211652_close_icon
views-count3824 դիտում article-date 21:26 15-05-2018

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ամենամյա այցը Արցախի Հանրապետություն՝ ընդգծելով ապագա դիվանագետների համար Ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախի ներկայիս զարգացումներին տեղում ծանոթանալու նշանակությունը: Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի խորհրդարանական դիվանագիտության պատմությունը՝ անդրադառնալով բարեկամական խմբերի ու շրջանակների ձևավորման գործընթացին: ԱԺ նախագահը, այդ համատեքստում, առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության ուղղություններին, մասնավորապես օրենսդրական փոխգործակցությանն ու Արցախի միջազգայնացմանը վերաբերող քայլերին: Այնուհետև դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ԱԺ նախագահին են ուղղել միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության հնարավորություններին, ԱՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո ԱԺ լիազորություններում տեղի ունեցած փոփոխություններին, չճանաչված երկրների հետ համագործակցությանը և էլեկտրոնային դիվանագիտությանը վերաբերող հարցեր: Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Վահե Գաբրիելյանին՝ դիվանագիտական շարունակական կրթության ոլորտում հետևողական աշխատանքի համար, այնուհետև ապագա դիվանագետներին խորհուրդ տվել լինել տեղեկացված, մեծացնել ծանոթությունների շրջանակը և հաճախ այցելել Արցախ, ոչ միայն հանգստանալու, այլ նաև աշխատելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: Հանդիպումից հետո հյուրերը ԱԺ նախագահի հետ շրջել են խորհրդարանի շենքում, նիստերի դահլիճում և լսել Արցախի խորհրդարանի ստեղծման պատմությունը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր