Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի. ՀՀ վարչապետ

Մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թշնամին պետք է հասկանա, որ ջախջախիչ պարտություն է տանելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում նշեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը՝ շեշտելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարց չի հնչեցնի, այլ կներկայացնի իր դիտարկումները:

«Վիճակը վճռորոշ է, եկել է ժամանակը, երբ պետք է լինել առավել քան միասնական, Արցախի, Հայաստանի համար: Այլևս թշնամին պետք է հասկանա, որ ջախջախիչ պարտություն է տանելու՝ անկախ նրանից, որ նրան սատարում է Թուրքիայի պես պետությունը: Այս գործում զիջումներ չպետք է լինեն»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեզնից շատ ամուր կամք է պահանջվում: Նա համոզմունք հայտնեց, որ մենք ունենք այդ կամքը, վճռականությունը:

«Մենք պետք է այդ վճռականությունն ու դիրքորոշումը պահենք անկախ  կոնկրետ ժամանակահատվածում իրավիճակի զարգացումից: Շատ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում: Մենք պետք է հասկանանք, որ սա պարզ իրավիճակ չէ: Ուրախ ավարտը մե՛նք պետք է ապահովենք՝ քայլելով հրի ու սրի, անհնարինության, հուսահատության միջով, որովհետև դա է հաղթանակի ճանապարհը: Մյուս ճանապարհները, այն է՝  հետաձգել, խուսանավել, էլի խուսանավել… պետք է մի անգամ կանգնենք ու պաշտպանենք ինքներս մեզ, մեր իրավունքները, ընդ որում, չկորցնելով միջազգային հանրության անդամի պարտականությունների և իրավունքների մասին մեր պատասխանատվությունը: Այո, ճիշտ պետք է արձանագրենք: Եկեք բոլորս արձանագրենք ևս մի բան, չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Չկա հաղթանակ, որը նախ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի ու հավաքական մտքի և գիտակցության մեջ: Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք ճանաչում, ինչ էլ լինի մենք չենք դադարի քայլել, մենք չենք դադարի ընթանալ, մենք չենք դադարի պայքարել հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հաղթանակի, հանուն բոլոր ժամանակների մեր հերոսների: Մենք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ՝ հանուն ճշմարտության, արդարության, օրինականության: Եթե այդպես վարվենք, ապա մենք կհաղթենք, ես երաշխավարում եմ»,-հավելեց վարչապետը:  

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am