Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի առաջին կեսին՝ նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսի շրջանակում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը: ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Փարիզի «Insitut du Monde Arabe» թանգարանում սեպտեմբեր 25-ին բացվել է «Քրիստոնեության ծնունդը Միջին Արեւելքում» խորագրով ցուցահանդես: Բացման արարողությունը նախագահել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Լիբանանի նախագահ Միշել Աունը: Այս ցուցահանդեսին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը ուղարկել է 14-րդ դարի երկու ձեռագիր եւ խորանի 1798թ. վարագույր: Ցուցահանդեսում անդրադարձ կար նաեւ Հայոց Ցեղասպանությանը` նկարների միջոցով ներկայացնելով հայերի հաստատվելը Սիրիայում եւ Եգիպտոսում:

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամաշիր։

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցել ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսի և Դին Քեյնի նախաձեռնությամբ նկարահանված «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման, 1988-ին Ադրբեջանում հայերի դեմ իրականացված կոտորածների, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա իրականացրած հարձակումների, ինչպես նաև ցեղասպանության փաստի նկատմամբ ԱՄՆ ժխտողական դիրքորոշման մասին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի Երեւանում գտնվող անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում՝ մասնավորապես նշելով. «Մոլորակի յուրաքանյուր մարդ պարտավոր է այցելել այս թանգարանորպեսզի հիշի եւ չմոռանա տեղի ունեցածը»։

Հայաստան և աշխարհ

 Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը 137 երկրի շարքում` բարելավելով դիրքը 6 հորիզոնականով:  Նախորդ տարի 138 երկրից բաղկացած ցուցակում Հայաստանը զբաղեցրել էր 79-րդ տեղը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևային: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում, նշել է, որ հումանիտար համագործակցության հարցերը, այդ թվում՝ կրթության և գիտության ոլորտներում, կարևոր տեղ են զբաղեցնում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության օրակարգում: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Հայ-ռուսական առողջապահական երրորդ համաժողովին: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն ավանդական դարձած առողջապահական համաժողովի անցկացումը, որը, Նախագահի համոզմամբ, շատ լավ հարթակ է երկու երկրների պետական ու մասնավոր առողջապահական կազմակերպությունների միջև փոխգործակցության զարգացման, ոլորտի արդիական հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման համար: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիին, ով ժամանել է Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը նախարարին խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին և վարչապետ Հեյդեր ալ Աբադիին՝ վստահեցնելով, որ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը եղել և շարունակում է մնալ Իրաքի կողքին: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին: Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:  Նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը, հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Վրաստանի Նախագահը, շնորհակալություն հայտնելով Հայաստանին, Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաեւ Հայաստանում:

Երևանում անցկացվել է հայ-ռուսական առողջապահական համաժողովը, որի օրակարգում ներառված են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հրատապ հարցեր: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է որ, ֆորումի ընթացքում քննարկվելու են միգրանտների առողջության և ծխելու դեմ պայքարի հարցերը, որտեղ Հայաստանի համար շատ հետաքրքիր է ՌԴ փորձը և արձանագրած հաջողությունները, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի միասնական քաղաքականության հարցը, որը  ևս մեզ համար շատ կարևոր է:

Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստը: Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները:

Երեւանում անցկացվել է «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները:   ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ գործունեության ծրագրի համաձայն անցկացվող լսումների շրջանակում զեկույցներով հանդես կգան ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Տեղեկատվական ինքնիշխանությունը ազգային- պետական լրատվական քաղաքականություն իրականացնելու պետության բացառիկ իրավունքն է։ «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում անդրադառնալով տեղեկատվական ինքնիշխանության հիմնահարցերին՝ նման դիտարկում կատարեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը: «Այս եզրույթը, լինելով հարաբերականորեն նոր, տարբեր սահմանումներ ունի, սակայն ժամանակակից հասարակագիտությունը դեռևս  չի տվել այդ հասկացության միասնական բնութագիրը։  21-րդ դարասկզբի հասարակական ու քաղաքական մտքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ, հաճախ, ժամանակակից աշխարհի առջև ծառացող մարտահրավերները մնում են անպատասխան։ Աշխարհը գտնվում է նորանոր խնդիրների լուծումների փնտրտուքում, ինչը բազմաթիվ մտածողների հիմք է տալիս ներկան համարել անորոշությունների ժամանակաշրջան։ 2016թ ձևակերպվեց ժամանակակից աշխարհի զարգացման սցենարներից մեկը, որն անվանվեց 4-րդ արդյունաբերական հեղափոխություն՝ քաղաքակրթության տեղաշարժ դեպի նոր, տեխնոլոգիական հեղափոխություն, որը արմատապես փոխելու է մարդկության կյանքի ընթացքը, և այդ փոփոխությունը օտար կլինի այն փորձառությանը, որ մարդը կուտակել է հազարամյակներ շարունակ»,- իր՝ «Պետական լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակությունների տեղեկատվական ինքնիշխանության ապահովման գործում» խորագրով զեկույցը ներկայացնելիս ասաց լրատվական գործակալության տնօրենը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը: «2008-2016 թթընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան  միջինը 20-22 տոկոս աճինչը   պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», - իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը  փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը վրացի գործընկերի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Ջավախքում հայկական եկեղեցու բակում հայ բնակիչներին ծեծելու դեպքի առնչությամբ։ ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավորինս շուտ կհանգուցալուծվի: Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել: Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Լարվածությունն աճել է բնակիչների և ոստիկանների միջև, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայերին։

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ կառավարությունը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը կուղարկի Ազգային ժողով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին:

Երևանում տեղի ունեցավ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ տարեցտարի «ԴիջիԹեք»-ն ավելի ընդլայնվում է, առաջարկվում են նոր լուծումներ:

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է էլեկտրական շարժիչով և ինքնավար ավտոմեքենա: Մեքենան ցուցադրության է ներկայացված «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում: Մեքենան արտադրվել է National instruments ընկերության և հայ մասնագետների ջանքերով. այն նախագծել և ստեղծվել է անհատ ձեռներեց, մասնագիտությամբ ճարտարագետ Դավիթ Գևորգյանի կողմից:

Ծաղկաձորում գործարկվել է 0,5 մեգավատ հզորությամբ առաջին համակարգային «Արևէկ» արևային կայանը։ ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի խոսքով` այս կայանն առաջինն է արևային կայանների կառուցման համար 11 լիցենզիա ստացածներից, որոնց շինարարական աշխատանքները 2019 թվականին ավարտին են հասցվելու: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում կառուցված անապահով և հաշմանդամ երեխաների ուսումնական և վերականգնողական ժամանակակից կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը նախատեսված է տարեկան թվով մոտ 1000 երեխայի սպասարկման համար: «Երևան, իմ սեր» հիմնադրամի այս նախագծի խոշորագույն նվիրատուներն են Հայկ և Էլզա Դիդիզյանները:

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելու մասին օրենքներ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը և այլ միջազգային փաստաթղթեր վավերացնելու մասին ՀՀ օրենքներ: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության նորաբաց ժամանակակից կենտրոն, որը հիմնադրվել է Հայաստանում դեռևս 2015թ-ից գործունեություն ծավալած «Ուիգմոր Քլինիք» ընկերության կողմից։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր: Սահմանվել է կառավարության կառուցվածքը:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը  մամուլի ասուլիսի ընթացքում հակիրճ ներկայացրել է ԱՀ կառավարությանանցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ՝ նշելով, որ եթե 2007թվականին հանրապետության ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017թվականին այն կանխատեսվում է հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ:

ՀՀ զինուժն անցկացրել է զորավարժություններ «Սմերչ» համակարգերի մարտական կրակով:

Երկարատև հիվանդությունից հետո 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

Սփյուռք

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդ  Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը մեկնել է  Բուլղարիայի Յամբոլ քաղաք՝ հանդիսապետելու նորակառույց եկեղեցու օծման և բացման  արարողությունը։

Միջազգային խճանկար

Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն- Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքը կզբաղեցնի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի 709 տեղերից 246-ը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել Է երկրի Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական ձեւին:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում: Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր չէ կենտրոնական կառավարությունից անկախության հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, որը սեպտեմբերի 25-ին ընթանում Է Իրաքի քրդական ինքնավարության տարածքում: Այդ մասին հայտարարել Է տարածաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին: Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) քվեարկել է Իրաքյան Քրդստանում երկրի սահմանում տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին ի պատասխան այդ ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման։ Իրաքի զինված ուժերը Թուրքիայի զինվորականների հետ զորավարժություններ կսկսեն Իրաքյան Քրդստանի սահմանին: Այս մասին ասվում է Իրաքի ԶՈՒ զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ: Քրդական իշխանությունները կտրականապես մերժել են 72 ժամվա ընթացքում Էրբիլում եւ Սուլեյմանիեում սահմանային բոլոր անցակետերի եւ օդանավակայանների նկատմամբ հսկողությունը դաշնային իշխանությունների կառավարմանը հանձնելու Բաղդադի պահանջը: Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) հավանություն Է տվել Քրիքուկի նահանգ իրաքյան զորքեր ուղարկելուն, որը գտնվում Է քրդական զինված կազմավորման՝ «փեշմերգայի» հսկողության ներքո: 

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Մյանմայի զինված ուժերին մեղադրել Է մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված արեւմտյան Ռաքհայնի նահանգի տարածքում ստեղծված իրադրության հետ։ Ռաքհայնի տարածքում իրադրությունը, որտեղ համահավաք ապրում Է մուսուլման ռոհինջա ժողովուրդը, կտրուկ սրվել Է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջաների փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ հարձակում կատարեցին ոստիկանության 30 հենակետերի վրա. դրանից հետո Մյանմայի անվտանգության ուժերը ուժային գործողություն են սկսել տարածաշրջանում: Վերջին տվյալների համաձայն, բախումներն ավելի քան 400 մարդու կյանք են խլել: Մյանմայից Բանգլադեշ են փախել 700 հազարից մինչեւ 800 հազար ռոհինջա մուսուլմաններ: Այդ մասին հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին։ Մյանմայի իշխանություններն առնչություն չունեն Ռաքհայնի նահանգում Էթնիկական զտումների հետ, իսկ դրանց վերաբերյալ հաղորդումներն ապատեղեկատվություն են: Այս մասին հայտարարել է երկրի ազգային անվտանգության հարցերի պետական խորհրդական Թաունգ Թուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Նա հանդիպման մասնակիցներին հավաստիացրել Է, որ Մյանմայի իշխանությունները հավատարիմ են մարդու իրավունքների հարգմանը, եւ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հրավիրել Է այցելելու երկիր, որպեսզի նա անձամբ համոզվի դրանում։

Մշակույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում  համագործակցության համաձայնագիրը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին: Ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ և տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան:

Սպորտ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր ՝ հաղթելով չինացի շախմատիստ Դին Լիժենին: Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ։

Yerevan Open շախմատային մրցաշարի հաղթող դարձավ Կարեն Գրիգորյանը:

Ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր դարձավ արդեն գավաթը նվաճած Գյումրու «Շիրակ»-ը՝ 2։0 հաղթելով Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ին։ ը և գավաթակիր «Շիրակ»-ը խաղարկեցին Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը:

Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն իր հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ 10-ռաունդանոց մենամարտում հաղթելով մեքսիկացի Սերխիո Ֆրիասին և նվաճելով «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը: Ֆրիասը նախորդ տարի նոկաուտի էր ենթարկել Վիկ Դարչինյանին:

Ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնությունում Արա Պողոսյանը երկամարտի 186 կգ արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մոնթե Մխիթարյանը երկամարտի 193 կգ-ով արժանացավ արծաթե մեդալի։  մինչև 17 տարեկանների պայքարում 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը  երկամարտի 296 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը: 69 կգ քաշային կարգում Գևորգ Ղահրամանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 15 տարեկանների երկամարտի 238 կգ արդյունքով: Մինչև 17 տարեկանների պայքարում 69 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը երկամարտի 296 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը: Նույն քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում՝ մինչև 15 տարեկանների պայքարում 69 կգ քաշային նա 78 կգ և հրեց 105 կգ:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության շաբաթվա Fantasy football թիմում:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որակազրկվել է մեկ տարով: Բացի Հայաստանի հավաքականից, որակազրկվել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները: Հայաստանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Միջազգային ֆեդերացիան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Տիգրան Մարտիրոսյանի, Հռիփսիմե Խուրշուդյանի և Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]