Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսիայի դեսպանը ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմանը և կայացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի դեսպանը ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմանը և կայացմանն 
աջակցելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները:

«Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները: Կարևորվել է դրա դերակատարումը՝ հատկապես դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափման հարցում:

Նախարարը ներկայացրել է ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության տեսլականը և կառուցվածքային նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է: Դեսպան Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Ներքին գործերի նախարարության ձևավորման և հետագա կայացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ընթացիկ նախագծերը ներկայացնելիս՝  նախարար Անդրեասյանը որպես ձեռքբերում կարևորել է Հակակոռուպցիոն դատարանների ձևավորումը, որը մոտենում է ավարտական փուլին, Արբիտրաժային կենտրոնի կազմավորումը և արդեն իսկ ձևավորված Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատները:

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները, որը գլխավորում է նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարարը հատկապես կարևորել է, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է ստեղծվի կատարելագործված օրենսդրություն, որը թույլ կտա առավել նպատակային և արդյունավետ կազմակերպել դատավորների բարեվարքության ստուգումների գործընթացը:

Անդրադարձ է կատարվել նաև ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելուն և Հարկադիր կատարման ծառայության գործունեությանը:

Նշվում է, որ Անն Լույոն բարձր է գնահատել արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում արդարադատության նախարարության ունեցած դերակատարումը:

Նախարար Կարեն Անդրեասյանն իր հերթին գոհունակություն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ ՀՀ կառավարությանը Եվրոպական միության և հատկապես Ֆրանսիայի Հանրապետության ցուցաբերած աջակցության համար:

Ամփոփելով հանդիպումը, հիմքում ունենալով համատեղ կատարված աշխատանքների տեսանելի արդյունքները, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ի նպաստ մի շարք նախագծերի իրագործման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]