Չինաստանի «քաղաքակրթական» գրոհը գլոբալ մրցապայքարում
Մայիսի 26-ին հազվադեպ այցով Հայաստանում էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Դրան նախորդել էր Հայաստանի վարչապետի այցը Պեկին, որտեղ նա մասնակցել էր «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» խորագրով համաժողովին, ունեցել երկկողմ բարձրաստիճան հանդիպումներ։ Հայ-չինական հարաբերություններում նկատվող այս դինամիկան հանրային դիսկուրսի կիզակետ է կրկին բերել Չինաստանի համաշխարհային դերակատարության և նրա հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկումները։
Չինական ապրանքները բավականին ցածր համարում ունեն․ դրանք անորակ են, բայց և էժան։ Իսկ չինական մշակութային արժեքները, ընդհակառակը, մեծ համբավ են վայելում, և չինական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում չի կորցնում իր գրավչությունը։
Այս երկու հանգամանքները՝ էժան ապրանք և բարձր մշակույթ, կարծես դարձել են գլոբալ դերակատարության ձգտող ներկայիս Չինաստանի արտաքին քաղաքականութան կարևոր բաղադրիչները, որոնց հաջողված խառնուրդը լայն հնարավորություններ է բացում Չինաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար։ Չինաստանի մեծամասշտաբ հավականությունների վառ վկայությունն է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը ենթադրում է բազմամիլիարդանոց ներդրումներ և ենթակառուցվածքների զարգացում 150-ից ավել երկրներում ու մի քանի մայրցամաքներում։
Բնականաբար, Արևմտյան երկրներն ու առաջին հերթին ԱՄՆ-ը, մեծ զգուշավորությամբ են հետևում այս ամենին և քայլեր են ձեռնարկում չինական ազդեցության տարածման դեմն առնելու ուղղությամբ։ Ամերիկյան նախաձենռությամբ այսօր ԱՄՆ-ն ու Չինաստանը ներգրավված են լուրջ «առևտրային պատերազմների» մեջ, ինչը բացասաբար է ազդում նաև գլոբալ տնտեսության վրա։ ԱՄՆ-ը Չինաստանին համարում է ռազմավարական մրցակից և անվտանգության սպառնալիք, և նրա դեմ պայքարում կիրառում է նաև մշակութային պիտակավորման տարրեր։
Անցած ապրիլին ԱՄՆ պետդեպի քաղաքական պլանավորման վարչության պետ Կիրոն Սքիները Չինաստանի հետ մրցակցությունը նկարագրել էր որպես «պայքար իրականում տարբեր քաղաքակրթության և տարբեր գաղափարախոսության հետ», ավելացնելով, որ սառը պատերազմը պայքար էր Արևեմտյան ընտանիքի մեջ։ Նման տեսակետները մեկնաբանվում են որպես «քաղաքակրթությունների բախման» տեսության վերակենդանցման փորձեր, ինչին կտրուկ դեմ է Չինաստանը։
Մայիսի 15-ին Պեկինում Ասիական քաղաքակրթությունների ֆորումի անցկացումը տեղավորվում է այս մոտեցման շրջանակներում։ Ֆորումի անվանումն ինքնին արդեն ուղերձ էր։ Հոգնակի թվով ասիական քաղաքակրթությունների միջև երկխոսությունն արդեն հերքում է քաղաքակրթությունների բախման թեզը։ Ակնարկվում է նաև, որ արևմտյան քաղաքակրթությունը՝ ամերիկյան ենթատեսակով Ասիայում անելիք չունի։
Միջոցառմանը նախագահ Սի Ծինպինն իր ելույթում Չինաստանը ներկայացրել է որպես բոլորի համար բաց, ոչ սպառնալից երկիր՝ ընդգծելով, որ չինական քաղաքակրթությունը «բաց համակարգ է», որը մշտապես փոխանակումների մեջ է այլ մշակույթների հետ։ Առանց անուն տալու, բայց անուղղակի ակնարկելով նախագահ Թրամփի «Նախ և առաջ Ամերիկան» կարգախոսը, նախագահ Սին շեշտել է, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ գոյատևել։
Քաղաքակրթական երկխոսությունը կարևորելու մեկ այլ հետաքրքրական հարթակ է «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը», որը նախաձեռնել է Հունաստանը և աջակցություն է ստացել Չինաստանի կողմից։ Այս ֆորումի նախարարական երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել Չինաստանում։ Անդամների թվում են Եգիպտոսը, Իրանը, Իտալիան, Բոլիվիան, Պերուն, և նաև Հայաստանը։
Ինչքան էլ, որ չինացիները պնդեն, որ հակամարտություններին ու մրցակցություններին չպետք է քաղաքակրթական երանգավորում տալ, հենց քաղաքակրթությունների երկխոսության մասին թեզի առաջ մղումը չինական «փափուկ ուժի» մաս է կազմում։ Չինաստանը վստահ է իր քաղաքակրթական ամրության ու գրավչության վրա, այդ իսկ պատճառով միջազգային հարաբերություններում այդքան մեծ կարևորություն է տալիս այդ գործոնին։ Չինական մշակույթի հետ ասոցացվող դրական հույզերը ճանապարհ են հարթում տնտեսական աննախադեպ աճի արդյունքում չինական ոչ թանկարժեք ապրանքների արտահանումը խթանելու համար։ Դրանց գումարած ռազմական մեծածավալ արդիականացման գործընթացը Չինաստանին դարձնում են համաշխարհային հեգեմոնի լուրջ հավակնորդ։
Հայաստանը, որը կամա թե ակամա հայտնվել է քաղաքակրթությունների քաղաքականացման գործընթացում, ևս պետք է փորձի աշխարհաքաղաքական ու կոնկրետ տնտեսական օգուտներ քաղել, այլ կերպ ասած՝ կապիտալիզացնել իր մշակութային ինքնությունը, որն առօրյա կյանքում հաճախ դրսևորվում է «հին ու եզակի ազգ» լինելու սնափառ ինքնագովեստի տեսքով։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունները մոտենում են ավարտին. ԱՄՆ ֆիննախարար
- Եվրոպան քննարկում է Չինաստանի հետ տնտեսական կապերի հեռանկարները
- Չինաստանը ինքնուրույն գերտերություն է, ով խաղում է իր կանոններով
- Մոսկվա-Պեկին. Ռուսաստանի ինչին է պետք «չինական ուրախությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին