Օրենքով ապրելը պիտի կա'մ ձեռնտու լինի մարդուն, կա'մ` առնվազն վնասակար չլինի. Սարգիս Հովսեփյան

03/07/2019 schedule16:05

Լուսանկարը` Դիրք Սկիբայի

Հեշտ է ձևակերպել ողբերգությունն ու դժբախտությունը, որ պերմանենտ զգացողություններ են: Իսկ երջանկության մասին մտածելն անգամ մարտահրավեր է: Եթե երջանկություն կա, ապա չի կարող երկար լինել: Երջանկության փնտրտուքն իրականում մխիթարություն գտնելու հույսն է և ապրելու արդարացումը, որը, իրականում, վատ բան չէ, որովհետև չգիտեմ` ուրիշ ո՞նց ապրես: Մենք կարող ենք այդ արդարացումներն ու մխիթարությունները գտնել մեր երեխաների մեջ, մեր ծնողների մեջ, մեր մասնագիտության ու գործի մեջ: Եթե երջանկությունն ու դժբախտությունը դիտարկենք որպես վալյուտա, ապա դժբախտությունը կայուն ու հավերժական է, իսկ երջանկությունն էսօր կա, վաղը` չկա: 

Գրող Սարգիս Հովսեփյան.

Անձնական երջանկություն.

Հայրս Արրցախյան պատերազմի մասնակից էր: Մենք Երրորդ մասում էինք ապրում` կարմիր, կլոր շենքերում, որոնց բակերում ջրավազան կար, որտեղ լցված ջուրը նախատեսված էր հրդեհները մարելու համար, բայց մենք օգտագործում էինք որպես լողավազան: Իմ մանկության ամառներն անցնում էին այդ լողավազանում: Եվ ես հիշում եմ, համենայն դեպս, իմ հուշերում այդպես է տպավորվել, որ ես լողավազանում էի լինում, երբ տեսնում էի, որ հայրս պատերազմից տուն է եկել: Ու ես լողավազանից դուրս էի գալիս և վազում նրան ընդառաջ: Հայրս զգացմունքային մարդ չէր, հատկապես տղա երեխաների հանդեպ. քրոջս ցույց էր տալիս իր զգացմունքները, ինձ` առանձնապես ոչ: Բայց այդ ժամանակ ինձ գրկում էր: Հիշում եմ` այդ պահին երջանիկ էի:

Բանակից պիտի զորացրվեի և ամեն ինչ անում էի, որ մամաս չիմանա գալուս կոնկրետ օրը: Չէի ուզում ամեն օր սպասեին, որովհետև վստահ չէի, թե ճիշտ նույն օրը կզորացրվեի: Հիշում եմ` տուն եկա գիշերվա երեքին, դուռը ծեծեցի, մամաս անմիջապես դուռը բացեց, կարծես դռան հետևում կանգնած` սպասում էր: Հարցրի` «Ամեն օ՞ր էր էսպես»: Ասաց` «Չէ, ուղղակի գիշերը արթնացել էի ու չէի կարողանում քնել»: Ես երջանիկ էի, որ չնայած թաքցրել էի գալուս օրը, բայց ինձ տանը սպասում էին: Ընդհանրապես, սիրո պակաս չեմ զգացել, բայց միշտ երջանկացել եմ, երբ զգացել եմ, որ ինձ սպասում են, որ ես պետք եմ ինչ-որ մեկին:

Մասնագիտական երջանկություն.

Եթե կարողանամ իմ ուզած վեպը գրել, երջանիկ կլինեմ: Ինձ գրելու պրոցեսն է երջանկացնում: Ամենաերկար երջանկությունն ապրել եմ գրելիս: Դա չի նշանակում, թե ես` ժպիտը դեպքիս, գրում եմ: Հակառակը: Շատ տառապում եմ: Մազոխիզմի պես բան կա էդ երջանկության մեջ` ես երջանիկ եմ, որ տառապում եմ, որովհետև գրելու պրոցեսի մեջ եմ: Պրոցեսն է ինձ մոտիվացնում, կյանք տալիս և ոչ արդյունքը: Երբ իմ գործերը հրատարակվում են, դրանք կարծես այլևս իմը չլինեն: Օտարանում եմ նրանցից: Միշտ մի օրինակ եմ բերում, որ ընկերներս ծիծաղում են. գործը հրատարակելուց հետո այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես աղջկաս ամուսնացրի:

Հանրային երջանկություն.

Չնայած անհատի երջանկությանն առանձնապես չեմ հավատում, բայց 2018-ին հանրային ոգևորությունն ինքս էլ զգացել եմ: Մարդը երջանիկ լինելու թուլություն ունի: Կախվածություն ունենք երջանկությունից: Առանց երջանկության անհնար է: Որքան էլ ոգևորությունից հետո նստում սառը դատում ենք, թե` հնարավոր բան չէ, ժամանակավոր բան է և այլն, միևնույն է, ես հույս ունեմ, որ հեղափոխության բերած մասսայական զգացողությունները դեռ երկար ժամանակ կապրեցնի մեր ժողովրդին: Ով զգացել է 2018-ի հանրային երջանկությունը, էլի ուզելու է վերապրել այդ զգացողությունը: Եվ այս հանգամանքը պետք է զգոն պահի իշխանություններին: Կարելի է ասել` ես հավատում եմ հանրային երջանկության զգացողությունից կախվածությանը:

1988-ին ես դպրոցական էի և հիշում եմ, որ դասից փախչում էինք, պայուսակները թողնում էինք թերթի կրպակում և գալիս «Ազատության» հրապարակ: Մենք դեռ երեխա էինք, շատ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց հանրային շարժման մասը լինելը շատ կարևոր զգացողություն էր և երեխա ժամանակվանից մնացել էր իմ մեջ: 

1988-ի շարժումն, ըստ էության, հաղթանակեց. Հայաստանն անկախացավ, Լեռնային Ղարաբաղը միավորվեց Հայաստանին` թեկուզ դեռ ոչ դե յուրե, բայց համոզված եմ, որ մնացած հարցերը, որոնք բարդ, բայց տեխնիկական բնույթ ունեն, ժամանակի մեջ կլուծվեն:Եվ ես համարում եմ, որ 1988-ի հեղափոխության շրջափուլը փակվեց 2018-ի հեղափոխությամբ: 1988-ին, իմ կարծիքով, մենք ստեղծեցինք պետության ձևը` գաղափար չունենալով բովանդակությունից: Մենք հասկանում էինք, որ պետք է ունենալ պետություն, աշխարհի ազգերից ընդամենը երկու հարյուրն ունեն պետություն, ինչու՞ մենք էլ չպիտի ունենանք` դարավոր ժողովուրդ ենք: Բայց բովանդակային խոսակցություններ, քննարկումներ չեն եղել և չէին էլ կարող լինել, որովհետև չունեինք պետություն ունենալու փորձառություն: Երեսուն տարի անց սկսեց քննարկվել պետության բովանդակությունը: Ի վերջո, Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ հենց բովանդակային անհամապատասխանությունների պատճառով` սահմանադրությունն ու օրենքները չէին համընկնում իրականությանը, իշխանական դիրքեր զբաղեցրած մարդիկ չէին համապատասխանում իրենց պաշտոններին, մարդն ուներ անձնագիր, բայց պարզ չէր, թե որքանով է քաղաքացի: Մեզնից երեսուն տարի պահանջվեց, որպեսզի այս հարցերը խնդրականացվեին: Կարևոր հարցադրումներն այլևս արված են և դրանից փախչել չի լինի:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երջանիկ երկրում երջանիկ մարդիկ հաց աշխատելու վրա չպիտի այսքան շատ կենտրոնանան: 21-րդ դարում հանապազօրյա հացը չպիտի լիներ գերխնդիր, գերնպատակ, որովհետև նման դեպքերում սկսում են արդեն ամեն գնով աշխատել այդ հացը: Կարգավորված կենցաղը հնարավորություն կտա մարդուն մտածել նաև ազատության և այլ վեհ բաների մասին: Հաց աշխատելու բեռ ունեցող մարդը կամավոր ինքն իրեն ցենզուրայի էենթարկում: Մարդիկ դժվարությամբ են ընդունում նորը, միայն «սորոս»բառից արդեն սարսափում են, Եվրոպան համարում են այլասերվածության կենտրոն: Եվ սա զարմանալի չէ. մարդիկ իրենց գյուղերից ու քաղաքներից դուրս չեն եկել տարիներով. նրանք երբեք չեն տեսել ուրիշ հանրություն: Ինչու դուրս չեն եկել և ինչու չեն տեսել` որովհետև չունեն հնարավորություն:  Ինձ առնվազն տարօրինակ է թվում, երբ վարչապետը ժողովրդին ուղղված խոսքում ակնկալում է, որ մարդիկ պիտի առաքյալ ու հերոս լինեն: Մարդիկ չեն կարող անընդհատ հերոսություններ անել: Ես մարդկանց եմ ճանաչում, որ ամբողջ կյանքում մտածել են երկու կոպեկ աշխատելու մասին, բայց հեղափոխությանժամանակ հերոս էին: Մարդ կար հեղափոխության օրերին փակել էր վարձակալած կրպակը, կրպակի վրա փակցրել էր գրություն այն մասին, որ ինքը գնացել է ցույցի: Ու ասում էր, որ՝ եթե հեղափոխությունը չհաղթի, ինձ հարկայինը երկու միլիոն դրամ տուգանլու է: Ըստ էության, 2018-ի հեղափոխությունն ինքնաֆինանսավորվող շարժում էր, ժողովուրդն իր միջոցներով հեղափոխություն արեց: Մարդիկ կարող են մեկ, երկու, երեք ամիս լինել հերոս ու առաքյալ, բայց ոչ մի ամբողջ կյանք:

Իմ կարծիքով` մենք երկու հիմնական խնդիրներ ունենք` դեմոգրաֆիկ, քանի որ ծերանում ու պակասում ենք և անհատի կյանքի որակը: Ենթադրենք, ինչ-որ մեկը երաշխավորում է, որ, ասենք, երկու հարյուր տարի հետո մեր երկիրը, մենք` որպես կոնկրետ երկրի քաղաքացիներ, հաջողելու ենք: Բայց ես ագռավ չեմ, երկու հարյուր տարի չեմ ապրելու և ուզում եմ իմ կյանքը նորմալ ապրել` սկսած սոցիալական հարցերից, վերջացրած ինքնաիրացման հնարավորություններով: Երևանից դուրս ապրող երիտասարդների վիճակը շատ ավելի ծանր է, որովհետև երբ տարիներով չի լինում ինքնաիրացման հնարավորություն, արդեն հարցեր էլ չեն առաջանում, թե ինչ կարող ես անել որպես մարդ: Գյուղերում երիտասարդները հիմնականում խմում են և մտածում խոպան գնալու մասին: Սա է: Այդ մարդիկ երջանկության այլընտրանք չունեն: Ասում ենք, որ երեսուն տարի մեր երկրում սոցիալական վիճակը վատ է եղել: Երեսուն տարեկան մարդը, որ աչք է բացել ու լավ բան չի տեսել իր կյանքում, երջանկության ի՞նչ չափանիշներ պիտի ունենա: Որքան էլ մենք այդ մարդուն մխիթարենք, թե` գիտե՞ս, մենք անկախ պետություն ենք, սա չի կարող ազդեցիկ գործոն դառնալ անհատի երջանկության հարցում:

Կարծում եմ, լուծումը հանրայինի ու անձնականի ներդաշնակության ու հավասարակշռության մեջ է ու պիտի ամեն գնով հասնել դրան: Պիտի համարժեքության զգացողություն լինի, որպեսզի երջանիկ պահերն ավելի շատ լինեն: Նկատի ունեմ՝ որպես քաղաքացի և որպես անհատ մեզնից սպասելիքներն ու մեր հնարավորությունները պիտի համընկնեն, մեր կարողությունները պիտի համարժեք լինեն մեր հանրային ու անհատական պարտականություններին: Օրենքները պիտի ոչ թե վնասակար լինեն կամ մարդուն անհեթեթ նեղություններ պատճառեն, այլ պիտի տրամաբանական ու օգտակար լինեն: Ընդհանրապես օրենքով ապրելը, հանրային ակտիվությունը պիտի կա'մ ձեռնտու լինի մարդուն, կա'մ առնվազն վնասակար չլինի: Այսինքն չի կարող երջանիկ անհատ լինել ու որպես հետևանք նաև երջանիկ երկիր լինել, երբ անհատը դժբախտությամբ, խոր կասկածով ու տառապանքով է կատարում իր հանրային ու քաղաքացու պարտավորությունները, երբ իր անհատական ջանքը հանրային կյանքում սահմանափակում ու քայքայում է իր անձնական կյանքը: Նա դրանք պիտի անի եթե ոչ հարյուրից հարյուր սիրահոժար, ապա առնվազն գիտակցությամբ, որ դա տրամաբանական է, ոչ թե ստիպողական, պիտի անի առանց օգտակարության հանդեպ կասկածի ու հնարավորինս արագ պիտի զգա իր անհատական ջանքի արդյունքը, եթե ոչ հենց իր, ապա գոնե հանրային կյանքում:

Սրանք, իմ կարծիքով, այն նախապայմաններն են, որոնք մարդկանց ու երկիրը կդարձնեն ավելի երջանիկ:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
28992 դիտում

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը