News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 

Հայաստանի «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը» 2017 թվականին աջակցել է ավելի քան 4700 ՓՄՁ-ի: Դեկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը: Միջոցառման ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը եւ ոլորտային պատասխանատուները հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին եւ մյուս հոգաբարձուներին ներկայացրեցին հաշվետվությունը եւ հիմնական արդյունքները՝ ըստ աջակցության ուղղությունների:

2017 թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական արդյունքներն են՝

81 սկսնակ եւ գործող ՓՄՁ-ների տրամադրվել է շուրջ կես միլիարդ դրամի վարկային երաշխավորություն, որոնցից 9-ին՝ ՀՀ վարչապետին ներկայացված ներդրումային ծրագրերի շրջանակներում:

Աջակցության արդյունքում 81 ՓՄՁ ներգրավել է շուրջ 1.1 մլրդ դրամի սեփական ներդրում: Հիմնվել եւ ընդլայնվել են բազմաթիվ հյուրատներ, ջերմոցային տնտեսություններ, չրերի արտադրություններ, կաթի վերամշակման արտադրամասեր, եւ այլն: Իսկ բոլորովին վերջերս Վայոց Ձորի Գոմք համայնքում, բացվել է ձիարշավարան, որը հանդիսանում է նաեւ զբոսաշրջային կենտրոն: 

Ըստ հաստատված գործարար ծրագրերի, նախատեսվում է ստեղծել շուրջ 330 նոր աշխատատեղ, որոնցից մոտ 50%-ն արդեն ստեղծվել է:

11 շահառու ստացել են դրամաշնորհներ՝ սարքավորումների տեսքով:

Ուսուցողական աջակցություն է ստացել 710 սկսնակ գործարար եւ ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչ: Այդ թվում՝ 464 սկսնակ ձեռնարկատեր մասնակցել է Հայաստանի 10 մարզերում իրականացված, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» 31 ծրագրի եւ ստացել իրատեսական գործարար ծրագիր կազմելու համար անհրաժեշտ գիտելիք: 264 շահառուների տրամադրվել է տեխնոլոգիական աջակցություն՝ չրագործության, պանրագործության, մշակաբույսերի պատվաստման, սննդի անվտանգության եւ հիգիենայի, ջերմոցների կառուցման, շահագործման եւ այլ ոլորտներում:

Շուրջ 4700 սկսնակ եւ գործող ՓՄՁ-ների տրամադրվել է տեղեկատվական եւ խորհրդատվական աջակցություն ավելի քան 10000 անգամ:

Միջազգային համագործակցություն

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ ՓՄՁ ԶԱԿ-ի գլխավորած կոնսորցիումի կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում իրականացվել է 11 ենթակառուցվածքային ծրագիր, որոնցից կօգտվեն 26 համայնքների բնակիչներ:

Արմավիրի մարզի Սարդարապատ եւ Արեւաշատ համայնքներում շահագործման են հանձնվել վերակառուցված ոռոգման ջրատարի կարեւոր ճյուղերը:  Արեւաշատ համայնքում ֆերմերները վերանորոգված ջրագծի շնորհիվ կրկին հնարավորություն կունենան մշակելու սեփական հողերը, ինչը մինչեւ այդ չէին կարողանում անել ոռոգման բացակայության պատճառով: Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում կառուցվել է գործող ջրագծից դուրս եկող նոր ճյուղ, որը ծառայելու է համայնքի 110 ընտանիքի ավելի քան 60 հեկտար այգիները ջրելու համար:  Ջրագծի շնորհիվ այդ տարածքներում հիմնվելու է մոտ 20 հեկտար ծիրանի նոր այգի:

Շիրակի մարզի Փանիկ եւ Մեղրաշեն համայնքներում շահագործման են հանձնվել արոտավայրերի ջրարբիացման համակարգեր՝ ընտանի կենդանիների համար նախատեսված խմոցներով: Ակնկալվում է, որ նոր խմոցների շնորհիվ կենդանիների կաթնատվությունը կբարձրանա 20%-ով, ինչը կավելացնի բնակիչների եկամուտները: Ծրագրի շրջանակում ստեղծվել է գյուղատնտեսական սպասարկման մեկ գրասենյակ: Բերդ համայնքին տրամադրվել է հացահատիկահավաք կոմբայն:

Ծրագրի ջանքերով Ենոքավան համայնքում բացվել է զբոսաշրջային կենտրոն եւ  ստեղծվել է համայնքի զարգացման ռազմավարությունը:

Իրականացվել են բրենդավորման եւ շուկայում առաջ մղման մի քանի միջոցառումներ:

Բնապահպանական ծրագրեր են իրականացվել Զորական, Բերդավան եւ Բագրատաշեն համայնքներում:

ԵՄ հետ համատեղ եւ պետական համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում տեղական ինքակառավարման մարմինների եւ փոքր ու միջին բիզնեսին աջակցող կառույցների 60 ներկայացուցիչ մասնակցել է կարողությունների զարգացման դասընթացներին:

Կազմակերպվել են աշխատանքի տոնավաճառներ Վանաձորում եւ Արմավիրում:

Հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում եւ տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» ծրագրի շրջանակում 20 ՓՄՁ-ների ներկայացուցիչներ մասնակցել են վերապատրաստման դասընթացների Ճապոնիայում եւ Թաիլանդում:

 «Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան» ծրագիրը մշակել եւ ցանցում տեղադրել է 60 տեղական ՓՄՁ-ների համագործակցության նկարագրերը: 91 ձեռնարկություն արտերկրում մասնակցել է գործարար համագործակցության հաստատման 14  միջոցառման եւ հաստատել 16 համաձայնագիր:

«Էրասմուս երիտասարդ ձեռներեցների համար» ծրագրի շրջանակում 2017-ին 2 հայ սկսնակ ձեռներեց մեկնել է փորձի փոխանակման Իտալիայի Պիզա եւ Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքներ, հաստատվել են եւս 7-ի փորձի փոխանակման ծրագրերը:

Մարտի 9-10-ը «British-Armenian B2B Networking Event» միջոցառման շրջանակում հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական դեմ առ դեմ հանդիպումներին:

Սպանդանոցային կարողությունների զարգացման պետական ծրագրի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ՍԱՊԾ հետ կնքած համաձայնության հիման վրա իրականացրել է փոքր սպանդանոցներ հիմնել ցանկացող սկսնակների դասընթացներ: 19 մասնակիցներից 10-ը Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում հիմնելու է փոքր սպանդանոց:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համագործակցության հուշագրեր եւ համաձայնագրեր է ստորագրել  ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Թի-Էս-Դի» ընկերության, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության, Ռուսաստանի նորարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ այլ գործընկերների հետ:

**

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը «ԱրմՊրոդԷքսպո» ցուցահանդեսի ընթացքում  Ճապոնիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ներկայացրել է սննդի 15 տեղական արտադրողի: ՓՄՁ ԶԱԿ-ի տաղավարում ցուցադրվող ապրանքատեսականուն, արտադրական, իրացման եւ արտահանման ծավալներին, ինչպես նաեւ գործարարների զարգացման ծրագրերին ծանոթացել եւ նրանց հետ զրուցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Կարեն Կարապետյանը:

**

ՓՄՁ ԶԱԿ-ը մասնակցել է նաեւ «Պանարմենիան էքսպո» ցուցահանդեսին: Կենտրոնի տաղավարում ներկայացվել է USAID/PRP ծրագրի շրջանակում սկիզբ առած «3 սերունդ» նախաձեռնության անդամ 5 եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառու մեկ գործարար:

**

ՓՄՁ ԶԱԿ-ը նաեւ աջակցել է «Շինարարություն եւ ինտերիեր» 2017 միջազգային ցուցահանդեսի անցկացմանը: 10-րդ հոբելյանական ցուցահանդեսին մասնակցել է մոտ 120 ընկերություն՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Իրանից:

**

Ամռան վերջին Սեւանա լիճը հյուրընկալել էր 23 երկրից ժամանած՝ «Սեւան ստարտափ սամիթ» 2017-ի ավելի քան 2000 մասնակիցներին: Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն մշակել իրենց բիզնես գաղափարները, այլեւ նոր կապեր հաստատել հետագա հավանական ներդրողների եւ մյուս մասնակիցների հետ:

Բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդների հետ վարպետության դասընթացներ, դասախոսություններ, խոսքի եւ ներկայանալու վարպետության ժամեր եւ այլ հետաքրքիր հանդիպումներ են անցկացրել հայաստանցի եւ արտասահմանցի առաջատար մասնագետները: Սամիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել  է 50,000 դոլարը: Արդեն սկսվել է «Սեւան ստարտափ սամիթ» 2018-ի նախապատրաստական աշխատանքը, իսկ գալիք տարում այն անցկացվելու է նաեւ Միացյալ Արաբական Էմիրություններում եւ Հնդկաստանում: «Սեւան ստարտափ սամիթի» համակազմակերպիչն են Ստարտափ Արմենիա հիմնադրամը եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: 2017 թ. Միջոցառման կազմակերպմանն աջակցել են նաեւ «Գլոբալ էյ-էմ» ՀԿ-ն եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

**

Տարվա ամենագեղեցիկ միջոցառման ընթացքում 6 անվանակարգում 34 կին գործարար պարգեւատրվել է Հայաստանի վարչապետի «Լավագույն կին գործարար» 2017 թ. մրցանակաբաշխության ընթացքում: Արդեն 6-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության նպատակներն են Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռներեցության եւ նախաձեռնողականության խրախուսումը, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը եւ սատարումը:  Միջոցառման ընթացքում Արցախցի 2 կին գործարարի խրախուսական մրցանակներ է հանձնել ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը, մոտ 80 մրցանակներ են հանձնել նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային եւ տեղական կազմակերպությունները:

**

ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում Ստեփանակերտում   ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության հիմնական գործիքները: Արտակ Միրզոյանը պատմել է Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունների մասին: Արցախ այցի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակազմը մայիսյան տոներին ընդառաջ արքայանարնջի այգի է հիմնել Ասկերանի շրջանում, այցելել Արցախի պատմամշակութային հուշարձանները:

**

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն առաջինը Հայաստանում ստացավ Որակի կառավարման եվրոպական հիմնադրամի EFQM հավաստագիր: Դեպի կատարելություն ճանապարհորդությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սկսել էր այս տարվա փետրվարից: Նախաձեռնությունն իրականացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցության եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

 

2018 թ. ին նույնպես Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կշարունակի իրականացնել արդեն գործող եւ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հաստատված  նոր ծրագրերը` նպաստելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, կայացմանը եւ միջազգայնացմանը:

Տպել
Ամենաշատ