որոշակի տեղաշարժեր, որը իրականացնելու լիարժեք իրավունք ունենք: Դա մե՛ր՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ներսում է»:

Իսկ սա նշանակում է, որ դիրքային պայքարը Ղարադաշի շրջանում մեծ հավանականությամբ շարունակվելու է և կարող են լինել նոր լուրջ սրացումներ: Ըստ էության, այն այսօր էլ է ընթանում, բայց ավելի պակաս ինտենսիվությամբ, քան ս. թ. հուլիսի 12-16-ի ժամանակահատվածում էր:

Հուլիսյան մարտերից մենք դուրս ենք գալիս հաղթանակած

Բայց չնայած այս հանգամանքին՝ թե՛ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, թե՛ լրատվամիջոցները, փորձագետներն ու մեկնաբանները սկսել են ամփոփել հուլիսյան իրադարձությունների արդյունքները՝ փորձելով գնահատել ու հասկանալ ինչպես ներկա իրավիճակը, այնպես էլ Հայաստանի ռազմական ու քաղաքական ձեռքբերումները:

Մասնավորապես, նման անդրադարձ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության հուլիսի 23-ի նիստին Փաշինյանը հայտարարել է, որ «հուլիսյան մարտերից մենք դուրս ենք գալիս հաղթանակած, բայց անհրաժեշտ է կատարել նաև որոշակի հետևություններ»: Եվ ներկայացրել է 7 կետ Ղարաբաղյան հիմնախնդրի և Ադրբեջանի հետ հակամարտության վերաբերյալ:

Երեք կարևոր կետեր

«Առաջին լրատվական»-ը նույնպես անդրադառնում է հուլիսյան բախումների մի քանի կարևոր ասպեկտների: Մեր նախորդ հոդվածում առանձնացրել էինք երեք առանցքային բաղադրիչներ՝

  • Դիրքային պայքարը Ղարադաշի շուրջ,
  • Դրոնների պատերազմը,
  • Գեներալ Հաշիմովի ոչնչացման օպերացիան հայկական ուժերի կողմից:

Նախորդ վերլուծության մեջ մանրամասն անդրադարձանք Ղարադաշի բարձունքի հետ կապված բոլոր կարևոր հարցերին և հայկական զինուժի դիրքերի բարելավմանը նշված հատվածում: Այս անգամ կվերլուծենք մյուս երկու կետերը:

«Դրոնների պատերազմ». Ապրիլին և Հուլիսին

Եվ այսպես, ռազմական գործողություններ անօդաչուներով (անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ) և պայքար անօդաչուների դեմ, կամ այլ խոսքերով՝ «Դրոնների պատերազմ» հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների թատերաբեմում:

Հանրահայտ «Ֆորբս» ամսագրի հեղինակ Դեյվիդ Հեմբլինգը (David Hambling), իր հոդվածում անդրադառնալով Ադրբեջանի վերջին միջուկային սպառնալիքներին, հենց այդպես է անվանել հուլիսյան բախումները հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև՝ «Դրոնների պատերազմ (‘‘Drone War’’) Կովկասում»: Եվ, իսկապես, անօդաչուները այս անգամ էլ զգալի դերակատարում ունեցան հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում:

Ընդհանրապես, դրոնները, ռոբոտները, բարձր տեխնոլոգիաները այսօր չափազանց կարևոր դեր են խաղում ժամանակակից պատերազմներում, և բնականաբար, դրանցից անմասն չէր կարող մնալ նաև հայ-ադրբեջանական կամ ղարաբաղյան կոնֆլիկտը: Հայաստանում երևի թե բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանը նկատելի առավելություն է ունեցել այս ոլորտում հայկական կողմի նկատմամբ՝ բայց ոչ թե շնորհիվ սեփական ուղեղների կամ գիտատեխնիկական, տեխնոլոգիական ինչ-որ նվաճումների, այլ պարզապես շնորհիվ իր հսկայական ֆինանսական միջոցների, որոնցով ադրբեջանցիները, հատկապես վերջին 10 տարիներին, Իսրայելից գնել են նորագույն, տարբեր տեսակների ԱԹՍ-ներ և վարձել իսրայելցի բարձրակարգ մասնագետների, ինստրուկտորների, որոնք սովորեցնում են նրանց կառավարել և կիրառել այդ անօդաչուները:

Ադրբեջանական կողմը խաղարկեց իսրայելական անօդաչուների խաղաքարտը 2016 թ. ապրիլին իր նախաձեռնած լայնածավալ հարձակման ժամանակ՝ այս զորատեսակը օգտագործելով ոչ միայն հետախուզական նպատակներով, այլև իբրև հարվածային ուժ, օդային հարձակման միջոց (ՕՀՄ) և փորձելով դրանցով հասնել արդյունքի: Եվ պետք է ասել, որ ադրբեջանական կողմը կարողացավ դրանցով ռազմական որոշակի էֆեկտ ապահովել: Անօդաչուներն այն ժամանակ լուրջ գլխացավանք էին դարձել հայկական զինուժի համար, և հայ զոհերից շատերը սպանվել են հենց հարձակողական ԱԹՍ-ների հարվածներից:

Դա, իհարկե, ունի իր բացատրությունը: Անօդաչուները, ինչպես արդեն ասացինք, ժամանակակից պատերազմներում կարևոր դեր խաղացող զորատեսակ են, որին Հայկական բանակը նախկինում չէր առերեսվել լայնամասշտաբ գործողություններում: Մեծ հաշվով, 90-ականների ղարաբաղյան պատերազմից հետո, Հայաստանի Զինված ուժերը, իր բարձր մարտունակությամբ հանդերձ, լայնամասշտաբ պատերազմական գործողությունների պրակտիկորեն չէր մասնակցել: Եղել էին միայն փոխհրաձգություններ, դիվերսիոն հարձակումներ հակառակորդի կողմից և լոկալ մարտեր:

Թեկուզև կարճատև, բայց ամեն դեպքում լայնածավալ պատերազմ եղավ 2016 թ. ապրիլին, որն էլ ի հայտ բերեց Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության և սպառազինության մի շարք բացերն ու թերությունները, որոնց մասին վերջին 4 տարիների ընթացքում, իհարկե, շատ ենք խոսել: Հենց դրանց պատճառով ու շնորհիվ մի շարք գործոնների, այդ թվում, առաջին հերթին, «անակնկալի էլեմենտի» և ռազմարվեստի նոր մեթոդների կիրառման, ադրբեջանական կողմը կարողացավ որոշ համեստ արդյունքների հասնել, այն էլ՝ հիմնականում հարձակման առաջին ժամերին: Հետագա օրերին պատկերը էապես փոխվեց մեր օգտին:

Ու խոսքը ոչ միայն զուտ անօդաչուների կիրառման, այլև ընդհանրապես ժամանակակից պատերազմներում ռազմական գործողությունների վարման նոր մեթոդների, մարտավարությունների մասին է, որոնց, ենթադրում ենք, մեր բանակը դեռ լիարժեքորեն չի ընտելացել:

Ի վերջո, չմոռանանք, որ Հայկական բանակը՝ իր սպայական ու հրամանատարական կազմով հանդերձ, եղել ու շարունակում է մնալ գլխավորապես սովետական ռազմական դպրոցի փիլիսոփայության մեջ և ի տարբերություն Ադրբեջանի՝ չունի ՆԱՏՕ-ական ավելի առաջադեմ դպրոցն անցած զինվորական ինստրուկտորներ: Ենթադրում ենք, որ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի առաջ քաշած պաշտպանական նոր քաղաքականությունը և կոնցեպտուալ ու մարտավարական որոշ նոր մոտեցումները, որոնք նա շարադրել է իր ներկայացրած տեսլականում, ուղղված են հենց այդ բացի լրացմանն ու մեր Բանակի արդիականացմանը թե՛ սպառազինության, թե՛ մտածողության և թե՛ մարտավարական ու ռազմավարական առումներով:

Այս համատեքստում 2016 թ. Քառօրյա պատերազմի և 2020 թ. հուլիսյան բախումների հիմնական տարբերություններից մեկն այն է, որ այս անգամ հայկական զինուժի համապատասխան ստորաբաժանումները շատ ավելի պատրաստված էին անօդաչուների դեմ պայքարելու համար և ըստ էության՝ կարողացան չեզոքացնել հարվածային ԱԹՍ-ների միջոցով պատերազմական գործողությունների ընթացքի վրա ազդելու և հայկական կողմին լուրջ վնասներ պատճառելու ադրբեջանական ծրագիրը: Իսկ որ Ադրբեջանը այս անգամ էլ փորձեց լայնորեն գործի դնել իր անօդաչուները՝ փաստ է: Ընդ որում՝ ոչ միայն հայկական զինուժի, այլև խաղաղ բնակչության դեմ: Հիշենք, որ հուլիսի 12-ից հետո Ադրբեջանի զինուժը, ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրությունների, ԱԹՍ-ներով թիրախավորել է Տավուշի բնակավայրերի, այդ թվում՝ բավական խորքում գտնվող Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Այս ոլորտում ՀՀ Զինված ուժերի փայլուն հաջողությունների մասին է վկայում այն փաստը, որ մեր Բանակի ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) ստորաբաժանումները այդ մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանից ուղարկված տասնյակից ավելի հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներ են ոչնչացրել: Դրանց թվում՝ մոտ 30 մլն դոլար արժողությամբ գերժամանակակից «Elbit Hermes 900» հետախուզական ԱԹՍ-ն:
Մերոնց նույնիսկ հաջողվել է որսալ և անվնաս վայր իջեցնել իսրայելական միևնույն ընկերության՝ Elbit Systems-ի արտադրած «SkyStriker» մոդելի հարվածային ԱԹՍ, ինչպես ասում են՝ «սաղ-սալամաթ» վիճակում:

ՀՀ Զինված ուժերի կողմից ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները հուլիսի 21-ին ցուցադրվել են Երևանում:

Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը այս ամենից հետո հրավիրել է իսրայելցի մասնագետներին, որպեսզի վերջիններս բացատրեն, թե ինչպե՞ս է հայկական զինուժին հաջողվում խոցել իսրայելական ԱԹՍ-ները:

Ի դեպ, այս իրադարձություններից ընդամենը մեկ ամիս առաջ մեր մասնագետներն ընդգծում էին, որ անօդաչուների դեմ պայքարը միայն մեզ համար չէ, որ լուրջ գլխացավանք է դարձել. ԱԹՍ-ների դեմ պայքարը գլոբալ խնդիր է ամբողջ աշխարհում, ու չկա մի պետություն, որը «ոսկե բանալի» ունի ԱԹՍ-ների դեմ և կարողանում է դրանց հարցը լիարժեքորեն լուծել: Իսկ այժմ լրատվամիջոցները գրում են, որ Հայկական բանակն աշխարհում միակն է, որ հաջողությամբ խոցում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ները:

 

Պատմական օր՝ Հայաստանի ռազմական պատմության մեջ

Բայց այսքանով անօդաչուների հետ կապված պատմությունը չի ավարտվում, քանի որ Տավուշում մերոնք ոչ միայն բարձր արդյունավետությամբ չեզոքացրել են հակառակորդի ԱԹՍ-ները, այլև մարտական ԱԹՍ-ներ են կիրառել հակառակորդի դեմ՝ ոչնչացնելով մի շարք թիրախներ: Ընդ որում՝ կիրառվել են հայկական արտադրության (!) մարտական ԱԹՍ-ներ: Այս կապակցությամբ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում 12 լեզուներով գրել է, որ 2020 թ. հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր:

«Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես, նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ», – նշել է Հովհաննիսյանը:

«Պրիվետ» ադրբեջանական լոբբիստներին՝ «ինքնաշեն» ԱԹՍ-ով

Այս փաստն իսկապես պատմական է և շատ հատկանշական, քանի որ մինչ օրս արտասահմանցի շատ փորձագետներ թերագնահատել են Հայաստանին այս ոլորտում: Նույնիսկ բախումների օրերին, երբ հայկական զինուժը հրաշալի արդյունքներ էր ցույց տալիս ԱԹՍ-ների դեմ և ԱԹՍ-ներով, ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը, որը խաղաղ պայմաններում, ընդհանուր առմամբ, օբյեկտիվ ու հավասարակշռված է խոսում հայ-ադրբեջանական կամ ղարաբաղյան հակամարտության մասին, բայց հակամարտության սրացման ժամանակ անմիջապես անցնում է Ադրբեջանի կողմը, մեզ հետ զրույցում ասում էր, թե Ադրբեջանը կռվում է իսրայելական նորագույն անօդաչուներով, իսկ Հայաստանը՝ «ինքնաշեն» անօդաչուներով, ու անընդհատ շեշտը դնում էր ադրբեջանական բանակի տեխնիկական առավելության, ավելի նոր զինատեսակներ ունենալու հանգամանքի վրա՝ չխոսելով Հայկական բանակի ուժեղ կողմերի մասին: Բայց ինչպես տեսանք՝ Հայկական բանակը կարողացավ այդ «ինքնաշեն» ԱԹՍ-ներով առավելության հասնել իսրայելական միլիոնանոց ԱԹՍ-ներով զինված ադրբեջանական բանակի նկատմամբ: Այնպես որ, մեր ջերմ ողջույնները՝ Ռուսաստանի ադրբեջանական լոբբիստներին:

Հաշիմովին ոչնչացրել են հայկական ԱԹՍ-ով

Բայց սա դեռ ամենը չէ, և պատմական արձանագրումները հայկական անօդաչուների մարտական մկրտության բուն փաստով չեն ավարտվում: Եվ այն, ինչի մասին հիմա կխոսենք, ուղղակիորեն կապված է մեր վերլուծության 3-րդ կետի՝ ադրբեջանական բանակի գեներալ Հաշիմովի, գնդապետ Միրզոևի և մյուսների ոչնչացման բացառիկ օպերացիայի հետ:

Ինչպես տեսանք՝ Արծրուն Հովհաննիսյանը իր բազմալեզու հաղորդագրության մեջ նշում է, որ հայկական մարտական ԱԹՍ-ների հարվածի զոհ են դարձել ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ: Այս գրառումը Ֆեյսբուքում հրապարակվել է հուլիսի 14-ին, ժամը 15:34-ին: Նույն օրը, մոտավորապես նույն ժամերին հայկական աղբյուրները սկսեցին հաղորդել ադրբեջանցի գեներալի և մյուս բարձրաստիճան զինվորականների ոչնչացման մասին: Շատ չանցած՝ լուրը հաստատեց նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ գեներալ Հաշիմովը՝ մյուս զինվորականների հետ միասին, ինչպես նաև Թովուզի շրջանի Աղդամ գյուղի 76-ամյա մի բնակիչ, սպանվել են հայկական կողմի հրետանային հարվածների՝ հրետակոծության հետևանքով: Սակայն եթե հաշվի առնենք այն, որ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան գրառման ներքևում տեղադրել է հուլիսի 13-14-ի գիշերը հայկական զինուժի կողմից իրականացված պատժիչ գործողությունների տեսանյութը, եթե հաշվի առնենք, որ Հաշիմովի ու մյուսների ոչնչացման մասին հայտնի դարձավ դրա հաջորդ օրը՝ կեսօրից հետո, և եթե հաշվի առնենք այն, որ ըստ հայկական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների՝ գեներալն ու մյուս զինվորականները ոչնչացվել են ՀՀ Զինված ուժերի պատժիչ գործողությունների արդյունքում, ապա կարելի է գալ հստակ եզրակացության, որ Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, նույն կորպուսի հրետանու պետ Իլգար Միրզոևին և մյուս բարձրաստիճան զինվորականներին ոչնչացրել են Արծրուն Հովհաննիսյանի նշած՝ հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներով:

Մի գնդակով՝ երկու նապաստակ

Եվ ըստ ամենայնի՝ 2020 թ. հուլիսի 13-14-ը Հայաստանի ռազմական պատմության դասագրքերում ոսկե տառերով կգրվի շնորհիվ ոչ թե մեկ, այլ երկու պատմական իրադարձությունների: Եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ ՀՀ Զինված ուժերը առաջին անգամ մարտական պայմաններում կիրառեցին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրած մարտական անօդաչուները և անմիջապես դրանով ոչնչացրեցին, ոչ ավել, ոչ պակաս, հակառակորդ բանակի գեներալին: Սա շատ նման է մի գնդակով երկու նապաստակ խփելուն: Իսկ եթե խոսենք ֆուտբոլային լեզվով, ապա սա նման է մի իրավիճակի, երբ հայկական համեստ ակումբներից մեկի սանը՝ պատանի ֆուտբոլիստը, առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս իր ակումբի կազմում, այն էլ՝ եվրոպական «գրանդ» ակումբներից մեկի հետ կարևորագույն խաղում, և անմիջապես ֆանտաստիկ գոլ է խփում, ասենք, դաշտի կենտրոնից կամ այլ խոսքերով՝ ցույց է տալիս, որ ինքը ոչ պակաս արժեքավոր ու արդյունավետ ֆուտբոլիստ կարող է լինել, քան մրցակից թիմի բազմամիլիոնանոց աստղերը: Մեր դեպքում, ինչպես տեսանք, այդ «աստղերը» ռազմարդյունաբերական առաջատար երկրի արտադրած բազմամիլիոնանոց ԱԹՍ-ներն էին, որոնց, փաստորեն, կարելի է հաղթել:

Բաքվի ռազմական ու քաղաքական պարտությունը

Բայց ինչո՞ւ է Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել, թե գեներալ Հաշիմովն ու մյուս զինվորականները սպանվել են հրետանային հարվածների հետևանքով: Պատասխանը շատ պարզ է: Ըստ երևույթին, Բաքվում շատ լավ են հասկանում, որ եթե խոստովանեին, որ Հայաստանը, չունենալով նորագույն, գերժամանակակից սպառազինություն, կարողանում է սեփական արտադրության համեստ անօդաչուներով հակառակորդի գեներալ ոչնչացնել, որը մի ամբողջ բանակային կորպուսի շտաբի պետն է, այսինքն՝ սահմանակից մի քանի զորամասեր միավորող զորամիավորման երկրորդ դեմքը, ուղեղային կենտրոնը (!), ապա դա ոչ միայն ռազմական լուրջ պարտություն է, այլև կարող է բարոյահոգեբանական ու քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ ադրբեջանական կողմի համար՝ էլ ավելի բարձրացնելով Հայկական բանակի հեղինակությունն ու ցույց տալով Հայաստանի տեխնոլոգիական նոր նվաճումը, գրաված նոր բարձունքը՝ բայց ոչ թե ռազմի դաշտում, այլ գիտական ոլորտում:

Հաշիմովն ու Սոլեյմանին. ահաբեկիչն ու «Խավարի ասպետը»

Ի վերջո, հակառակորդի գեներալ ոչնչացնելը հանաք բան չէ: Նման օպերացիաներ կարողանում են իրականացնել միայն ռազմական գերտերությունները, աշխարհի ուժեղագույն բանակները, ասենք՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և այլն: Եվ դա անում են հատկապես հակաահաբեկչական պայքարի շրջանակներում:

Մեծ հաշվով, եթե հիշենք Ադրբեջան կոչվող պետության մեթոդները Հայաստանի հետ հարաբերություններում, ղարաբաղյան հակամարտության շրջանակներում՝ սրել իրավիճակը սահմանին, թիրախավորել հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը ահաբեկելու և նրա վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի հայկական կողմը զիջումների գնա Արցախի հարցում, եթե հիշենք ադրբեջանցի զինծառայողների վայրագությունները 2016 թ. ապրիլին հայ դիրքապահների և խաղաղ բնակչության նկատմամբ՝ խոշտանգել, գլուխ ու ականջ կտրել, ինչը պարզապես բարբարոսություն չէ, այլ կանխամտածված ահաբեկչական գործողություն (ի դեպ, Հաշիմովը մասնակցել է ապրիլյան Քառօրյա պատերազմին), ապա ադրբեջանական զինուժի և դրա հրամանատարության նկատմամբ իրականացված ցանկացած գործողություն, այդ թվում՝ գեներալ Հաշիմովի և մյուսների ոչնչացման օպերացիան, առանց տարակուսանքի կարելի է համարել հակաահաբեկչական գործողություն:

Ամբողջ խնդիրն այն է, որ դա միայն մենք ենք հասկանում, իսկ դրսից Ադրբեջանի քաղաքականությանը և ղարաբաղյան կոնֆլիկտին այլ աչքերով են նայում: Առհասարակ ահաբեկչության և հակաահաբեկչական պայքարի մասին պատկերացումները աշխարհում շատ տարբեր են, և ըստ էության՝ դա է պատճառը, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը, իր դաշնակիցներին՝ վահաբիզմի բնօրրան Սաուդյան Արաբիային, «Մուսուլման եղբայրներին» և այլ ծայրահեղական խմբավորումների հովանավորող Կատարին, Սիրիայում գործող հայտնի ծայրահեղական խմբավորումներին հովանավորող Թուրքիային թողած, «միջազգային ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» է անվանում Իրանի իշխող իսլամական վարչակարգին: Սա էր պատճառը, որ «Խավարի ասպետը»՝ Իրանի ամենաազդեցիկ և հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչներից մեկը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «ալ-Կուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որն իրականում մեծ դեր է խաղացել Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի գործում, սպանվեց Իրաքում ամերիկյան զինուժի կողմից իբրև Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող «ահաբեկիչ»:

Եվ այս իմաստով Հաշիմովին կամ ադրբեջանական բանակի որևէ զինվորականի գեներալ Սոլեյմանիի հետ համեմատելը և նրանց դեմ իրականացված գործողությունը արդարության տեսանկյունից նույն հարթության վրա դնելը կոռեկտ չէ: Առավել ևս եթե հաշվի առնենք, որ Իրանը բարեկամ երկիր է մեզ համար: Եթե հաշվի առնենք, որ Սոլեյմանին, լինելով, իհարկե, հակասական կերպար, այդուհանդերձ, իր ասպետականությամբ ու արևելյան հմայքով համակրանք էր առաջացնում շատերի մոտ, այդ թվում՝ հայ հանրության շրջանում:

Այլ խոսքերով՝ Թրամփի վարչակազմը, ինչպես նշեցինք, երկակի ստանդարտներ է կիրառում ահաբեկչության հարցում, և խիստ վիճելի է այն պնդումը, որ Իրանը «ահաբեկչության հովանավոր է» կամ Սոլեյմանին նույնպիսի ահաբեկիչ էր՝ ինչպես Ուսամա բեն Լադենը կամ «ալ-Կաիդայի», «Իսլամական պետության», «Ջաբհաթ ան-Նուսրայի» և մյուս հայտնի խմբավորումների առաջնորդները:

Բայց նույնիսկ եթե հարցին նայենք զուտ ամերիկյան տեսանկյունից և ընդունենք, որ Ղասեմ Սոլեյմանին ու իր ղեկավարած էլիտար ջոկատը սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը, և ինչպես ամերիկյան իշխանություններն էին պնդում՝ Սոլեյմանին ահաբեկչական գործողություններ էր պլանավորում իրականացնել Միացյալ Նահանգների տարածքում, ապա Միացյալ Նահանգները՝ աշխարհի թիվ 1 գերտերությունը, որը հսկայական լծակների է տիրապետում ամբողջ աշխարհում, իր արդարությունը կերտելու ավելի քաղաքակիրթ ու օրինական ճանապարհներ ուներ, քան ՄԱԿ-ի անդամ պետության բարձրաստիճան պաշտոնյային ցուցադրաբար ոչնչացնելը, այն էլ՝ երրորդ պետության տարածքում: Ի վերջո, եթե Սոլեյմանին ահաբեկիչ էր և հանցագործ, ու նրա ձեռքերը թաթախված էին ամերիկացիների արյան մեջ՝ ինչպես ամերիկյան իշխանություններն էին հայտարարում, և ամերիկյան հատուկ ծառայությունները, ինչպես պարզվեց, հետևում էին նրա տեղաշարժին և հստակ գիտեին նրա գտնվելու վայրը, ապա կարելի էր ձերբակալել նրան և կանգնեցնել միջազգային դատարանի առաջ՝ որպես «միջազգային ահաբեկչի»:

Իսկ Հայաստանը, ցավոք, չունի նման հնարավորություններ և նման լծակներ՝ սեփական հիմնախնդիրները իրավական ու քաղաքական ճանապարհով լուծելու համար: Չունի՝ դեռ շատ մեղմ է ասված։ Շատ հեռու է դրանից, ու այդ իմաստով գերտերությունների հետ համեմատության եզրեր պարզապես չկան։ Եթե ունենայինք՝ այս ամբողջ կռիվն էլ չէր լինի, Ղարաբաղի հարցն էլ վաղուց իր արդար լուծումը ստացած կլիներ կլիներ, Հայոց ցեղասպանությունն էլ ճանաչված կլիներ, Հայկական հարցն էլ լուծված կլիներ, և հայ ժողովրդի հանդեպ պատերազմական հանցագործություն իրականացրած բոլոր հանցագործները վաղուց ստացած կլինեին իրենց արժանի պատիժը: Իսկ հիմա, այսինքն՝ վերջին 30 տարիներին, մենք ստիպված ենք ինքներս պաշտպանել մեր անվտանգությունը, մեր իրավունքներն ու մեր արդարությունը։

Այս իմաստով գեներալ Սոլեյմանիի և գեներալ Հաշիմովի լիկվիդացման օպերացիաները էապես տարբերվում են իրարից: Առաջինը իրականացվել է լրիվ այլ պայմաններում և ռազմաքաղաքական այլ համատեքստում, այն էլ՝ երրորդ երկրի տարածքում: Ընդ որում՝ Թրամփի որոշմամբ իրականացված այդ քայլը կտրուկ սրեց ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ ողջ տարածաշրջանի անվտանգությունը դնելով վտանգի տակ: Իսկ երկրորդն իրականացվել է պատերազմական գոտում՝ ռազմական գործողությունների ժամանակ, ինչը լրիվ տեղավորվում է պատերազմական կանոնների շրջանակում: Մինչդեռ Սոլեյմանիի դեմ իրականացված գործողության մեջ գերակշռում է քաղաքական, ոչ թե ռազմական բաղադրիչը:

Ամերիկյան բանակի պես հմուտ ու պրոֆեսիոնալ

Բայց զուտ գործողության իրականացման մեթոդի և դրա ռազմաքաղաքական նշանակության առումով երկու օպերացիաները շատ համեմատելի են: Սոլեյմանիի դեմ նույնպես գործի են դրվել հարվածային անօդաչու սարքերը: Նա սպանվել է ս. թ. հունվարի 2-3-ի գիշերը՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում, ամերիկյան անօդաչու սարքերից կատարված հրթիռային հարվածներից։ Այս տեսանկյունից աշխարհի ուժեղագույն բանակի՝ ամերիկյան զինուժի հետ համեմատությունը միայն ու միայն պատիվ է բերում Հայաստանի պես, մեղմ ասած, համեստ հնարավորություններ, բայց մյուս կողմից՝ նաև մարտունակ Զինված ուժեր ու նվիրյալ զինվորներ ունեցող պետությանը:

«Թռչող գեներալը»

Ի դեպ, հայ օգտատերերից մեկը Ֆեյսբուքում տարածել էր մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար պատկերված է ադրբեջանցի գեներալ Հաշիմովի ոչնչացման պահը: Կադրում երևում է, որ կատարված հարվածից և ուժեղ պայթյունից հետո մարդկանց մարմիններ են թռչում օդ: Տեսանյութը հենց այդպես էլ մակագրված է՝ «Թռչող գեներալը» («Летающий генерал»): Մարդկայնորեն, իհարկե, շատ դաժան տեսարան է ու դաժան երևույթ… Բայց, ցավոք սրտի, պատերազմ է, պատերազմական իրավիճակ: Հիմնախնդրի քաղաքական լուծման գործընթացն էլ վաղուց մտել է փակուղի: Իսկ պատերազմում, ինչպես ասում են, ծաղիկներ չեն բաժանում…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում