Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը Մաքենիսում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Մաքենիսում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Մաքենիս համայնք՝ դիտարկելու արդեն ավարտի հասցված սուբվենցիոն ծրագրերը: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի Մաքենիսում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց եւ հանդիսությունների սրահ: Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հուլիսի 23-ից եւ ավարտվել մեկ շաբաթվա ընթացքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 10 միլիոն 730 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Արտաքին լուսավորության ցանցը կառուցվել է 2300 մետր երկարությամբ եւ 86 լուսատուներով՝ գյուղի բոլոր փողոցներում:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով Մաքենիսի մանկապարտեզի նախկին շենքի երկրորդ հարկի տարածքում կառուցվել է հանդիսությունների սրահ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 5 միլիոն 700 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մաքենիսի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հոկտեմբերից եւ ավարտվել նոյեմբերի 20-ին: «Մաքենիսն իր ողջ պատմության ընթացքում, նույնիսկ մեկ թաղամասում, գիշերային լուսավորություն չէր ունեցել: Շատ կարեւոր էր նաեւ հանդիսությունների սրահի կառուցումը, որն իր նպատակին կծառայի մինչեւ տարեվերջ կամ եկող տարվա սկզբներից: Մեր համայնքն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ կառավարությանն ու Գեղարքունիքի մարզպետարանին՝ նման կարեւոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Մարդիկ արդեն զգում են դրական փոփոխությունները եւ ավելին են ակնկալում եկող տարվա ընթացքում»,-նշեց Մաքենիսի համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը:
Մարզպետն այցելեց նաեւ Մաքենիսի միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացավ շենքային պայմաններին, զրուցեց մանկավարժների հետ:
Մաքենիսի վանական համալիր կատարած այցից հետո Գնել Սանոսյանը հորդորեց շրջակա տնտեսությունների բնակիչներին՝ վանքի տարածքը չաղտոտել: «Եկող տարվա գարնանից ասֆալտապատվելու է Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը, որին զուգահեռ մենք մտածում ենք Մաքենիսը տուրիստական նշանավոր վայր հռչակելու, զբոսաշրջային նոր ծրագրեր կյանքի կոչելու համար: Իսկ ձեզանից առաջին հերթին պահանջվում է՝ վանքի շրջակայքում մշտապես պահպանել մաքրություն, ինչը վանական համալիրի գրավչության ապահովման առաջին նախապայմանն է»,-նշեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]