Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հույսը պետք է դնել մեր ուժերի, աննկուն կամքի վրա. Նարինե Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ-ի նոր հանձնախմբի մասին

Հույսը պետք է դնել մեր ուժերի, աննկուն կամքի վրա. Նարինե Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ-ի 
նոր հանձնախմբի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների ընթացքում մշակութային կառույցներին պատճառված վնասներն ուսումնասիրելու, գնահատելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանձնախումբ է ձևավորել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ասաց, որ հանձնախմբում ընդգրկված են հնագետներ, ԻԿՕՄ Հայաստանի անդամներ, մասնագետներ Արցախից:

«Հանձնախումբն անդրադառնալու է ոչ միայն Արցախում վնասված մշակութային արժեքներին, այլև Հայաստանի սահմանամերձ գոտիներին, որոնց մշակութային կոթողները ևս ապահովագրված չեն ոտնձգություններից: Արդեն սկսել ենք աշխատել: Թող ամեն ինչ հանդարտվի, և կարող ենք ներկայացնել այն, ինչ արել ենք»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն Արցախում թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, Խաչատուրյանն ասաց, որ անմիջապես գրություններ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամին, Համաշխարհային ժառանգության հիմնադրամին, Հնագետների եվրոպական ասոցիացիային, Թանգարանների միջազգային խորհրդին, ԻԿՕՄՕՍ-ին և մի շարք այլ միջազգային կառույցների:

Նրա խոսքով՝ որոշ կառույցներ արձագանքել են և դատապարտող հաղորդագրություններ տարածել: «Մենք գալիս ենք մի եզրակացության, որ մենք և միայն մենք մեր ուժերը, մեր կամքը պետք է բանեցնենք ամեն հարցում»,- շեշտեց Նարինե Խաչատուրյանն ու նշեց, որ առաջին դեպքը չէ, երբ պատերազմի պատճառով մշակութային արժեքներ են կործանվում, և դրա վառ օրինակը Մերձավոր Արևելքն է:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պայմանավորվել են հոկտեմբերի 18-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել է Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]