Ադրբեջանը փորձում է համատեղել պատերազմն ու բանակցությունները. Արմեն Ռուստամյան
Ակնհայտ է, այն, ինչ խոսվել է Ժնևյան հանդիպման ժամանակ, Ադրբեջանի սրտով չէ: Քանի որ այդ երկիրը կարծում է՝ իր կողմից ոչ մի զիջում չանելով՝ հարցը պետք է կարգավորվի, բնականաբար ամեն անգամ հանդիպումների ժամանակ բախվում է պատին և նորից վերադառնում իր ելակետին՝ հարցը լուծել պատերազմի և շանտաժի լեզվով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Շատ հստակ է՝ կամ բանակցում ենք կամ պատերազմում: Ադրբեջանը փորձում է այդ երկուսը համատեղել, ինչն անհնար է: Բնական է, որ մենք երկու դաշտում էլ պետք է աշխատենք, երկուսին էլ պետք է պատրաստ լինենք: Դա հնարավոր է, մինչև հիմա հենց դա ենք անում: Ժնևյան հանդիպման ժամանակ Ալիևի պահվածքը բոլորովին այլ է եղել: Փորձը ցույց է տալիս, որ հանդիպումների ընթացքում Ադրբեջանը բոլորովին այլ պահված է դրսևորում, հանդիպումներն ավարտվում են, վերադառնում է իր ելման կետին»,- նշեց դաշնակցական պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ հակառակ Ադրբեջանի պահվածքին՝ Հայաստանը չպետք է խուսափի հանդիպումներից, քանի որ դրանց այլընտրանքը լայնածավալ պատերազմն է:
«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին, որովհետև քանի դեռ պատրաստ չենք, հանդիպումներն էլ, բանակցություններն էլ անիմաստ են: Հիմքում ընկած է մեր պատրաստ լինելը: Հարցերը կամ պատերազմներով են լուծվում կամ բանակցություններով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին պետք է եզրակացության գան, որ պետք է ապահովել խաղաղ բանակցություններ: Իսկ առայժմ ոչ միայն խաղաղ բանակցություններ չեն ապահովել, այլև՝ բանակցություններ ընդհանրապես:
Հանդիպումները բանակցությունների հետ նույնացնել չի կարելի: Բանակցություններ են այն ժամանակ, երբ հակամարտող բոլոր կողմերը ներկա են բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ Արցախը այդ սեղանի շուրջ վաղուց ներկայացված չէ: ԵԱՀԿ-ն պետք է հստակ ասի, որ Ադրբեջանի այս պահվածքն աննորմալ է»,- նշեց Արմեն Ռուստամյանը: