28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին

FCD727C0-B538-45CC-8891-C9A47F6C4C18

«Այս իշխանության եւ այս կառավարության համար անվտանգության խնդիրներն ի սկզբանե չեն եղել առաջնային։ Նրանք ցանկացած բան կարող են ասել, բայց ակնհայտ է, որ այս իշխանության համար առաջնահերթը կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ քաղաքական հակառակորդների դեմ պայքար մղելն է, ժողովրդավարության քողի տակ իր թավշյա իշխանազավթումը ներկայացնելն է, իսկ համահայկական օրակարգը, բանակաշինությունը եւ առհասարակ անվտանգության հիմնահարցերը երբեք փաշինյանի ուժեղ կողմը չեն եղել»,- «Փաստինֆո»-ին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով բյուջե 2020-ում ռազմական ծախսերի համար նախատեսված հատկացմանը։

Նշենք, որ կառավարությունը հաստատել է 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ՝ ռազմական պաշտպանության ծախսերը ավելացվում են ընդամենը 0,8%-ով, ինչը նշանակում է, որ ներկա 300,5 մլրդ դրամից հասցնելով 303 մլրդ դրամի, մինչդեռ Ադրբեջանը եկող տարվա համար ռազմական բյուջեն ավելացնում է 20 տոկոսով։

Բյուջեում տեղ գտած ցուցանիշները, Շարմազանովի խոսքով, առհասարակ, չեն համապատասխանում այն ամպագոռգոռ խոստումներին, որոնք տրվել են վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության կողմից. «Բոլորս հիշում ենք բյուջեն 800 միլիոնով ավելացնելու, տնտեսական հեղափոխություն իրականացնելու խոստումները, բայց 4.9 տոկոսով տնտեսական հեղափոխություն անհնար է անել, մեծ ներգաղթի մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ նույնիսկ Սիրիայում տեղի ունեցող մտահոգիչ թուրքական հարձակման հետ կապված, տեսնում ենք, որ կառավարությունը բացի հայտարարություններից գրեթե ոչ մի ծրագիր չունի, այդ թվում սիրիահայերի Հայաստան ներգաղթ կազմակերպելու վերաբերյալ։ Նույնը վերաբերում է ռազմական բյուջեին։ Պարոն վարչապետը խոստանում էր, որ պետք է ավելացնել ռազմական ծախսերը, հզորացնել ռազմական պոտենցիալը, բայց, իհարկե, 0.8 տոկոսն այն ցուցանիշը չէ, որը խոստացել էր նոր կառավարությունը»։

Շարմազանովն ասում է, եթե մի կողմ դնենք ռազմական բյուջեն շեշտակիորեն ավելացնելու վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած պոպուլիստական հայտարարությունները, ակնհայտ է դառնում , որ 2020 թվականի համար նախատեսված այդ փոքրիկ ավելացումը մտնում է անվտանգության ոլորտում Փաշինյանի վարած քաղաքականության համատեքստում.« Ես փորձում եմ կոռեկտ լինել, չասեմ սուտ, բայց խոստումների չկատարման քաղաքականություն է իրականացվում։ Այս կառավարությունը մի բան ասում է, մեկ այլ բան՝ անում։ Այստեղ համամիտ եմ Հրանտ Բագրատյանի հետ, որ Փաշինյանը, տեսնելով, որ իր խոստումները չեն իրականանում, ձերբակալությունների նոր օպերացիաներ է իրականացնում, բայց կառավարությունը միայն ԱԱԾ-ն ու 6-րդ վարչությունը չեն»։

ԱԺ նախկին փոխնախագահն ահազանգում է՝ անվտանգության տեսանկյունից ոչ միայն ռազմական ծախսերի, այլեւ գլոբալ առումով անվտանգային քաղաքականության առումով խնդիր կարող ենք ունենալ։ «Եթե իմ երկրի ԱԱԾ նախկին պետը պարոն վարչապետին ասում ՝ կանգ առ եւ սթափվիր, երբ իմ երկրի ԱԱԾ նախկին պետը իր անմիջական ղեկավարին ասում ՝ երկրորդականն ու առաջնայինը պետք է տարբերակել, երբ Արցախի գեներալները եւ առհասարակ բանակաշինության ակունքներում կանգնած մարդկանց մի ստվար մասը դեմ է արտահայտվում Արցախյան հիմնահարցի մասով տարվող քաղաքականությանը, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Ես ի սկզբանե ասել եմ, որ անվտանգության ոլորտում փաշինյանի իրականացրած քաղաքականությունը մտահոգիչ է»,-շեշտեց Շարմազանովը։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ ռազմական շքերթներ է կազմակերպում, թվով 3-րդ զորավարժությունն է անցկացրել, իսկ Հայաստանի իշխանությունն այդ ընթացքում դավադիր ուժեր է փնտրում Արցախում, գեներալներին վարկաբեկում, ձերբակալում կամ մեղադրանք է առաջադրում եւ ամենակարեւորը՝ ապրիլյան հանձնաժողով է ստեղծում՝ ստվերելու հաղթանակած պատերազմը։

«Այն էներգիան, որ ծախսվում է այս ամենի վրա, պետք է ծախսվեր մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ