Անիմաստ եմ գտնում հանրության վստահությունը գրեթե իսպառ կորցրած սուբյեկտի ցանկացած անհավասարակշիռ խոսքին արձագանքելը․Գ․ Դանիելյան
Անիմաստ եմ գտնում հանրության վստահությունը գրեթե իսպառ կորցրած սուբյեկտի ցանկացած անհավասարակշիռ խոսքին արձագանքելը, չեմ էլ լսում, պարզապես ակամա իրազեկվում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Անիմաստ եմ համարում ընդգծել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հավաքական անասելի բարձր որակը և ներուժը, բավարարվեմ միայն նկատելով, որ միջազգային մրցույթներում մեր շրջանավարտները տարածաշրջանում լավագույնն են (ոմանց տխրեցնեմ՝ հաղթել ենք նաև թուրքերին), իսկ միջազգային չափանիշներով առաջատարների շարքերում են։ Մեր հանրությանն ուղղակի տեղեկացնեմ, որ ֆակուլտետում խորապես հարգվում է յուրաքանչյուրի տեսակետն ու սկզբունքները, իսկ որոշումները, ի տարբերություն Կառավարության ու Ազգային ժողովի, միաձայն չեն ընդունվում և այլ կարծիք ունեցողին հակահեղափոխական չեն պիտակավորում։
Երկրի հոգսերով ապրող իրական ղեկավարը պարզապես կհպարտանար այսպիսի բարձրակարգ գիտակրթական կառույցով, որտեղ մշակվում են նաև բոլոր առանցքային ու բարդագույն օրինագծերը։ Կոնկրետ մեր՝ դասախոսներիս, գնահատականը արտացոլվում է ուսանողների անանուն սոցիոլոգիական հարցումներով, ինչը շատ մոտ է գերազանցին և համեմատության եզրեր անգամ չունի ներկայիս իշխանության վարկանիշի հետ ...»,- գրել է նա։