«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի շուրջ կրքերը չեն հանդարտվում. ակումբը շարունակում է հերքել նոր սեփականատեր ունենալու մասին շշուկները, մինչդեռ մամուլում տարածվել են հոլանդացի գործարար Օլաֆ Բուրգերսի հետ կնքված փաստաթղթերի ու նամակագրության լուսանկարները:
«Նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ։ «Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»,- նշված էր «Փյունիկի» տարածած հաղորդագրության մեջ:
ArmSport-ը թեմայի շուրջ զրուցել է ակումբի PR և մեդիա բաժնի ղեկավար Վերա Մարտիրոսյանի հետ, որին «Փյունիկն», ի դեպ, մեղադրում է ԶԼՄ-ներում տարատեսակ լուրերի տարածումը նախաձեռնելու մեջ.
-«Փյունիկի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին հետաքրքիր է նաև Ձեր տեսակետը լսել: Արթուր Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղել է գործընկերության առաջարկ հոլանդացի գործարարի կողմից, սակայն որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, ու ակումբում սեփականատիրոջ փոփոխություն չի սպասվում: Ավելի ուշ, սակայն, տարբեր լրատվամիջոցներում հակասական տեղեկություններ հրապարակվեցին:
-Կարդացել եմ այդ հարցազրույցը: Երևի՝ սկսեմ ամենասկզբից: Մարտի 20-ի կողմերը, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս կարանտինային շրջանը, իսկ մինչ այդ էլ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքն էր նվազել, թիմում խնդիրներ սկսվեցին: Պարոն Սողոմոնյանն ինձ ասաց, որ ֆինանսական խնդիրների պատճառով կարող է փակել առաջին թիմն ու պահել միայն ակադեմիան, քանի որ ի սկզբանե նա «Փյունիկ» էր եկել ակադեմիայի զարգացման նպատակով՝ երեխաների համար: Ինձ համար դա շատ ծանր թեմա էր, քանի որ նախ արդեն 3 տարի է՝ աշխատում եմ ակումբում, և հետո «Փյունիկն» այս տարի միակ թիմն էր, որ զրկվեց Եվրոպա լիգայում խաղալու հնարավորությունից: Դրանից բացի, 3 տարի առաջ շատ բարձր խոստումներ էր տրվում, որ «Փյունիկը» հայտնվելու է Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլում, և այլն և այլն, իսկ հիմա թիմը կարող էր փակվել: Դա ինձ համար անընդունելի տարբերակ էր: Այդ ժամանակ իմ ամուսինը, ով գործարար է, հոլանդացի, ասաց՝ եկ մեր լուման ներդնենք 50/50 տարբերակով, իսկ մեկ տարի հետո գուցե ամեն ինչ այլ լինի, երբ աշխարհում այս բարդ իրավիճակն անցնի: Նա ներդրումային ծրագիր մշակեց, ու քանի որ «Փյունիկում» մենեջմենթի հետ կապված խնդիրներ կային, հաճախ փոխվում էին տնօրենները, նաև փոքր աուդիտային ծրագիր գրեց, իսկ հետո արդեն ներդրումները՝ քայլ առ քայլ: Պարոն Սողոմոնյանը շատ ոգևորվեց, որ իրեն աջակցում են, կա մարդ, ով ուզում է օգնել: Ասաց, որ շատ լավ ծրագիր է, սակայն մի քանի օր անց պատասխանեց, որ չի կարող, քանի որ այդ 50 տոկոսն էլ իր համար հիմա շատ դժվար է, քանի որ անհասկանալի է, թե այս կարանտինը երբ կավարտվի ու ասաց, որ ոչինչ, ոչ մի խնդիր չկա, «Փյունիկը» ժամանակավորապես չի լինի, հետո կվերադառնա: Այդ ժամանակ երկար մտածելուց հետո ամուսինս առաջարկեց ամբողջությամբ հովանավորել առաջին թիմը, պայմանագիրը կա: Փաստերը խոսում են իրենց համար: Ես միշտ փաստերին եմ նայում ու սիրում եմ փաստերով խոսել:
Համաձայնության եկան, որ կնքվում է պայմանագիր, ըստ որի ամուսինս տարեկան 1 մլն եվրոյից ավելի ներդրում պետք է կատարի, իսկ 9 ամիս հետո պարոն Սողոմոնյանը կարող է վերադառնալ որպես «Փյունիկի» սեփականատեր՝ արդեն 50/50 տարբերակով: Պարոն Սողոմոնյանը հարցրեց՝ եթե ես վերադառնամ գումա՞ր պետք է ներդնեմ, պատասխանը եղավ՝ ոչ .. պարզապես արդեն 50/50 հավասար ղեկավարմամբ:
Կնքվեց պայմանագիր, ըստ որի «Փյունիկը» ոչ մի պարտք չուներ, ինչը շատ կարևոր էր: Կետերից մեկն այն էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվի «Ռոմա», «Փյունիկը» դրանից գումար է ստանալու և այդ գումարը փոխանցվելու է Արթուր Սողոմոնյանի ակադեմիային, մնացած ոչ մի պարտք ու պահանջ չկար: Ամուսինս արդեն ապրիլից պարտավորվեց վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Դրանից հետո սկսվեց գործընթաց, քանի որ «Փյունիկը» հասարակական կազմակերպություն է, պետք է փոխվեին խորհրդի անդամները, գրանցվեր և այլն: Ամեն ինչ ստորագրություններով: Իհարկե, ասվում էր, որ ոչինչ չի ստորագրվել, բայց անգամ հենց հաջորդ օրը պարոն Սողոմոնյանն իրավաբանին խնդրել էր գալ ստորագրությունները դնել ու փոխել անդամներին: Կա նաև այդ նամակագրությունը:
Մի քանի օր անց Սողոմոնյանն ասաց, որ «Փյունիկի» ենթակայության տակ գտնվող մեքենաներից ու գույքից ամբողջը չէ, որ պատկանում է «Փյունիկին», դա իր մյուս ՍՊԸ-ի վրա է գրանցված, դեռ չէր հասցրել փոխանցումն անել: Ամուսինս ասաց, որ լավ խնդիր չկա, միայն մեկ ավտոբուս խնդրեց վարձակալությամբ տրամադրել ու ազատել դաշտերից օգտվելու հետ կապված որևէ պարտավորությունից:
Մի քանի օր անց Սողմոնյանն ասաց, որ ինքը մարզահագուստներ է պատվիրել ամբողջ ակադեմիայի, դպրոցի երեխաների համար, դա մոտ 200 հազար դոլարի պատմություն էր, ինքը 100 հազար կանխավճար է տվել, 100 հազարն էլ պետք է ամուսինս տար: Մի քանի օր անց պարոն Սողոմոնյանը նամակ գրեց ամուսնուս, որ ճիշտ չէր «Փյունիկը» կիսել ակադեմիայի ու առաջին թիմի, և այդ նամակագրությունն էլ կա: Ինքն առաջարկեց ամբողջությամբ վերցնել նաև ակադեմիան: Այդ դեպքում արդեն ավտոբուսներն ու ամեն ինչը լինելու էր «Փյունիկինը»: Այդ առաջարկը մի փոքր անսպասելի էր, քանի որ ակադեմիան բոլորվին այլ ծախսերի ու հաշվարկների հետ էր կապված, նա մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի հաշվի, հասկանա, հետո պատասխանեց, որ նորմալ է, կարելի է նաև ակադեմիան վերցնել:
Սկսվեց գործընթացը: Այդ 2 շաբաթվա ընթացքում պարոն Սողոմոնյանը տեսազանգի միջոցով ակումբի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին ու երկրպագուներին ներկայացրեց ամուսնուս՝ որպես նոր սեփականատիրոջ: Ամուսինս հանդիպումներ ունեցավ նաև ֆեդերացիայում: Սկսվեցին աշխատանքներ,ներգրավվեցին նոր աշխատողներ՝ թիմի մենեջմենթում, և երբ արդեն ակադեմիայի ձևակերպման հարցերն էին քննարկվում, կայծակ որոտաց անամպ երկնքում … լուր հայտնվեց, որ ՈՒԵՖԱ-ն «Փյունիկին» 211 հազար եվրո է փոխանցելու, որը պետք է փոխանցվեր 2021 թվականին, բայց քանի որ բոլոր ակումբները հիմա ճգնաժամի մեջ են, ՈՒԵՖԱ-ն որոշեց այն շուտ փոխանցել, ինչն անսպասելի էր: Այդ նորության հայտնվելուց 2 ժամ հետո պարոն Սողոմոնյանը երկու նամակ է ուղարկում ամուսնուս, որ «ես ներողություն եմ խնդրում, շտապեցի թիմը վաճառելու հարցում, խնդրում եմ ինձ հասկանալ, ես գումար եմ գտել և պատրաստ եմ թիմը պահել, եկեք պայմանագիրը չեղարկենք»: Դրանից հետո ևս մեկ նամակ ուղարկեց, գրեց «շատ շնորհակալ եմ, որ դժվարին պահին ինձ օգնության ձեռք մեկնեցիք, բայց հիմա ես կկարողանամ ՈՒԵՖԱ-ից ստացած այս գումարով թիմը պահել, մինչև տեսնենք՝ ինչ կլինի» ու խնդրեց շուտ պատասխանել: Ամուսինս նամակով նրան պատասխանեց, որ այդ ամենը մի քիչ լուրջ չէ, քանի որ նա արդեն սկսել է աշխատել, ընդունել է նոր աշխատակիցների, աշխատում է ֆեդերացիայի հետ ու եթե ինքը հիմա գրասենյակից դուրս գա, դուռը փակի ու ասի կներեք, չստացվեց, իրեն լուրջ չեն ընդունի թե՛ իր հետ աշխատած մարդիկ, թե՛ առհասարակ Հայաստանում:
Գուցե, «Փյունիկում» 2 տարվա մեջ 7 մարզիչ է փոխվել, 6 տնօրեն, բայց սա արդեն այլ հարց է:
Ամուսնուս այս նամակին պարոն Սողոմոնյանն արդեն բանավոր կերպով պատասխանեց, որ դա խնդիր չէ, դա կարելի է շատ հեշտ լուծել, մեծ հարցազրույց կտա ու շնորհակալություն կհայտնի իմ ամուսնուն իրեն օգնելու համար և մեր հասցեին լավ բաներ կասի:Մայիսի սկզբին այդ գումարն արդեն պետք է փոխանցվեր ու նա զանգահարեց ինձ, ասաց ինչո՞ւ եք հապաղում, ես փոշմանել եմ, պայմանագիրը պետք է չեղարկել: Ամուսինս իրեն խնդիրը լուծելու երեք կառուցողական տարբերակ ուղարկեց: Այո, թիմը վերադարձնել, բայց ոչ ասել՝ գիտեք ինչ, սխալվեցինք: Առաջարկեցինք մի քանի տարբերակ, որ թե՛ բիզնեսի, թե՛ իմիջի տեսանկյունից կլիներ ճիշտ:Այդ տարբերակներից ոչ մեկը պարոն Սողոմոնյանը չընդունեց, նրա միակ տարբերակը հարցազրույց տալն ու մեզ գովելն էր:
Դրանից հետո սկսվեց այս պատմության երկրորդ փուլը. լուրեր տարածվեցին, թե իմ ամուսինն իրականում անհայտ գործունեություն է ծավալում, և նաև այն, թե իբր մենք փող ենք գողացել «Փյունիկից», ինչն ինձ համար ամենազավեշտալին էր: Երբ պարոն Սողոմոնյանը «Փյունիկը» հանձնեց, նա ասաց, իսկ աշխատավարձերի հարցն ի՞նչ է լինելու:Իսկ «Փյունիկում» միայն ֆուտբոլիստների ու մարզիչների աշխատավարձերը, եթե չհաշվենք մնացած աշխատակիցներինը, անցնում է 100 հազար դոլարը: Անգամ եթե ⅔-րդը վճարվեր, կամ որոշակի պահումներ կատարվեին, հաշվի առնելով այս իրավիճակը, միևնույն է՝ բավականին մեծ գումար էր կազմելու: Բացի դա դեռ 100 հազար էլ պետք է վճարեինք մարզահագուստների համար, գրասենյակը պահելու հարցը կար: Միակ բանը, որ «Փյունիկից» մնացել էր ավտոբուսն էր և հաշվին 50 հազար դոլար գումար: Հաշվի առնելով, որ գործընթացը սկսվել էր, ամուսինս ներգրավեց իր միջազգային թիմը՝ Հայաստանում բավականին լավ համբավ ունեցող սպորտային գործակալի, արտերկրից հրավիրեց իր ֆինանսիստին, որը կարանտինից հետո պետք է գար, «Փյունիկի» իրավաբանին տեղափոխեց իր թիմ, իր ընկերություն՝ ծառայություններ մատուցելու համար: Ու քանի որ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ մենք պետք է վճարեինք մարզահագուստների համար, որը նախատեսված չէր, ի հայտ եկավ ավտոբուսների հարցը, որ ավելի ուշ պարզվեց տեղափոխված չէին «Փյունիկի» անվան դիմաց, ամուսինս այդ 50 հազարից 35 հազարը տեղափոխեց իր կազմակերպության հաշվին, որպեսզի վճարի աշխատավարձերն ու հոգա մյուս ծախսերը, քանի որ «Փյունիկի» աշխատակիցներից ոմանք արդեն իսկ գրանցվել էին իր ընկերությունում, այդ թվում՝ իրավաբան Հայկ Ղազազյանը:
Բացի դա, մեզ հայտնեցին, որ համակարգիչները ևս չեն պատկանում «Փյունիկին», ու հաջորդ քայլը լինելու էր այն, որ ասելու էին՝ այդ գումարը ևս չի պատկանում «Փյունիկին»: Այսինքն, մեզ մնալու էր միայն վճարել աշխատավարձերը, հոգալ մարզահագուստների, «Փյունիկի» գրասենյակի հետ կապված ծախսերն ու առհասարակ մյուս բոլոր ծախսերը: Իրականում ամուսինս դրան պատրաստ էր, ամեն ինչ հաշվարկել էր, բայց երբ կողքից այդ ամենն ի հայտ եկավ … ամուսինս արդեն որպես օրինական սեփականատեր, քանի որ բոլոր փաստաթղթերն առկա են ստորագրություններով, սկսեց իր աշխատանքը, հանդիպումներ ունեցավ ֆեդերացիայում՝ ներկայացնելով բոլոր այդ թղթերը, հանդիպեց ակումբի անձնակազմի հետ, ոչ ֆուտբոլիստների, ասաց, որ բոլորը կմնան իրենց աշխատանքին, ու քանի որ ինձ հեռախոսազանգով մոտավորապես այս տեքստն ասվեց. «Այսինքն ո՞նց, «Փյունիկը» հետ չե՞ք տալիս», արդեն գնաց մի կեղտոտ խաղ, որի մասին կարծում եմ՝ բոլորն արդեն տեղյակ են:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այնքան զավեշտալի բաներ եմ լսել … օրինակ որ ես ինքս «Փյունիկից» 150 հազար դոլար եմ գողացել ու փախել երկրից …ո՞ւր եմ փախել այս կարանտինի ժամանակ, չգիտեմ: Ամեն իմ խոսքի դիմաց կան փաստեր: Առանց փաստերի մենք ոչինչ չենք ասել կամ խոսել: Երկար ժամանակ ոչնչի մասին չէինք խոսում, ու չէինք էլ խոսի, եթե այսքան ցեխ չշպրտվեր ու այս հարցը կարելի լիներ հանգիստ ճանապարհով լուծել, բայց մյուս կողմը որոշեց, որ կարելի է զրպարտության դիմել: Տարատեսակ նամակներ ու նկարներ եմ ստացել, թե պարոն Սողոմոնյանն ինչ է հայտարարել ֆուտբոլիստներին, ինչ գումարներ են ներկայացվել, թե իբր գողություն է եղել:
Ես միայն մեկ բան կասեմ. ֆուտբոլային աշխարհում գտնվող մարդիկ գիտեն, որ ես միշտ պաշտպանել ու գովաբանել եմ «Փյունիկին», բացի այն, որ աշխատել եմ այս ակումբում: Իմ և պարոն Սողոմոնյանի համագործակցությունն անգամ «Փյունիկից» առաջ էր, երբ նա Երևանում լեգենդների խաղ էր կազմակերպել, մենք համագործակցել ենք ու միշտ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եղել: «Փյունիկն» ինձ համար շատ կարևոր մասնիկ է եղել այն պահից ի վեր, ինչ ես աշխատել եմ այնտեղ: Կարծում եմ՝ այս ամենն ամենաշատը կզվարճացնի նրանց, ովքեր քննադատում էին «Փյունիկի» ղեկավարությանը, կամ ծաղրական գրառումներ ու հոդվածներ էին հրապարակում:
Ամեն դեպքում, կյանքում ամեն ինչ իր տեղն է ընկնում, միշտ խոսում են փաստերը, ու նա, ով չարախոսում է, բանսարկում կամ բամբասում է, անձամբ Աստծո առաջ է պատասխան տալու: Ես Աստծո դատաստանին շատ եմ հավատում, մարդիկ սիրում են բամբասել, բայց Աստծո դատից որևէ մեկը չի փախչի:
-Այս խնդրի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:
-Երկու լուծում կա. կամ թղթերը վերցնել ու գնալ պատերազմել, բայց հանուն ինչի՞ ու ի՞նչ գնով: Իրականում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում ֆուտբոլային թիմ պահելը գլխացավանք է: Մեր առաջնությունն այնքան էլ եկամտաբեր չէ, թերևս՝ հակառակը: Միակ մոտիվացիան ու միտումն այդ պահի դրությամբ եղել է «Փյունիկին» օգնելը, որպեսզի թիմը հանկարծ չփակվի, քանի որ այդ վտանգն իրականում կար: Հետագայում երբ պարոն Սողոմոնյանի գործերը լավացան, կամ ՈՒԵՖԱ-ից գումար եկավ, թե ինչ եղավ, դա արդեն երկրորդական հարց է: Երբեք չի եղել նպատակ վերցնել «Փյունիկը», խլել «Փյունիկը» կամ «Փյունիկի» միջոցով ինչ-որ օգուտ ստանալ: Պարզապես հարցն այստեղ պարոն Սողոմոնյանի կողմից հարցի լուծման տարբերակն էր, այն էր՝ հարցազրույց տալ ու ասել՝ գիտեք, դուք ցանկացաք օգնել, բայց չեղավ, դե լավ ցտեսություն: Դա պատիվ չի բերում ո՛չ թիմին, ո՛չ ղեկավարությանը: Մեր միակ ցանկությունը եղել է այն, որ ամեն ինչ լինի արդար, օրենքի սահմաններում: Այստեղ պատերազմելու հարց չկա: Բայց հիմա ունենք մի իրավիճակ, երբ կա ստորագրված պայմանագիր, և պահանջ՝ այն չեղյալ համարելու, սա արդեն օրենքի կարգավորման հարց է: Ոչ մի կոնֆլիկտային հարց չկա, որ ամեն գնով պետք է պատերազմել: Մենք ուզում էինք, որ հարցը լուծվեր խաղաղ ու կառուցողական ճանապարհով, որպեսզի ոչ մեկի իմիջը չվնասվեր: Քանի որ եթե պարոն Սողոմոնյանը որոշեր վերադառնալ, այստեղ ոչ մի «զորբայության» հարց չէր կարող լինել, բայց ոչ էլ իր առաջարկած տարբերակը կարող էր լինել, այն է՝ ասել «չէ լավ, զղջացել եմ, հիմա թիմը վերադարձրեք, իմ թիմն է, ես էլ հարցազրույցում կասեմ, որ դուք շատ լավ մարդիկ եք»: Մենք գիտենք, որ մենք լավ մարդիկ ենք, քանի որ իսկապես ցանկացել ենք օգնել:
Բայց երբ սկսվեց այս «պատերազմը», այսինքն եղան զրպարտություններ, գողության վերաբերյալ սուտ մեղադրանքներ, նույն օրը՝ գիշերը, գաղտագողի եկան ու մեր գրասենյակից տարան ամբողջ գույքը, ներառյալ իմ անձնական իրերը, փաստաթղթերը, նոթատետրերը: Եվ դրանից հետո իմ բոլոր հնարավոր գաղտնաբառերը՝ gmail-ի, facebook-ի, instagram-ի, կոտրվեցին: Իմ աշխատանքային համարգչով օգտվել էի gmail-ից, ու այդպես կոտրվեցին նաև սոցիալական ցանցերի իմ անձնական էջերը: Իսկ դա պարզ է՝ ամենավերջին քայլն է, որ մարդու հանդեպ կարելի է անել: Իմ անձնական մեյլին կցված են նաև իմ բոլոր բանկային հաշիվները և այլն: Այսինքն այս մակարդակի պայքար է մղվում, բայց թե հանուն ինչի՝ չգիտեմ:
-Մտադի՞ր եք դատարան դիմել:
-Զրպարտությունն ու անձնական տվյալները կոտրելը միանշանակ քրեորեն պատժելի արարքներ են: Միայն մեկ բան կասեմ՝ ոչ մի ֆուտբոլային իրադարձություն չարժեն պատերազմների, թշնամանքի ու ատելության: Կարծում եմ՝ մյուս կողմի համար էլ, քանի որ նրանք իրենց անլրջությունն են ցույց տալիս, երբ ասում են՝ պայմանագրեր չկան, ոչինչ ստորագրված չէ: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա չեմ ցանկանա դրանց մասին խոսել: Այս պատմության մեջ մեզ համար ամենակարևորն այն է, որ լինի հարգանք, ոչ թե ծաղրուծանակ: Երբ ֆուտբոլիստի կամ որևէ աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարում են, դա այլ է, բայց երբ թիմը վաճառում են ու մեկ շաբաթ անց ասում՝ կներեք, փոշմանել ենք, անլուրջ է: Ու դա վնասում է նաև այն մարդուն, որը սրտանց եկել էր ու պատրաստ էր ներդրումներ կատարել: Ամուսինս ոչ թե մեկ, այլ 3 տարվա ներդրումային ծրագիր ուներ: Մի շարք հետաքրքրիր գաղափարներ ուներ, որ պետք է կյանքի կոչեր, բայց ընտրվեց այլ տարբերակ՝ ասել չէ փոշմանել ենք, իսկ հետո զրպարտության ակտիվ քաղաքականություն վարել:
-Տեղեկություն կար նաև, որ խոստացված ներդրումներն այդպես էլ չկատարվեցին, ավելին՝ եղավ որոշակի գումարների յուրացում, ինչպես արդեն նշեցիք, ու թերևս, հենց դա կարող էր նման կարճ ժամանակահատվածում մտափոխվելու պատճառ հանդիսանալ:
-Պայմանագիրը կնքվել է ապրիլի 10-ին: Ապրիլի 13-ից սկսվել է խորհրդի անդամների դուրս գալու գործընթացը և ապրիլի վերջին պետք է վճարվեր բոլոր ֆուտբոլիստների աշխատավարձերը: «Փյունիկը» ֆուտբոլիստներին երևի ամենաբարձր աշխատավարձեր տվող ակումբներից մեկն է: Բայց երկու շաբաթում ի՞նչ ներդրումներ պետք է արվեին, եթե իմ ամուսինը պարոն Սողոմոնյանին հստակ ներկայացրել է ներդրումային ծրագիրը՝ 3 տարվա: Նա պարտավորություն էր ստորագրել, ըստ որի յուրաքանչյուր տարվա կտրվածքով պետք է 1-ից 1.5 մլն եվրոյի ներդրում կատարեր: Բնականաբար սա ակնհայտ կեղծիք է ու չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ: Երկու շաբաթում ի՞նչ ներդրումներ պետք է արվեին: Դրանից բացի պարտավորվել էր նաև ապրիլի աշխատավարձերը վճարել, մարզահագուստների համար որոշակի գումար հատկացնել, մինչդեռ միայն աշխատավարձերի վճարումն արդեն իսկ մեծ գումար էր կազմելու: Չկա այդպիսի պրակտիկա, երբ պայմանագիր են ստորագրում ու հաջորդ օրվանից սկսում են ներդրումներ կատարել: Եվ, վերջիվերջո, պարոն Սողոմոնյանը երբ պայմանագիր էր ստորագրում, կետ առ կետ ծանոթացել էր բոլոր պայմաններին ու համաձայնել էր:Պայմանագրի ստորագրումից հետո էլ բազում անգամներ շնորհակալություն էր հայտնել օգնելու պատրաստակամության համար: Քանի որ եթե «Փյունիկը» թեկուզ մեկ տարով փակվեր, խայտառակություն կլիներ:
-Շատերի մոտ հարցեր առաջացրեց նաև այն հանգամանքը, որ համաշխարհային այս ճգնաժամի ֆոնին, հոլանդացի գործարարը ցանկություն հայտնեց ներդրումներ կատարել հայկական ակումբում՝ հաշվի առնելով այն, որ մեր ֆուտբոլն այնքան էլ շահութաբեր գործ չէ և այստեղ ակումբները հիմնականում գոյատևում են անհատների անձնական միջոցների ու նվիրվածության հաշվին:
-Որոշ ակումբների դեպքում իսկապես թիմը պահելը բարեգործության շնորհիվ է իրականացվում, բայց ունենք նաև լավ օրինակներ՝ ինչ-որ չափով «Շիրակը», «Ալաշկերտը», երբ հասկանալի է՝ Եվրոպա լիգա դուրս գալու, հավաքականների ֆուտբոլիստներ ունենալու, չնչին չափով բայց նաև գովազդային ու հեռարձակման իրավունքների շնորհիվ, թիմը կարելի է պահել մինիմալ կամ զրոյին մոտ կորուստներով: Սրա համար ճիշտ սպորտային ղեկավարումը շատ կարևոր է: Բայց եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել՝ թեկուզ որոշակի կորուստներով, դա յուրաքանչյուրի անձնական հարցն է: Մարդիկ կան ֆուտբոլն իրենց հոբբին է, մարդիկ կան հաճույք են ստանում, մարդիկ կան բիզնես ծրագիր են տեսնում … առավել ևս, որ նա հոլանդացի է՝ աշխարհի ամենաֆուտբոլային երկրներից մեկից, ամբողջ կյանքում զբաղվել է ֆուտբոլով, ֆուտբոլի մեծ սիրահար է, բայց կոնկրետ այս դեպքում հարցը հենց «Փյունիկին» օգնելն ու թիմը պահելն էր, որովհետև ես միշտ իմ սերն ու նվիրվածությունը «Փյունիկին» ցույց եմ տվել իմ աշխատանքով, իսկ իմ ամուսինը դա տեսել է:
-Տեղյա՞կ եք՝ ֆեդերացիայի դիրքորոշումն այս հարցին ինչպիսի՞ն է:
-Ոչ: Կարծում եմ՝ ֆեդերացիայում ավելի լավ կպատասխանեն այս հարցին: Ամեն դեպքում, նրանք ամեն ինչից տեղյակ են, տեսել են բոլոր պայմանագրերը՝ ստորագրություններով, ծանոթ են բոլոր իրավական փաստաթղթերին, թե ինչ որոշում կկայացնեն կամ ինչ դիրքորոշում ունեն, չգիտեմ:
Նարե Հովհաննիսյան