Մատչելիության հղումներ

Հայաստանի հարևանները թուլացնում են կարանտինի սահմանափակումները


Բաթումի, Վրաստան
Բաթումի, Վրաստան

Հայաստանի հարևան երկրները ևս թուլացնում են կորոնավիրուսի կարանտինի սահմանափակումները, վերաբացում առևտրի ու տնտեսության որոշ ճյուղեր:

Այսօրվանից Վրաստանում թույլատրվել է շինարարական կազմակերպությունների, շինանյութ արտադրող ընկերությունների, ավտոսպասարկման ծառայությունների աշխատանքը: Վերաբացվել են Քութաիսի և Բաթումի քաղաքները, թույլատրվում է ելումուտը այդ քաղաքներ: Շաբաթվա վերջին հնարավոր է վերաբացվի նաև Թբիլիսին:

Իշխանությունների քայլերը ընդդիմությունը ուշացած է համարում` զգուշացնելով զանգվածային սովահարության ռիսկերի մասին, և նշում է, որ ապրիլին սղաճը ավելի քան երկու անգամ մեծացել է: Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժումն» ու «Եվրոպական Վրաստանը» պահանջում են վերսկսել նաև խորհրդարանի աշխատանքը:

«Կառավարությունը սովի է մատնում ինքնաշխատող մեր 600 հազար քաղաքացիների: Խորհրդարանը պետք է սեղմ ժամկետներում քննարկի արտակարգ բյուջեն, որն այդես էլ կառավարությունը չի ներկայացրել»,- ասել է «Ազգային միացյալ շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն` պնդելով, որ առանց խորհրդարանական քննարկումների բնակիչներին և բիզնեսին տրվող հատկացումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում:

Այսօրվա դրությամբ Վրաստանում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսի 604 դեպք է արձանագրվել, մահացել է 9 հիվանդ:

Բաքու, Ադրբեջան
Բաքու, Ադրբեջան

Ադրբեջանում մինչև մայիսի 31-ը երկարաձգված սահմանափակումները աստիճանաբար թուլացվում են:

Բաքվում, ինչպես նաև այլ քաղաքներում վերաբացվել են որոշ խանութներ, սպասարկման ծառայություններ՝ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ: Քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները հանվել են, ու նրանք ուրախացած դուրս են եկել փողոցներ: Բաքվի փողոցներում «Ռոյթերսը» զրուցել է պատահական անցորդների հետ: Վուսալա Գուլիևան ասել է, որ շատ ուրախ են: «Մենք Բաքվում չենք ապրում, ուրիշ տեղից էինք եկել ու մնացել փակված, այսօր առաջին օրն է, որ երեխայի հետ դուրս ենք եկել զբոսնելու»,-ասել է նա:

Մյուսները ևս գոհունակություն են հայտնել կարանտինի ռեժիմը մեղմացվելու համար` հիմնականում նշելով, որ տանը նստելը շատ դժվար է հատկապես երեխաների հետ:

Անցորդներից մեկը պակիստանցի զբոսաշրջիկ է, ով մինչև կորոնավիրուսի տարածվելը Բաքու էր եկել, բայց այդ ընթացքում իրավիճակը վատթարացել է, սահմանները փակվել են, ավիաչվերթ չկա, երկու ամսից ավելի Բաքվում է, չի կարողանում տուն վերադառնալ:

Փակ սահմանների մասին

Ռուսաստանի տարբեր շրջաններից հարյուրավոր ադրբեջանցիներ հավաքվել են Դաղստանում` Ռուսաստան-Ադրբեջան սահմանին, բայց չեն կարողանում Ադրբեջան մտնել՝ սահմանը փակ է: Տեղի իշխանությունները նրանց տեղավորել են` որտեղ կարողացել են՝ հյուրանոցներում, հանգստյան տներում, մի մասը գիշերում է մասնավոր տներում, նույնիսկ մզկիթներում: Տեղացիները «Կովկաս ռեալի» պորտալին ասել են, որ 200 մարդ գիշերել է սահմանին մոտ գտնվող ավտոտնակներում, ում տեղ չի մնացել, գիշերել է փողոցում:

Այս ամենի պատճառը տարածված ֆեյք լուրերն են, թե Ռուսաստան-Ադրբեջան սահմանը մայիսի 4-ից բացվելու է, ու մարդիկ շտապել են տուն վերադառնալ ու դեռ շարունակում են ժամանել Դաղստան, կուտակվել սահմանային Դերբեդի շրջանում:

Ադրբեջանում կորոնավիրուսի դեպքերը մոտենում են երկու հազարի, մահացել է 26 մարդ:

Ռեշտ քաղաք, Իրան
Ռեշտ քաղաք, Իրան

Հայաստանի մյուս հարևան Իրանը ևս թուլացրել է սահմանափակումները, մասնավորապես երկրի ներսում վերկանգնվել է միջքաղաքային երթևեկությունը, բացվել են խանութները, այդ թվում` առևտրի խոշոր կենտրոնները, չնայած առողջապահության համակարգի պաշտոնյաները խոշոր կենտրոնների վերաբացումը դեռ ռիսկային են համարում:

Թեհրանում սկսել են ֆիլմեր ցուցադրել մեծ տարածքներում, որտեղ հնարավոր է ֆիլմերը դիտել ավտոմեքենաների մեջ նստած: «Կինոհրապարակի» մուտքի մոտ մեքենաները ախտահարվում են, մեկ մեքենայում երկու մարդուց ավել չի թույլատրվում նստել, սոցիալական հեռավորությունը պահպանվում է: Մարդիկ այստեղ են գալիս ոչ միայն ֆիլմեր դիտելու, այլև ընկերներին հանդիպելու համար, երկար շարունակված կարանտինի ընթացքում շատերն իրար չեն տեսել:

Բայց Իրանում կարանտինի սահմանափակումները բոլոր շրջաններում չեն մեղմացվել: Երկիրը բաժանվել է երեք գոտիների՝ սպիտակ, դեղին և կարմիր: Սահմանափակումները թուլացվում են ցածր ռիսկայնության սպիտակ գոտում, որտեղ վերաբացվում են նաև մզկիթներն ու դպրոցները:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 100 հազարի, մահացել է 6 հազար 340 մարդ:

Ստամբուլ, Թուրքիա
Ստամբուլ, Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ կարանտինի սահմանափակումները թուլացվելու են մայիսի 11-ից: Նախատեսվում է բացել խանութները, մասամբ վերացնել տեղաշարժի արգելքը՝ մեծահասակներին ու երեխաներին թույլատրել մի քանի ժամով դրսում մնալ, մեղմացնել պարետային ժամի պայմանները:

Թուրքիայում կորոնավիրուսի 127 հազարից ավելի դեպք է արձանագրվել, մահացել է ավելի քան 3 հազար 400 մարդ:

XS
SM
MD
LG