Երևան-Բաթումի գնացքի 50.000-րդ ուղևորն անվճար ուղևորության սերտիֆիկատ է ստացել

Երևան-Բաթումի գնացքի 50.000-րդ ուղևորն անվճար ուղևորության սերտիֆիկատ է ստացել

PanARMENIAN.Net - Երևանի երկաթուղային կայարանում սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան դիմավորել են Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի հիսուն հազարերորդ ուղևորին: Հարավկովկասյան երկաթուղու «հոբելյանական» ուղևորն էր Գայանե Հովհաննիսյանը, որը Հայաստանի մայրաքաղաք էր վերադարձել Վրաստանում անցկացրած ամառային հանգստից հետո:

Նրան ողջունել է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, որը ուղևորին հուշանվերներ և 2018-ին Երևան-Բաթումի-Երևան գնացքով անվճար ուղևորության սերտիֆիկատ է հանձնել:

«Արմենիա» ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի հունիսից-սեպտեմբեր: 2012 թվականից այն կրում է «ֆիրմային» կարգը, որը շնորհում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը:

2017-ին ուղևորահոսքը Երևան-Բաթումի-Երևան երթուղում արդեն գերազանցել է 50.000-ը՝ 14,2% ավելանալով անցած տարվա հետ համեմատ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն աշխատում է ուղևորներին մատուցվող ծառայությունների որակի և հարմարավետության կատարելագործման ուղղություններով: Այս տարվա ամառային ուղևորափոխադրումների շրջանում չեն գրանցվել գնացքի ուշացման դեպքեր, գրանցվել էր օդափոխության համակարգի խափանման միայն մեկ դեպք:

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացման շնորհիվ 2009 թվականից գնացքի երթևեկության տևողությունը կրճատվել է 6 ժամով՝ 21,5 ժամից հասնելով 15 ժ 40 ր:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---