HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայկավանում «կանաչ էներգիայի» ներդրման եւ օրգանիկ մթերքների արտադրության փորձեր են արվում

Շիրակի մարզի Հայկավան համայնքում ազնվամորու մշակության գաղափարը առաջ է քաշվել «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից մեկ տարի առաջ: Գյուղի սոցիալապես անապահով 19 ընտանիք է ընդգրկվելու ծրագրում: Հայկավան համայնքի ղեկավար Սամվել Մխոյանի փոխանցմամբ` իրենց տարածքին ոչ բնորոշ հատապտղի աճեցման ծրագրից եղած ոգեւորվածությունը դեռ իրականության չի վերածվել՝ դոնոր կազմակերպություն չի հայտնվել այն ֆինանսավորելու համար:

«Գարնանը դոնորների հարցը չլուծվեց, հիմա հետաքրքրվում ենք, տեսնենք հնարավո՞ր է աշնանը սկսենք: Եթե լինի, ապա ընտրված ընտանիքներից ամեն մեկը մոտ 1000 քմ տարածք պիտի մշակի: Գյուղում անտանիք մի շինություն ունենք, որ մտածում ենք, ծրագրի հաստատման դեպքում, վերանորոգել ու ձեւավորել որպես պահեստային սառնարանային տնտեսություն,- բացատրում է Սամվել Մխոյանը,- ազնվամորին մենք կարող ենք հետագայում տեղում էլ վերամշակել՝ արեւային պահածոներ փակել: Այսինքն ոչ թե եփել, ինչպես ավանդաբար անում են մեր տանտիկիններն ու պահածոների գործարաններում, այլ դնել արեւի տակ, որ արեւի ջերմությամբ եփվի: Էստեղ տեխնոլոգիան փոխվում է արդեն՝ մեկ կգ ազնվամորուն 2 կգ շաքարավազ պետք է լցնես: Էս պահին մենք էլ դեռ չենք պատկերացնում, թե ինչ կստացվի, սակայն գաղափարի հեղինակները վստահեցնում են, որ սկսելու ու ամեն ինչ ճիշտ անելու դեպքում լավ արդյունքներ կունենանք»:

Ծովի մակերեւույթից 1550 մ բարձրության վրա գտնվող Հայկավանը Ախուրյանի տարածաշրջանի հյուսիս-արեւմտյան հատվածի ամենավերջին գյուղն է: Նրան հաջորդող Ողջին արդեն Ամասիայի նախկին տարածաշրջանի բնակավայր է համարվում: Մոտ 1300 բնակիչ ունեցող գյուղում գրեթե հավասարաչափ զբաղվում են անասնապահությամբ եւ բուսաբուծությամբ: Վերջին 6-7 տարիներին գյուղում սկսել են նաեւ մեծ քանակությամբ ծաղկակաղամբ մշակել: Գյուղի մշակովի տարածքներից գրեթե 10 հա հատկացվել է այս մշակաբույսին:

Մուրադյան Կարապետը ծաղկակաղաբի մշակությամբ զբաղվել է թե՛ ՌԴ-ում ապրած տարիներին, թե՛ հայրենի գյուղում՝ շուրջ 15-20 տարի: «Ռոստովում 5 տարի մշակել եմ, հըմի հիմնական մեր գյուղում կզբաղվիմ դրանով: Չէի ըսե, թե մեծ եկամտաբերություն կապահովե՝ տարին գիդե: Շատ դժվար գործ է, բդի ամեն օր դաշտ էրթաս, ամեն օր նայես բացված թերթիկներին, օր կապես արեւը չվառե՝ նուրբ, սպիտակ աղջկա նման է, բդի սիրես, փայփայես, հետը նուրբ վարվիս, օր չխռովի,- Կարապետը ծիծաղում է,- հըմի էլ ամեն ինչ «բիոյով» կչափեն: Ստիպված հավերին զոռով ներսը կպահենք, որ ներսը ծռտեն, ծեռտը չենք թափե՝ հավաքենք դաշտ կտանինք: Բիոյի դարդից դոխ(աղավնի) էլ կպահենք: Տանջանքը շատ է, քուր ջան, էն սածիլը դնելուց մինչեւ հավաքելը հաշվե, որ դու ամեն օր օրական 6-7 ժամ դաշտից տուն չես գա: Հետն էլ շուտ փչացող մթերք է ծաղկակաղամբը, բդի արագ կարգով իրացնես, թե չէ կփչանա»:

Մշակում են, բերքը ստանում, սակայն իրացման կոնկրետ շուկա չունեն հայկավանցի ծաղկակաղամբ մշակողները: «Ես երեկ 400 կգ ծաղկակաղամբն ավտոյով տարել եմ Վանաձոր ու որպեսզի չմնա փչանա, էդ սաղ տարածս 25 հազար դրամով տվել եկել եմ, օր չբերեմ հետո թափեմ,- դժգոհում է երիտասարդ հայկավանցին՝ չցանկանալով ներկայանալ,- կես հա ցանել եմ ու 15-17 տոննայի ակնկալիք ունեմ, բայց կգ-ը 50 դրամով հանձնելը տնաքանդություն է: Մե վախտմ վրացիք գուկային կտանեին, բայց էս տարի չեն երեւացել: Ներքին շուկայում սպառելն էլ է պրոբլեմ: Տարի կա 250 դրամ է, տարի կա` 50, ստաբիլ հեչ մի բան չկա»:  

Համայնքապետ Սամվել Մխոյանն ասում է, թե շիրակցիները ծաղկակաղամբը սննդի մեջ քիչ են օգտագործում՝ հիմնականում թթվեցված տարբերակով: Իրացնելու համար բերքը հասցնում են Նոյեմբերյան, Երեւան, Վանաձոր եւ այլն: «Մեր կընկտիք հըմի չեն ուզե առնի, կըսեն հըբը ցուրտ մե հատըմ «չուտե՞» իրան,- կրկին միջամտում է Կարապետ Մուրադյանը,- հըմի էս երաշտ տարում ուրդի՞ց ցուրտ գտնինք: Տաք էր, շուտ հասավ, չենք կըրնա պահե, էս սեզոնին էլ թթու չեն դնե: Ըդպես մնացել ենք երկու քարի արանք: Կըսենք՝ հմի առեք, տարեք լցրեք պադվալները: Չէ, ընչի՞ հըմի առնին, թող մնա, դառնա 300 դրամ, էն վախտ յալվարով կառնին, օր լցնեն բանկեքը: Մեր ժողովուրդն էլ է մե տեսակմ տարօրինակ»:

Հայկավան գյուղի ղեկավարի համոզմամբ հայ գյուղացին արտադրելու խնդիր չունի: Անպատասխան հարցերը ծնվում են, երբ հերթն հասնում է իրացմանը: «Տարի է եղել, որ գյուղում 20-30 հա-ի վրա ծաղկակաղամբ են մշակել: Անցյալ տարի իրացումը շատ վատ էր՝ ցանքատարածություններն էս տարի քչացրին: Նույնն էլ անում են կարտոֆիլի ու հացահատիկի պահով՝ տարբերություն չկա: Ես մի բան գիտեմ, որ պետությունը գյուղացու համար երկու կարեւորագույն հարց պիտի լուծի՝ բերքի իրացման երաշխիքը տա, որ էսքան քանակությամբ անպայման կիրացվի, եւ բերքի պահպանության ապահովագրության հարցը: Էսօր ապահովագրություն ուզում են անեն, բայց ոչ թե պահպանման, այլ կատարած ծախսերի»,- նկատում է համայնքապետը:

Ապահովագրությանը զուգահեռ պետք է  զարգանա հակակարկտային համակարգը, համոզված է Սամվել Մխոյանը: Հայկավանի վարչական տարածքում կա երեք հակակարկտային կայան, որից երկուսը տեղադրվել են 2007թ-ին՝ մարզին հատկացված հրատապ ծրագրերի գումարներից, եւ եւս մեկը տեղադրվել է  2014թ-ին՝ համայնքի միջոցներով: Քանի որ կարկտաբեր ամպերը հիմնականում գալիս են Թուրքիայի կողմից, իսկ Հայկավանը, Ողջին ու Մեղրաշատը հենց սահմանի հարեւանությամբ են, առաջնահերթ հենց իրենց ցանքատարածություններն են տուժում: Սահմանի երկարությամբ գործող հակակարկտային կայաններին պետք է եւս մեկն ավելանա, որ շղթան փակվի ու ամբողջությամբ ապահովվագրված լինեն կարկուտից, նկատում է Հայկավանի ղեկավարը:

Հայկավանի բյուջեն 32 մլն դրամ է, որից սեփական եկամուտները՝ 9 մլն, դոտացիան՝ 23 մլն դրամ: Սեփական բյուջեով որեւէ մեծ ծրագիր իրականացնել հնարավոր չէ, սակայն ներդրումային ծրագրերին համայնքը միշտ պատրաստ է մասնակցելու: Այս տարի հաջողվեց «Կանաչ էներգիան հանուն կանաչ սոցիալ-տնտեսական առաջընթացի» ծրագրի շրջանակներում մանկապարտեզն ապահովել արեւային ջրատաքացուցիչով: Որպես ծրագրի շարունակություն` մանկապարտեզի բակում տեղադրվել է արեւային ֆոտովոլտային կայան:

«Արդեն 10 օր կլինի, որ միացել ենք ցանցին ու արդեն 160 կվտ հոսանք է արտադրել: Սկզբում որոշվել էր, որ 3,5 կվտ հզորությամբ պետք է դրվի, հետո որոշեցինք, որ կարելի է 5,5 կվտ հզորությամբ կայան ունենալ: Ծրագրի արժեքը 2 մլն 320 հազար դրամ էր, որից համայնքի ներդրումը 960 հազար դրամն էր, մնացածը «Կանաչ էներգիա» հիմնադրամինը: Որ հզորացման հարց դրվեց, ստացվեց այնպես, որ համայնքի ներդրման բաժինն ավելացավ, ու մենք հիմա պիտի հավելյալ 450 հազար դրամ ներդրում կատարենք»,-ասում է համայնքի ղեկավարը՝ նշելով, որ դիմել են մարզպետարանին աջակցության համար, սակայն դրական պատասխան չունեն եւ պիտի փորձեն այլ աղբյուրներից հայթայթել հիմնադրամի պարտքը:

Հայկավանում առաջնահերթ լուծվելիք երկու խնդիր կա: 2009թ-ին սկսած ու այդպես էլ չավարտած համայնքի գազիֆիկացումն ու մշակույթի տան շենքի հիմնանորոգումը: Ութ տարի առաջ նախաձեռնած գազիֆիկացման համար ծախսված 52 մլն դրամը չփոշիանալու համար համայնքապետի` տարիներ շարունակ իշխանություններին ուղղված դիմումներին դեռ դրական պատասխան չկա: «Եթե սկսած չլինեինք, գործ արված չլիներ՝ սսկվեինք տեղներս կնստեինք,- ժպտալով նկատում է Սամվել Մխոյանը,-բայց գազամուղը հասցվել է գյուղ ու ո´չ ապամոնտաժել է լինում, ո´չ շարունակել: Հիմա որ վերահաշվարկ անեն, հաստատ մի 70 մլն դրամի կարիք կլինի գյուղի գազիֆիկացումն ավարտելու համար: Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ արդեն որոշակի պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ հրատապի գումարներից տրամադրեն մեզ, մենք էլ մի 10 մլն դրամ բյուջեից ներդնենք, բայց փոփոխություն եղավ, ու հարցն էլի մնաց օդի մեջ»:

Հայկավանի գյուղապետարանը տեղավորված է 70-ականներին կառուցված մշակույթի տան երկրորդ հարկում: Շենքը հիմնանորոգման կարիք ունի: 2005թ-ին քաղաքաշինության նախարարության հանձնարարականով` մի քանի գյուղերի մշակույթի օջախներ հիմնանորոգման ծրագրի մեջ են ընդգրկվել, այդ թվում եւ Հայկավանինը: 12 տարի առաջ արած հաշվարկներով` 70 մլն դրամ էր պետք կոնկրետ Հայկավանի մշակույթի տունը նորոգելու համար:

«Անցյալ տարի ես նամակ գրեցի քաղշին նախարարությանը, որ խնդրում եմ այդ նախագծերը մեզ տրամադրել լրամշակման համար: Բերել ենք, բայց դեռ չենք տվել լրամշակման, մտածում եմ ամենաշատը մի 10 մլն դրամ էլ է ավելանալու: Հիմա, որ գտնվի էդ 80 մլն դրամը, ապա կունենանք հարմարավետ ֆունկցիոնալ շենք, որտեղ բացի գյուղապետարանից, կարող ենք վերջապես գրադարանի համար նորմալ պայմաններ ապահովել, ժամանցի սենյակներ կլինեն, դահլիճ կունենաք 300 տեղանոց»,-ասում է Սամվել Մխոյանը

Մշակույթի տունը, որ տարիներ առաջ վերանվանվել է համայնքային կենտրոն, ունի նոր գույքի կարիք: Առաջին հարկում կա հարմարավետ տարածք, որ վերանորոգելուց հետո համայնքապետը մտադիր է տրամադրել «Գեղարդ» ստուդիայի կազմում հանդես եկող «Հայկավան» պարային խմբին (գեղ. ղեկավար Արման Սարգսյան), որտեղ 3-րդ տարին է հայկավանցի 35 երեխա է հաճախում, ունեն գրանցած բազմաթիվ հաջողություններ, արտերկրում էլ հասցրել են մասնակցել փառատոնի ու մրցանակով վերադարձել:

«Հիմա, որ համայնքների խոշորացում է սպասվում, ու չգիտենք էլ` փնջի կենտրոնը որ գյուղն է լինելու, երեւի նորից վերադարձ կատարենք մշակույթի տուն հասկացությանը, որ կարողանանք լիարժեք օգտագործել հնարավորություններն, եթե իհարկե տարիներ սպասված հիմնանորոգումն իրականացվի»,-շեշտում է համայնքապետը:

Համայնքների խոշորացման ծրագիրը Հայկավան հավանաբար կհասնի հաջորդ տարի: Սամվել Մխոյանն ասում է, որ Ախուրյան գետի հարեւանությամբ գտնվող Առափի, Հայկավան, Ոսկեհասկ եւ Ախուրիկ գյուղերի համայնքապետերով դիմել են կառավարությանը մեկ փնջում միավորվելու համար: «Մեզ ասին, որ հաշվի կառնեն առաջարկը, գուցե եւ հավանության արժանանա, քանի որ ոչ թե ընդհանրապես հրաժարվում ենք, այլ մեր տարբերակն ենք առաջարկում,- բացատրում է Սամվել Մխոյանը,- որովհետեւ էնպես էր ստացվել, որ մենք ընդհանրապես դուրս էինք մնացել փնջերից, բայց եթե պիտի այսպես, թե այնպես միավորեն, ապա գոնե էս 4 գյուղը, որ սահմանակից են, ունեն նույն մշակութային սովորությունները, կարող են առաջացած պրոբլեմները միասին լուծել, իրար հետ միավորեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter