HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա հուլիսի 9-ից կալանք է դրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին՝ Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ընդամենը մեկ բանկում ունի 30 միլիոն դոլար գումար, որը կալանքի տակ է։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հետք»-ին հայտնեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա հուլիսի 9-ին կալանք է դրվել։

ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը «Հետք»-ին հայտնեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատաիրավական բնույթի գործողություններ, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Այսօր Ալեքսանդր Սարգսյանը հայտարարությամբ էր հանդես եկել, և ըստ իր խոսքերի՝ Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ է օրինական կարգով իրեն պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իր նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր հայրենիք կառուցելու նպատակով։

Նշենք, որ ԱԱԾ-ն հուլիսի 4-ին խուզարկություն է կատարել Ալեքսանդր Սարգսյանին պատկանող, Թումանյան փողոցում գտնվող բնակարանում և իրեր առգրավել, նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարել։ Այս պահին Նարեկ Սարգսյանը միջազգային հետախուզման մեջ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter