«Տիկին Զոհրաբյանին այդ պաշտոնում ընտրել է ԱԺ-ն, և ձայների մեծամասնությունը տվել է իրենց խմբակցությունը». Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Ապրիլի 5-ին խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, հրավիրել էր հանրային լսումներ՝ դատաիրավական բարեփոխումների, երեխաների խնդիրները մանկատներում և այլ հաստատություններում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ։

Լսումների ընթացքում ԱԺ ամբիոնից ելույթ էր ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով տրանսգենդերների իրավունքների պաշտպանությունից, ինչը չէր առնչվում քննարկման օրակարգին, ուստի Նաիրա Զոհրաբյանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, նրա ելույթից հետո հայտարարեց, որ չի կարելի խախտել լսումների օրակարգը։

Տրանսգենդերի ելույթը բազմաթիվ քննարկումների ու բողոքների տեղիք տվեց, հարցին այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա քաղաքական  պրովոկացիա է, որի թիրախում «Իմ քայլը» խմբակցությունն է:

Նա մասնավորապես հայտարարել է.

Կարդացեք նաև

««Բարգավաճ Հայաստանն» ինչի՞ց ա բողոքում: Որ իրանց ներկայացուցիչը ստորագրել ա փաստաթուղթ… ես Պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ: Այդ փաստաթղթերի պատճեններն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը, և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են: Հիմա էն մյուս մարդիկ, որ բողոքում են, հիմա եկեք այս… ամեն ինչն արձանագրեցինք, չէ՞, Հանրապետականի և «Բարգավաճի»…

Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ, և եթե այսքանից հետո՝ այդ ամեն ինչի տեղի ունեցածից հետո, բայց կա նաև հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ: Էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, լսում էր. Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի: Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀԿ-ի օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները… եկեք սկսենք այս եզրույթից»:

Նա նաև ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է մտածի՝ իր ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահ է և ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշերին:

168.am-ը վարչապետի այս հայտարարության շուրջ զրուցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։

– Պարոն Պետրոսյան, ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի հետ կապված՝ վարչապետն ասել է, որ այն քաղաքական պրովոկացիա է, որի թիրախում «Իմ քայլն» է։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

– Ես հստակ հայտարարում եմ, որ մենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից որևէ մեկի հետ անձնական խնդիրներ չունենք, բոլորի հետ մենք գործընկերներ ենք։ «Իմ քայլը» խմբակցության հետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի հուշագիր և այս երկու կուսակցությունների միջև որևէ փոխհրաձգություն հրահրելու փորձեր պետք չէ, որ որևէ մեկը նախաձեռնի։

Իրականում մեր խնդիրը պարզապես եղել է ազգային արժեհամակարգը խոցելուն ուղղված քայլերի կանխումը, այդ երևույթի դեմ մեր պայքարի նպատակը։ Ուրիշ մարդկանց դեմ մենք անձնական ոչինչ չունենք, բոլորի հանդեպ մենք հարգանքով ենք և նրանց համարում ենք մեր աշխատանքային ընկերները։

– Վարչապետը նաև խոսեց Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման համապատասխանության մասին՝ նշելով, թե արդյո՞ք նա համապատասխանում է Մարդու իրավունքների պաշտպանության  հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշերին։ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնի հարցը վերանայելու հարց կա՞։

– Տիկին Զոհրաբյանին այդ պաշտոնում ընտրել է Ազգային ժողովը, և ձայների մեծամասնությունը տվել է իրենց խմբակցությունը։ Եթե այդքանից հետո որևէ մեկը կարող է որևէ նորմատիվ ակտ վկայակոչել, որը Նաիրա Զոհրաբյանի կողմից խախտվել է, այդ ժամանակ միայն օրինաչափ կլինի նման կարծիք հայտնելը։ Տիկին Զոհրաբյանն իր գործառույթներն իրականացրել է ՀՀ կանոնադրական օրենքի շրջանակներում, և այդ պատճառով էլ որևէ հիմք չկա նրա կարգավիճակը վերանայելու համար։

– Պարոն Պետրոսյան, վարչապետը նաև հարց էր տվել, թե  ՀՀԿ-ի օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ, նման հարցադրում էր արել նաև «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր։ Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ ոչ։

– Ովքեր հարց են բարձրացնում Լիլիթ Մարտիրոսյանի մարդ լինել-չլինելու վերաբերյալ, այդ մարդիկ են ավելի շատ վիրավորում նրան, իհարկե, սա վիրավորական է։ Իհարկե, նա մարդ է, նրա մարդ լինելը որևէ մեկը չի վիճարկում, սակայն սա չի նշանակում, որ նա իրավունք ունի այլ օրակարգի անվան տակ մտնել խորհրդարան և խոսել բոլորովին այլ օրակարգից, ասել, որ իրենք պարտմություն են կերտում։

Այդ ի՞նչ պատմություն են կերտում, ես ուզում եմ հասկանալ։ Բոլորն էլ շատ լավ տեսան, որ Նաիրա Զոհրաբյանը համբերատար սպասեց և որպես նախագահող՝ թույլ տվեց, որ նա ավարտի իր խոսքը, որից հետո միայն արտահայտեց իր վերաբերմունքը, դրանից հետո իր կարծիքը հայտնեց, որ ելույթ ունեցողի խոսքը որևէ առնչություն չուներ օրակարգի հետ։ Անկախ այն հանգամանքից, որ նրանց տեսակն ինձ համար ծայրահեղ անընդունելի է, այդուհանդերձ ես իրավունք չունեմ նրան մարդ չհամարել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս