×


Փակ դեմքով Քարդաշյանը, համբուրվող Լոպեսը եւ Met Gala 2021-ի հետաքրքիր մյուս կերպարները

2020 թվականին կորոնավիրուսի պատճառով «Met Gala»-ն չեղարկվեց ու այդպես էլ չկայացավ, փոխարենն այս տարի այն վերադարձավ անմոռանալի կերպարներով: Ավանդաբար մայիսի առաջին երկուշաբթի տեղի ունեցող միջոցառումը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-րդ շաբաթվա սկզբին:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում անցկացված իրադարձությունն իր վրա սեւեռեց բոլորի ուշադրությունն ու նոր քննարկումների առիթ դարձավ: Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը հերթական անգամ ցույց տվեց, որ գիտի՝ ինչպես երեկույթներ կազմակերպել:

Այս տարվա զգեստների թեման նվիրված էր ամերիկյան նորաձեւությանը: Ցուցադրության անվանումն էր «Ամերիկայում. նորաձեւության լեքսիկոն»:


Երեկոյի համանախագահներն էին Տիմոտի Շալամեն, Բիլի Այլիշը, Ամանդա Գորմանը եւ Նաոմի Օսական, պատվավոր նախագահները՝ Վինտուրը, Թոմ Ֆորդը եւ Ինստագրամի ղեկավար Ադամ Մոսերին: Բոլոր հյուրերը պետք է պատվաստման հավաստագիր ու բացասական թեստ ներկայացնեին:

Երեկոյի հագուստները բազմազան էին, գեղեցիկ, զարմացնող, տարօրինակ ու շքեղ, առանձնացրել ենք դրանցից մի քանիսը:


Առաջինը, բնականաբար, ժամանեց հենց Վինտուրը: Այս տարի նա հաճախակի է միջոցառումների ժամանակ հայտնվում Oscar de la Renta-ի զգեստներով: Met Gala-ի ժամանակ էլ բրենդի ընտրությունն այսպես բացատրեց.«Սա հարգանքի տուրք է իմ ընկերոջը: Հենց նա է ինձ առաջին անգամ բերել թանգարան»:

Վերջին ժամանող հյուրը Ռիհաննան էր, նա ASAP Rocky-ի հետ էր, կրում էր Balenciaga եւ Bulgari-ի համարյա 270 կարատանոց ադամանդներ:


Ի՞նչ տոնակատարություն առանց սիրո: Բեն Աֆլեքն ու Ջեննիֆեր Լոպեսը հերթական անգամ համբուրվեցին տեսախցիկների առաջ: Վենետիկում իրարանցում առաջացնելուց հետո այս անգամ նրանք անկրկնելի էին Նյու Յորքում ու մասնակցեցին իրենց համատեղ առաջին MET Gala-ին: Կարմիր գորգի վրա Լոպեսը միայնակ էր, սիրելին նրան միացավ դահլիճում ու նման տպավորիչ համբույր շնորհեց:


Met Gala-ի ամենասպասված պահերից է, թե ինչպես համատեղ կներկայանան զույգերն ու ինչպես կհամադրեն իրենց զգեստները: Մեկ տարվա համեմատությամբ շատ բան է փոխվել նաեւ աստղերի կյանքում. նրանից մի քանիսն արդեն միասին չեն:

Նախորդ տարիներին կարմիր գորգին աչքի ընկած Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն էլ բաժանվել են: Քիմն այս տարի միայնակ էր, երեւի դար էր պատճառը, որ որոշել էր լրիվ սեւ կրել ու փակել անգամ դեմքը: Այդ հարցում նրան օգնել էր Balenciaga-ն:


Երեկոյի գեղեցիկ զույգերից էին Ջասթին ու Հայլի Բիբերները, Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեյսլին, Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը, Մարիա Շարապովան ու Ալեքսանդր Գիլկսը, Էդրիան Բրոուդին եւ Ջորջինա Չեփմենը:


Իր առաջին Met Gala-ին մասնակցեց 20-ամյա սուպերմոդել Կայա Գերբերը: Այդ առիթով նա ինչպես հարկն է պատրաստվել էր ու շատ էլեգանտ տեսք ուներ: Նա կրկնել է 1981 թվականին նույն միջոցառման ժամանակ Բյանկա Ջագերի ցուցադրած հագուստը, որը կարել էր Dior-ը:


Կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը նույնպես առաջին անգամ է հրավիրված եղել միջոցառմանը: Նա սպիտակ զգեստով է եղել, որի վրա կարմիրով գրված է.«Հարկեր հարուստների համար»: Լրագրողների հետ զրույցում նա բացատրել է, թե ինչու է նման ուղերձով հանդես եկել երեկույթի ժամանակ, որին մասնակցել են Հոլիվուդի ամենահարուստ աստղերից շատերը:


«Երբ խոսում ենք աշխատող ընտանիքներին ցուցաբերվող աջակցության եւ արդար հարկային քաղաքականության մասին, սովորաբար այն իր մեջ ներառում է միայն ցածր ու միջին խավերը: Ժամանակն է, որ խոսակցությանը մասնակցի նաեւ բարձր խավը»,- ասել է նա:

Արտասովոր կերպարների ու տարբերվող զգեստների պակաս Նյու Յորքում չկար, դրանց կարող եք ծանոթանալ ֆոտոշարքում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Vogue, Met Gala

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին