Կարծում եմ՝ Վերաքննիչ դատարանը բավարարելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դրական ակնկալիքներ ունի Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ին կայացնելիք որոշումից: Լրագրողների հետ զրույցում Օրբելյանը նշեց, որ քննությունը հարթ է ընթացել` և՛ պաշտպանական կողմը, և՛ վարույթ իրականացնող մարմինը կարողացել են ներկայացնել իրենց դիրքորոշումը:

«Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս ելույթ ունեցավ: Բավականին տպավորիչ ելույթ էր: Ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը»,- ասաց Օրբելյանը:

Պաշտպանը կարծում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իրենց բողոքը և վերացնելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը, հակառակ դեպքում, իրենք պատրաստ են բողոքարկելու ավելի բարձր ատյանում, ինչպես նաև դիտարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:

«Քննիչը պետք է ապացուցի, որ կան հիմքեր, որոնք հավաստում են, որ պարոն Քոչարյանը չի ցուցաբերի պատշաճ վարքագիծ: Մեր գնահատմամբ՝ այդ փաստաթղթերից որևէ մեկը չի ապացուցում դա, և ենթադրել, որ նա եղել է նախագահ և ունի ազդեցություն գործի քննության վրա, բավարար չի , որպեսզի անձի ոչ պատշաճ վարքագիծը ենթադրվի»,- նշեց Օրբելյանը:

Փաստաբանը գտնում է, որ պետք է փաստական հանգամանքներ լինեն, և անթույլատրելի է համարում վերացական ենթադրությունների հիման վրա ենթադրություններ անելը:

Հարցին` թե արդյոք հանրության համար նոր հայտարարություններ արել է երկրորդ նախագահը գործի քննության ընթացում, Օրբելյանը պատասխանեց. «Սենսացիոն հայտարարություններ որպես այդպիսին չեն եղել: Ուղղակի, մեղադրանքի մասով տրված են պարզաբանումներ , որոնք լույս են սփռում որոշակի գործընթացների վրա»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել իր անմեղությունը:

Պաշտպանները պլանավորում են նաև որոշակի փուլում դիմել վարույթ իրականացնող մարմնին՝ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ նաև երկրորդ նախագահի ելույթի հատվածներ կամ ամբողջական ելույթները հրապարակելու հնարավորություն տալու համար:

Տեսանյութեր

Լրահոս