Փաշինյան․ Երկրաշարժն ապացուցեց՝ Թեղուտի պատվարը փլուզման եզրին չէ

Փաշինյան․ Երկրաշարժն ապացուցեց՝ Թեղուտի պատվարը փլուզման եզրին չէ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թեղուտի պոչամբարի պատվարի փլուզման վտանգի մասին հայտարարություններին։

«Վալլեքս» ընկերությունը, որը հանքի շահագործողն էր, սակայն վարկային պարտավորությունների դիմաց այն հանփնել է ՎՏԲ բանկին, հայտարարել էր, որ առանց պո­չամ­բարի պատվարի կայունու­թյան մակար­դակի բարձրա­ցման և սեյսմիկ ու ստա­տիկ անվտանգության ապա­հով­ման Թե­ղու­տի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնա­փլուզ­ման իրական վտանգ։

«Եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետև հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել: Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչև վերջ գնալ ճշմարտության հետեւից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետեւ չէր լինի նրա համար պատասխանատու որեւէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով», - գրել է Փաշինյանը:

«Մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. Տեսչական մարմինները գնացին և մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա և նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը: Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացննել պոչամբարի պատվարի փորձաքննություն եւ ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը: Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը», - շեշտել է վարչապետը:

«Իսկ նրանք, ովքեր պնդում էին, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որևէ պատասխանատվություն կրելու՞ են: Իհարկե՝ ոչ: Որովհետև նրանք ամեն ինչ կարող են պնդել: Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որեւէ պատասխանատվություն կրելու՞ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի և տնտեսական ցուցանիշների համար», - եզրափակել է վարչապետը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---