14:42  ,  22 դեկտեմբերի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ՝ 2018-ը բեկումնային է լինելու հայկական ֆուտբոլի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 7-րդ տարին անընդմեջ եւ 8-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով՝ ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը գրավել էր մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եզրափակել էր լավագույն եռյակը:

Այս տարի ՀՖՖ-ն չի անցկացնում «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի քվեարկությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում