News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միջազգային իրավունքի մասնագետ Պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, գրում է.

«2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) եւ Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ:

Հանրային քննարկման բանախոսներն էին՝ ՄԱԿ-ի ժողովրդավարական եւ արդար միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը եւ համադրող, Արդարության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի խորհրդի անդամ Կիրո Մանոյանը:

Պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասն իր իրավական փաստարկն սկսեց՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի եւ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին դաշնագրի մեջբերմամբ, որը սահմանում է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»:

Բացի այդ, միջազգային իրավունքի փորձագետ դե Զայասն ընդգծեց, որ համաձայն ՄԱԿ-ի երկու պայմանագրերի, «ինքնորոշման իրավունքի կրողներ են Դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, որոնց ոչ միայն արգելված է խոչընդոտել իրավունքի կիրառմանը, այլեւ պիտի ակտիվորեն «նպաստեն» դրա իրականացմանը.... Նրանք ոչ միայն պետք է հարգեն այդ իրավունքը, այլեւ իրականացնեն այն: Ավելին, ժամանակակից միջազգային իրավունքի մեջ ինքնորոշումը erga omnes [բոլորի նկատմամբ] պարտավորություն է, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության բազմաթիվ հոդվածներում ու Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր ասամբլեայի անթիվ բանաձեւերում: Ժողովուրդների լիազորությունը՝ օգտվելու մարդու իրավունքներից առանց խտրականության եւ իրականացնելու որոշակի աստիճանի ինքնիշխանություն, խիստ կարեւոր է ազգային եւ միջազգային կայունության համար: Այլապես, մեծ է հակամարտության հավանականությունը»:

Հատկանշական է, որ պրոֆ. դե Զայասը շեշտեց՝ «Չնայած ինքնորոշումը ի հայտ է եկել որպես jus cogens [պարտադիր օրենք] իրավունք, որը գերակա է միջազգային իրավունքի այլ սկզբունքների նկատմամբ, ներառյալ տարածքային ամբողջականությունը, սակայն այն ինքնստինքյան չի կիրառվում»: Պրոֆ. դե Զայասը «ինքնորոշման օրինական հավակնորդների» թվում նշեց քրդերին, սահարավիներին, պաղեստինցիներին, քաշմիրներին, Բիաֆրայի իգբոներին եւ Շրի Լանկայի թամիլներին: Նա որպես օրինակ նշեց նաեւ «Լուգանսկի եւ Դոնեցկի ռուս-ուկրաինական կազմավորումները, Պրեդնեստրովիան (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Արցախի Հանրապետությունը, Աբխազիան եւ Հարավային Օսիան... ժողովուրդներ, որոնք ինքնորոշման են հասել իրական անջատման միջոցով պետական միավորներից, որոնց հետ մինչ այդ կապված էին, սակայն նրանց միջազգային կարգավիճակը մնում է անորոշ՝ մեծ տերությունների միջեւ քաղաքական վեճերի եւ հետեւաբար միջազգային ճանաչման բացակայության պատճառով»:

Պրոֆեսոր դե Զայասը հավելեց, որ ինքնորոշման ձգտող ժողովուրդները «մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի լիակատար պաշտպանության իրավունք ունեն: Փակուղուց կարելի է դուրս գալ միայն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ ինքնորոշման դեմ զինված ուժի կիրառումը կարող է խախտել բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում `ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների դաշնագրերը եւ Ժնեւի Կարմիր խաչի համաձայնագրերը»:

Դե Զայասը պնդում է, որ «եթե անջատման անհետաձգելի պահանջ կա, ամենակարեւորը՝ պետք է խուսափել ուժի կիրառումից, որը կվտանգի տեղական, տարածաշրջանային եւ միջազգային կայունությունը, եւ ավելի կվատթարացնի մարդու այլ իրավունքներից օգտվելու իրավունքը»: Բացի դրանից, «ինքնորոշման իրականացումը չի վերաբերում միայն շահագրգիռ պետության ներքին իրավասության շրջանակներին, այլ հանդիսանում է միջազգային հանրության օրինական մտահոգություն»:

Պրոֆեսոր դե Զայասը բացատրեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է միայն արտաքին հարձակման դեպքում. «Սկզբունքը նախատեսված չէ ներքին կիրառման համար, քանի որ դա ինքնաբերաբար կվերացնի ինքնորոշման jus cogens [պարտադիր օրենք] իրավունքը։ Ինքնորոշման իրավունքի ամեն մի փորձ, որը հանգեցնում է անջատման, առաջացնում է նախորդ պետական միավորի տարածքային ամբողջականության փոփոխություն: Բազմաթիվ նման նախադեպեր կան»:

Պրոֆ. Զայասի կարծիքով, չպետք է խտրականություն լինի ինքնորոշման ձգտող ժողովուրդների միջեւ. «Նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը եւ նախկին Հարավսլավիայի ժողովուրդների անջատումը կարեւոր նախադեպեր են ստեղծում ինքնորոշման իրագործման համար: Այս նախադեպերը չեն կարող անտեսվել ժամանակակից ինքնորոշման ծագող վեճերի դեպքում: Հնարավոր չէ «այո» ասել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի ինքնորոշմանը, այնուհետեւ «ոչ» ասել Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների ինքնորոշմանը: Այս բոլոր ժողովուրդները ունեն մարդու միեւնույն իրավունքները եւ չպետք է խտրականության ենթարկվեն: Ինչպես հաջող հավակնորդների դեպքում, այս ժողովուրդները եւս միակողմանիորեն անկախություն են հռչակել: Ընդհանրապես որեւէ արդարացում չկա նրանց մերժելու՝  ընտրողաբար կիրառելով ինքնորոշման իրավունքը եւ մակերեսային զանազանումներ անելով, որոնք անօրինական են կամ անարդար»։

Նրանց համար, որոնք զուգադրում են տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնորոշման սկզբունքի հետ, պրոֆ. դե Զայասը հակադարձեց. «Տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնավոր արդարացում չէ ներքին հակամարտությունների հավերժացման համար, որը կարող է խորանալ եւ վերաճել քաղաքացիական պատերազմի, դրանով իսկ սպառնալով տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Վերջում, պրոֆ. դե Զայասը առաջարկեց, որ «21-րդ դարում կայուն ներքին եւ արտաքին խաղաղության ապահովման համար միջազգային հանրությունը պետք է արձագանքի վաղ ահազանգման նշաններին եւ ստեղծի հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ: Ժողովուրդների միջեւ երկխոսությանն աջակցությունը եւ ժամանակին հանրաքվեի կազմակերպումը՝ ազգային եւ միջազգային հարաբերությունների խաղաղ զարգացման միջոցներն են։ Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը պետք է պարտադիր լինի, ոչ թե բացառություն։ Եզրափակելով, թույլ տվեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հռչակել որպես ժողովրդավարության արտահայտություն, քանի որ իսկապես՝ ժողովրդավարությունը ինքնորոշման ձեւ է»։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ