ՎԶԵԲ-ը $25 մլն է հատկացրել Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու համար

ՎԶԵԲ-ը $25 մլն է հատկացրել Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու համար

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցություն է տրամադրում Հայաստանում Ամերիաբանկին 25 միլիոն դոլար գումարի չափով՝ հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով:

Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակում Ամերիաբանկը կստանա 10 մլն դոլար «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տեղական արժույթով վարկեր տրամադրելու նպատակով։ Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի աջակցությամբ, և խորհրդատվական ծառայությունները բիզնեսի համար՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։ Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են Եվրոպական միության (ԵՄ) և Շվեդիայի կառավարության կողմից:

Լրացուցիչ 10 միլիոն դոլար կտրամադրվի տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն աջակցելու նպատակով։

Ամերիաբանկը նաև կստանա 5 միլիոն դոլար ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ներդրումների համար:

ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում և արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները և գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը կհատկացվի «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորման համար՝ համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ և տեխնիկական խորհրդատվություն՝ երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում։

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է և առաջին տեղն է զբաղեցնում իր ակտիվներով, վարկային պորտֆելով, ինչպես նաև հաճախորդների հաշիվներով ու ավանդներով: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու և Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն ապագա զարգացնելու իր հանձնառությանը: 2015թ.-ից ՎԶԵԲ-ը հանդիսանում է Ամերիաբանկի բաժնետեր և ունի 17,8 տոկոս բաժնեմաս։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---