211652_close_icon
views-count6419 դիտում article-date 23:08 07-07-2021

Ինչու՞ է «աղմկում» նախագահ Սերժ Սարգսյանը կամ մեղքի զգացողությունից փախչել հնարավոր չէ. Նորայր Նորիկյան

Ուշադրությամբ ընթերցեցի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած հեղինակային հոդվածը՝ 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։
Տպավորություն է, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ դերակատարություն ունեցած անձինք, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել՝ նախագա՞հ, թե՞ պաշտպանության նախարար, կամ որևէ ազդեցիկ գեներալ, հետին թվով հանրությանը փորձում են ցույց տալ ու համոզել իրենց բացառիկ անսխալականությունն ու ճշմարտացիությունը, որ վարել են արդյունավետ ու անխոցելի քաղաքականություն, որ վատը եղել է իրենցից առաջ կամ հետո:

Այս մարդիկ, սակայն, մոռանում են մի պարզ ճշմարտություն․ Այսօրվա իրականությունն իրենց հավաքական սխալի հետևանքն է։

Նրանք որքան շուտ գիտակցեն, որ արցախյան աղետի պատճառներից մեկը երրորդ Հանրապետության քաղաքական վերնախավի քաղաքական մտքի պարտությունն էր, այնքան արագ հնարավոր կլինի հնարավորինս սրբագրել սխալներն ու շարժվել առաջ։
Ակնհայտ է, չէ՞, որ նախորդ տարիների վարած «Ճիշտ» քաղաքականությունը չէր կարող ավարտվել այսպիսի ողբերգությամբ:

Վերադառնալով Ս․ Սարգսյանի հոդվածի բովանդակությանը, հարկ է արձանագրել, որ որոշ ուշագրավ շեշտադրումներ, այնուամենայնիվ, առկա են:

Փորձելով ցույց տալ իր ձեռքբերումները՝ Ս. Սարգսյանն արձանագրում է, որ մինչև կազանյան գագաթնաժողովը, շուրջ երեք տարվա ինտենսիվ բանակցային գործընթաց է տեղի ունեցել, որի արդյունքում գագաթնաժողովին կողմերը ներկայացել են հիմնովին համաձայնեցված նախագծով, որը, ըստ Սերժ Սարգսյանի, պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:

Վերջին պնդումը յուրովի «քար նետել է» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, այն պարզ պատճառաբանությամբ, որ վերջինիս նախագահության ընթացքում էր ընդունվել «Մադրիդյան սկզբունքները» և այն, ինչ-որ առումով, հանդիսանում էր Քոչարյանի թողած ժառանգությունը:
Նախագահ Սարգսյանն ընդգծում է, որ իր աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկն այն է, որ 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով, իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»՝ ընդգծելով, որ այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին:

Կազանյան գործընթացում մի քանի անգամ հատուկ ընդգծելով ՌԴ այն ժամանակվա նախագահ Դ. Մեդվեդևի գործադրած ջանքերը, Սերժ Սարգսյանը, թեև նրբանկատորեն, այդուհանդերձ, բացահայտ կերպով ցույց է տալիս իր «Նեղացվածությունը» Կրեմլի իրական տիրոջից՝ Վլադիմիր Պուտինից:

Շատ լավ իմանալով, թե պատմական այդ ժամանակահատվածում ո՞վ էր իրականում կայացնում Կրեմլի որոշումները, այդուհանդերձ՝ ընդգծելով Մեդվեդևի դերակատարությունը և իր հոդվածում որևէ անգամ չհիշատակելով Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանն ակնհայտորեն ցույց է տալիս նրանից իր դժգոհությունը՝ հասկանալ տալով, որ նրա դերակատարությունը որևէ ձևով ու առավել ևս՝ որևէ ժամանակահատվածում արդյունավետ չի եղել կարգավորման գործընթացում, եթե այլ բան չասենք…

Ընդունենք, որ Սերժ Սարգսյանի լռությունը Վլադիմիր Պուտինի մասին, խոսուն է։
Իր հոդվածում երրորդ նախագահը շեշտում է, որ Կազանյան գագաթնաժողովում հնարավոր բեկումը տապալել է Իլհամ Ալիևը, ինչը նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։

Արձանագրելով այս փաստը՝ Ս․ Սարգսյանը ենթագիտակցորեն խոստովանում է, որ Ալիևի գործողություններին դիմագրավելու որևէ ռեսուրս հայկական կողմը չի ունեցել և համարժեք հակաքայլերի էլ պատրաստ չեն եղել, ավելին՝ ընդունում է, որ Ադրբեջանն ունեցել է հարցի կարգավորումը վիժեցնելու ռեսուրս, որին միջազգային միջնորդները կարող էին պատասխանել լոկ «հիասթափությամբ»:

Որպես հույսի սփոփանք, Սարգսյանն առանց փաստական հիմքերի, շեշտում է, որ Կազանյան ձախողումից հետո համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, որ միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով:

Այստեղ հարկ է ընդգծել, որ Կազանյան փաստաթղթով 7 շրջաններն ամբողջությամբ վերադարձվելու էին Ադրբեջանին։ Առաջին փուլում վերադարձվում էին Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները, իսկ հետագայում՝ Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
 
Այնուամենայնիվ, որևէ ձևով չանդրադառնալով հայտնի «Լավրովի պլանին», դրա հայտնվելու դրդապատճառներին, նախագահ Սարգսյանը միանգամից 2011թվականից անցում է կատարում 2016թ. ապրիլյան քառօրա պատերազմին՝ շեշտելով, որ ռազմական գործողությունների չորրորդ օրը Բաքուն Մոսկվայի միջոցով հրադադար է խնդրել՝ փորձելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թե իբր հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։
Բացի այդ, փորձելով հիմնավորել Հայաստանը «Երրորդ ժամկետով» ղեկավարելու իր նվիրական ցանկությունը, Սերժ Սարգսյանը շեշտում է, որ 2018-ին ինքն իր համար բարդ որոշում է կայացրել մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման», իր վրա վերցնել պատմական պատասխանատվություն և հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։
Սակայն, վերը նշված «արժանապատիվ հանգուցալուծմանը» հնարավոր չեղավ հասնել, քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի, «անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները» կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը, ինչ փութաջանությամբ որ մեղադրում է Ալիևին՝ Կազանյան գործընթացը ձախողելու համար, նույն ոգևորությամբ էլ ընդգծում է, որ սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանության կոպտագույն դիվանագիտական վրիպումների, անխոհեմ հայտարարությունների ու գործողությունների արդյունքում իրավիճակը սկսվեց փոփոխվել ոչ հոգուտ Երևանի, որը միջազգային հանրության աչքերում սկսեց դիտարկվել որպես բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացավ այն, ինչ իրեն չէր հաջողվում տասնամյակներ շարունակ՝ որպես կազուս բելլի (casusbelli - պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցություններից հրաժարվելու մեջ։

Սրանով հանդերձ, ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց նրա կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման և Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նախագահ Սարգսյանն արձանագրում է, որ համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է։
Բացի այդ, բավականին ուշագրավ է Սերժ Սարգսյանի ընդգծումը, թե Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ պետք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման՝ նրբանկատորեն «Մոռանալով» այն հանգամանքը, որ եռակողմ հայտարարության տակ դրված է նաև Ռուսաստանի նախագահի ստորագրությունը:
Այս միտքը բավականին ուշագրավ է և «Միջազգային հանրության» համար կարող է հետագայում դառնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չճանաչելու հիմք՝ պնդելով, որ այն «թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունք է»։
 
Ինչևէ, ակնհայտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ձգտում է ցույց տալ, որ իր նախագահության օրոք փորձել է ԲԵԿՈՒՄ մտցնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում՝ հասնելու համար հարցի «արժանապատիվ հանգուցալուծմանը», որը, սակայն, իրականություն չի դարձել 2018թ. հեղափոխության և իր իշխանազրկման պատճառով:
Սերժ Սարգսյանի պնդումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:
Երրորդ Հանրապետության ամենաառանցքային ֆիգուրներից մեկին, որը լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության կարևորագույն պաշտոնյաներից և Արցախի հարցի պատճառով առաջին նախագահին իշխանությունից հեռացնող հայտնի անձանցից մեկը, լինելով 2-րդ նախագահի իշխանության գորշ կարդինալը և դե ֆակտո 2-րդ դեմքը պետության մեջ, իսկ վերջնարդյունքում՝ Ռոբերտ Քոչարյանից ժառանգելով իշխանությունը և ուղղակի պատասխանատու լինելով երկրի ճակատագրի համար, միաժամանակ, կարծելով, որ հասունացել է հարցի «արժանապատիվ հանգուցալուծման» ժամանակը, և որ ինքը պատրաստ է դրան, վայել չէ այսպիսի արդարացում գտնել՝ 3-րդ Հանրապետության քաղաքական վերնախավի կողմից գեներացված քաղաքական մտքի այս աստիճան ողորմելի պարտությունն արդարացնելու համար:

Սերժ Սարգսյանի վերը նշված պնդումը ողջամիտ կլիներ, եթե չլիներ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմը։

2016թ․ Հայաստանում իշխում էին ոչ թե «անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները», այլ «հայրենասեր, ազգային ու իրենց կյանքը Արցախին նվիրաբերած» քաղաքական ուժերն ու անձինք։ Բայց դա չխանգարեց Ալիևին՝ սանձազերծել ռազմական ավանտյուրա՝ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու համար։ Հետևաբար, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով, Ադրբեջանին դուրս դնել Արցախյան վերջին պատերազմը սանձազերծելու գործընթացից և մեղքը բարդել միայն քաղաքական հակառակորդի վրա, մեղմ ասած, ազնիվ չէ։

Ով ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ է տիրապետում Արցախի հակամարտության պատմության գործընթացին, և մինչև վերջ ազնիվ լինելու համար շատ լավ կլինի հարմար առիթի դեպքում հրապարակայնորեն անդրադառնա ստորև բերված հարցերին, որոնց տողատակում, իմ կարծիքով, թաքնված է շան գլուխը.

1. Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դիվանագիտորեն մոռացության մատնում կարգավորման գործընթացում հայտնված «Լավրովյան պլանը»:
2. Ի՞նչ հանգամանքների արդյունքում ծնվեց այդ պլանը, ովքե՞ր էին շահագրգիռ այդ պլանի իրագործման մեջ, ինչու՞ այն ձեռնտու չէր հայկական կողմին, և ինչո՞ւ Հայաստանը չհամաձայնվեց այդ պլանին,
3. Արդյո՞ք 2016թ. քառօրյա պատերազմը «Լավրովյան պլանի» ձախողման հետևանքը չէր,
4. Ի՞նչ պայմանով է կանգնեցվել ապրիլյան քառօրյա պատերազմը, և ինչո՞ւ հարցը չլուծվեց մինչև 2018թ. ապրիլ ամիսը,
5. Արդյո՞ք որևէ կապ ուներ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործողությունը Արցախյան հակամարտության գործընթացի հետ, թե՞ ոչ,
6. Արդյո՞ք 2018թ. հեղափոխությունը կապված էր նաև Արցախյան հիմնահարցի հետ, թե՞ ոչ,
7. Ու՞մ է ակնարկում Սերժ Սարգսյանը՝ «արտասահմանյան հովանավորներ» ասելով,
8. Ինչո՞ւ հնարավոր չեղավ նախորդ տարիներին ստեղծել այնպիսի մարտունակ բանակ, որը, չնայած այս կամ այն քաղաքական իշխանության հնարավոր սխալների, կարող էր տևական ժամանակ ու համառորեն դիմակայել արտաքին ռազմական ագրեսիային,
9. Ինչո՞ւ հնարավոր չեղավ իր նախագահության օրոք Արցախին վերադարձնել բանակցային սեղանին որպես հակամարտության կողմ:

10. Ի՞նչն էր խանգարում այդ «Արժանապատիվ հանգուցալուծմանը» հասնել 2008-2018թվականներին, կամ դրանից առաջ, ասենք՝ 1998թ. կամ 1998-2008թթ., երբ այդ ժամանակահատվածում ինքը հանդիսանում էր երկրի դե ֆակտո 2-րդ դեմքը, ուներ մեծագույն ազդեցություն, բացի այդ, զուտ մարդկային առումով, ուներ հրաշալի հարաբերությոններ 2-րդ նախագահի, հետ, որի հետ, ընդորում, կապված է արցախյան ճակատագրով:

11. Ի՞նչ նպատակ է հետապնդել 2-րդ և 3-րդ նախագահների վարած «Ստատուս քվոի» պահպանման և խնդրի լուծումը «Սառեցնելու» քաղաքականությունը, մինչև ե՞րբ ու հանուն ինչի՞ պետք է ժամանակ ձգեին, արդյո՞ք հարցի լուծման հետաձգումը մեծացնում էր խնդրի հայանպաստ լուծման հնարավորությունը:
 
Հ․Գ․ Սերժ Սարգսյանի վերջին ժամանակահատվածի հրապարակային մի շարք հայտարարություններ ինձ մոտ ձևավորել են մնայուն կարծիք այն մասին, որ նրան հետապնդում է մեղքի զգացումը: Մի առիթով նա անգամ հպանցիկ հրապարակավ խոստովանեց այդ մասին:

Նա շատ լավ գիտակցում է, որ կարող էր փրկել Հայաստանն ու Արցախը ողբերգությունից, և ինչպես ինքն է ընդգծում՝ իր վրա վերցնել պատմական պատասխանատվություն՝ հաջորդ սերունդներին թողնելով անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն, որը փայլուն հնարավորություն ուներ հաղթողի դիրքերից լուծել Արցախի հարցը, բայց վախեցավ ու չլուծեց, խուսափեց պատասխանատվությունից և իր նախորդների հետ մեր ժողովրդին ժառանգեց պատերազմ, ցավ, հիասթափություն, ողբերգություն, հուսահատություն, ապագայի նկատմամբ անորոշություն ու տագնապ։
Փաստորեն, նա պատրաստ չէր կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որ մեզ այս ճակատագիրը բաժին չհասներ։
 
 
Նորայր Նորիկյանը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահն է
 
 
 

Նմանատիպ նյութեր