Բաժիններ՝

Ես համարում եմ, որ Աստված իմ ընկերն է, ու ոնց էլ անվանեմ՝ մնալու է իմ բարեկամը. Անուշ Սարգսյան

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ որքա՞ն չքնաղ մարդու չէի ճանաչի, թե չլինեին սոցիալական կայքերը։

Հենց դրանք են, որ ճիշտ կիրառվելու դեպքում հնարավորություն են տալիս գտնելու ստեղծագործողներին, լույս սփռողներին, բարիներին, սիրողներին․․․ Այդպիսին է Անուշ Սարգսյանը, ում հետ վաղուց, ինչպես ասում են, ընկերներ ենք Facebook սոցիալական կայքում։

Շատ ուրախացա, երբ Անուշը համաձայնեց լինելու «Կենաց Ծառը» նախագծի հյուրն ու պատասխանել պատրաստածս հարցերին։ Մասնագիտությամբ լրագրող Անուշ Սարգսյանն այն կարծիքին է, որ լրագրող չեն դառնում, այլ լինում են․․․ խառնվածքով։ «Ավելի հաջողած կլինեի, եթե ուրիշ՝ գրելու հետ կապված մասնագիտություն ընտրած լինեի։ Քանի որ խառնվածքս լրագրողի չէ․ ես վազել չեմ սիրում, տեխնիկական միջոցները՝ ձայնագրիչ, համակարգիչ, հեռախոս, իմ ձեռքերում արագ շարքից դուրս են գալիս։ Ու ստիպված եմ խոստովանել, որ տեխնիկան ինձ չի սիրում․ իսկ մեր օրերում դա լրագրողի գրիչն է»,- անկեղծանում է Անուշը, որը վերջերս է ընթերցողին հանձնել իր առաջին՝ «Սադի տակի շենք» անունը կրող գիրքը։

Երբ խորհում եմ իմ սկզբի-ծննդի մասին, առաջինը մտաբերում եմ Թիֆլիսը․․․ Ասեք՝ Թիֆլիս ու պատկերացրեք մի մեծ տաք թեյի գավաթ՝ երեկոյան սեղանի շուրջ՝ խայտաբղետ անուշեղեններով շրջապատված: Թեյի սեղանի շուրջ՝ բազում ազգերի մարդիկ, որոնք խոսում են տարբեր լեզուներով։ Գավաթի կենտրոնից բարձրացող գոլորշին իրիկվա հովի հետ տանում է օրվա հոգնությունը, ու սեղանակիցները, թվում է՝ բոլորը արբած, երգում են կյանքի, ընկերության, սիրո մասին… Թբիլիսոյի մասին… Այդ համերաշխ ակապելլայի սեղանասեր, կենսասեր զամբյուղը միշտ լիքը պահող ծննդատանը՝ Արամյանցի հիվանդանոցում եմ ծնվել:

Ռուսթավելի պողոտայից դեպի Ջավախեթսկայա փողոց ձգվող զգայուն մի ջղի վրա է վաղ մանկությունս անցել, որի ամեն վայրկյանն ինձ շարունակում է սնուցել տարիներ անց ևս:

Սպիտակ ներկված մի համեստ բազմաբնակարան էր մեր շենքը՝ բազմազգ բնակչությամբ՝ հայ, վրացի, քուրդ, ադրբեջանցի, ռուս, աջար, աբխազ․․․ Սա բաբելոնյան աշտարակաշինության նախօրեն էր ասես, երբ դեռ բոլոր ազգերը կարողանում էին չխոսել նույն լեզվով, բայց հասկանալ միմյանց։

Հայրս, որ առաջին անգամ չէր հայր դառնում, երևի երազել էր, որ ես տղա ծնվեմ: Իմ ծննդյան վկայականը հանելիս նա նախապես որոշած անուն չի առաջարկել: Գինովցած, հյուրասիրության կերուխումից հետո մտել է անկյունի կոշկակարի բուդկան, «դարդը» պատմել ու դուրս եկել իմ անունը կոշկակարի կողմից փաթեթավորած գրկած: Իհարկե, էլ ուրիշ ի՞նչ, եթե ոչ՝ Անուշ. Թումանյանի ականջն էլ՝ կանչի… Հորս հետ կապված ուրիշ հիշողություն չունեմ։ Նրա վաղաժամ մահից հետո մորս ու քրոջս հետ բնակության ենք տեղափոխվել Կիրովական։ Այնպես որ, Թիֆլիսն իմ կարոտի քաղաքն է:

Մանկությունը լավագույնն է, ինչ պատահում է մեզ հետ կյանքում։ Որպեսզի նրա հետ դարձյալ հանդիպենք, պիտի արժանի դառնանք հետագա ողջ կյանքում։

Աստծո հետ վաղ եմ ծանոթացել․ դեռ թիֆլիսյան բակից։ Հայրս արդեն չկար։ Հրաժեշտի ինչ-որ անիմանալի, մինչ այդ չճաշակած թախիծ էր ինձ պատել Թիֆլիսից հեռանալու օրը։ Քռի խշշոցը ինձ էր հասցնում իմ ու երկնքի միջև անսպասելի հաստատված երբեմնի աղերսը։ Այն օրվանից, երբ փոքրիկ-մեծ գաղտնիքներ էի բացում հողի սրտում, վազվզում դրանց շուրջը թիթեռի նման… Բակում երեխաներից իմացել էի, որ վերևում Աստված կա: Նայում էի երկնքին. արևի ոսկիներն էի տեսնում ու ամպերը: Համոզված էի, որ արևը հենց Աստված է որ կա։ Լսել էի, որ ինչ խնդրանքով դիմեմ` կկատարի։ Խնդրում էի, որ հորս տեսնեմ… Արևը ժպտում էր, նայում էի նրա լույսին, աչքերս կկոցում, ուրախանում, որ հայրս լույս է` մաքուր, պայծառ․․․

Հրաշք է հրաշքի զգացման ունակությունը․ նրանից զուրկ չլինելու համար պարտական եմ մանկությանս։

Ես կյանքը գիտակցել եմ՝ «զոհելով» ամենից թանկը, որ կարող էր ունենալ երեխան՝ Հորս։ Ու եթե հայրս իր բացակայությամբ հերքել է մահը, ապա մայրս ինձ համար կյանքի հաստատումն է։ Ես նրանց երկուսին միացրել եմ իմ գրքում՝ «Սադի տակի շենքը» վեպ-էսսեում, որը նվիրել եմ ծնողներիս։ Նվիրել եմ մանկությանս։ Նվիրել եմ բոլոր ապրող հոգիներին։

Շնորհակալ եմ, որ վերից ինձ ժամանակ է տրվում՝ բովանդակություն առնելու ամենքից։ Ծնողներս, դստրիկներս, ընկերներս, պոեզիան, գրքերը, ուղեկիցներս, պատահական անցորդները․ բոլորն էլ ուսուցիչ են, որոնցից առած դասերը միշտ չէ, որ միանգամից եմ գիտակցել, գիտակցում․․․

Ես ապրում եմ, ուստի բոլոր բաղադրիչները, որոնցով պայմանավորված է մարդ արարածի գոյությունը, պայմանավորում են ինձ։ Դրանց փաստացի ճանաչողությունը ինձ համոզել է, որ կյանքը ժխտում չի հանդուրժում․ կյանքում ամեն բան կա, ու ես իմ պատկերացումները միշտ կառուցում եմ լինելության տեսանկյունից։

Հավատում եմ սիրո գաղափարին, հարգալից հարաբերություններին, իսկ հանդուրժողությունը, ըստ իս, մարդկության ամենամեծ ձգտումը պիտի դառնա։

Հուսահատության պահերին լաց եմ լինում․ գնալով ավելի ու ավելի քիչ, գնալով ավելի ու ավելի շատ․ արցուքներիս քանակն է միայն փոխվում։ Զգացմունքայնությունը իմ գոյության կերպերից մեկն է, և ցանկացած տատանում ինձ կարող է ծածանել՝ ծառից կախված տերևի պես։

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ կյանքը տրվում է նախ որպես շահում, շարունակվում որպես նվեր, ապա՝ որպես պարգև․ յուրաքանչյուր մարդու կյանքում՝ ըստ վաստակի, միայն թե պիտի համբերություն ունենալ դիտարկել ու հասկանալ այդ։

Կյանքը լիարժեք է, երբ հարազատ մարդիկ առողջ են, հնարավորինս մոտ, բարեկեցիկ, շրջապատի համար վնասակար չեն, ու դու ոչ միայն սիրում ես, այլևս սիրված ես նրանցից։ Երկրի ու ազգի համար՝ երբ չկա պատերազմ, չկա ցեղին սպառնացող մշտական վտանգ, և կա օրինական-օրինապահ իշխանություն։

Մարկեսն ասում էր, որ մարդն սկսում է մահանալ, երբ դադարում է սիրահարվել։ Համամիտ եմ. սիրահարությունը մարդուն ժամանակ է տալիս համոզվելու բազում հարցերում։ Ուստի այնպես չէ, թե այն մարդու խելքն առնում է։ Հակառակը՝ այն սիրո ուղեղն է։

Ես համարում եմ, որ Աստված իմ ընկերն է, ու ոնց էլ անվանեմ՝ մնալու է իմ բարեկամը։

Սիրած եկեղեցի ունեմ՝ Ավան թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Մոմ վառելուց հետո երբեմն նստում եմ բակի նստարանին․ այդտեղ նորատունկ ծառերի միջից երկինքն այնքան մոտ է թվում, ասես զեփյուռով սանրում է մազերս։ Այն զգացողությունն եմ ունենում, թե հայրս փաղաքշեց գլուխս․․․ թռվռալով եմ տուն վերադառնում։

Կուզենայի հորս շուրթերից լսել իմ անունը։ Կհարցնեի՝ գո՞հ է՝ ինչպիսին է մեծացել իր աղջիկը։

Կյանքիս գլխավոր ձեռքբերումն ընտանիքս է, դուստրերս, նրանցով շարունակվելու, գոյությունս արդարացնելու հնարավորությունը։ Նաև՝ գրելու, ստեղծագործեու այն պարբերական մղումները, որ իմ կյանքի կարևոր մասն են դարձել։ Շնորհակալ եմ երկնքին ու երկրին։ Կորուստներից չեմ ուզում խոսել։ Կյանքում ամեն ինչ պատճառահետևանքային շղթայի մեջ է։

Գրականություն ստեղծելու համար պիտի մոռանալ, որ գրականություն ես ստեղծում։ Պարզապես գրել այն պահին, երբ չես կարող չգրել։ Հեմինգուեյն ասում էր, որ պիտի գրել հարբած, իսկ խմբագրել սթափ։ Սա կարելի է հավատամք համարել ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստներով։
Գրականության տարածքը ազնվության տարածք է․ կեղծը, սարքովին, այստեղ-այնտեղից թռցրածը անմիջապես հասկացվում է։

Քրիստոսից երկու հազարամյակ անց մարդկությունը շատ քիչ տեղաշարժ է արձանագրել։ Ժամանակակից աշխարհը միշտ բերում է նորանոր արհավիրքներ իր գլխին։ Չավարտվող պատերազմներ, ահաբեկչություն, կրոնական մոլեռանդություն՝ խաղաղության, մարդասիրության ու մարդկային զարգացման գաղափարների կողքին։ Այնուամենայնիվ, Սերն է, որ մարդկանց գոյատևման հիմքն է՝ որ կողմից էլ նայենք։ Սա հասկանալու համար պետք չէ ոչ գիտնական, ոչ փիլիսոփա, ոչ բանաստեղծ լինել։ Այդ մասին ճչում է երկիր մոլորակի յուրաքանչյուր նորելուկ բնակիչ՝ ծննդատանը։

Քրիստոս շարունակում է ապրել մարդկանց մեջ։ Շատերն են տարբեր իրավիճակներում իրենց համար Նրան գտել, ճանաչել կամ նմանեցրել։ Նրա գոյությանը չեն հավատա կամ կսպասեն շարունակ, իսկ Նա կծնվի յուրաքանչյուր նորելուկ բնակչի մեջ ու կապրի այնքան, մինչև մարդիկ կհասկանան, որ արժանի են Նրան տեսնելու։

Դրախտն իմ պատկերացմամբ ժամանակ է, տեղ է, չափում է։ Հոգի է, ընկերակցություն, միջավայր։ Սեր է։ Ցանկացած մարդ, երևի, պատկերացում ունի՝ ինչ է դրախտը, ու երազում է մի օր հայտնվել այնտեղ։ Բայց ինչո՞ւ նա չի կարողանում իր կյանքը դարձնել դրախտ։ Եվ կամ՝ կարո՞ղ է արդյոք։ Սա հարցերի հարցն է մնում ինձ համար։

Հեղինակ՝ Ա․ Պողոսյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս