×


«Իմ զգացմունքներին ամբողջությամբ տրվելը երբեք լավ բանի չի բերել». Ռոզի Ավետիսովան՝ խաղացած դերերի եւ ներելու մասին

Ռոզի Ավետիսովան միշտ տարբերվող կերպարներով է հանդես եկել: Հանդիսատեսը նրան հասցրել է տեսնել նաեւ հայ իրականությունում բաց համարվող տեսարաններում։ Այս պահին դերասանուհին հեռուստատեսային դադարի շրջանում է. մեծամասամբ ներկայացումներում է զբաղված։ BRAVO.am-ը Ռոզիի հետ զրուցել է խաղացած դերերի, իր կողքի տղամարդու չափանիշների եւ շատ այլ հարցերի շուրջ:

- Օրը սկսում եք սուրճո՞վ, թե՞ թեյով:

- Սովորաբար, օրս սկսում եմ կատվիս՝ Լեոյին, սիրելով, որից հետո մեկ բաժակ սուրճ եմ ըմպում: Սուրճի մեծ սիրահար եմ, բայց հասկանում եմ, որ չարաշահելը վնաս է առողջությանը, նաեւ առավոտյան խորհուրդ չի տրվում սուրճ խմել, բայց վատ սովորությունը, ցավոք, թողնել չեմ կարողանում:

- Դերասանուհի դառնալու ճանապարհը հա՞րթ է եղել: Որո՞նք են այս մասնագիտության դժվար կողմերը:

- Ստեղծագործող մարդու ճանապարհը երբեւէ հարթ չի, դերասանուհու ճանապարհն՝ առավել եւս: Շատ աշխատանք է պահանջվում, քանի որ հարկավոր է կատարելագործվել, անընդհատ լինել նորը, չձանձրացնել, փորձել, որ դերերդ միշտ մեկը մյուսից տարբեր լինեն եւ մեկը մյուսից մի քայլ ավելի լավ՝ դերասանական խաղի տեսանկյունից: Այնպես որ, մասնագիտական առումով հարթ չէ, բայց այլ խնդիրներ եւ խոչընդոտներ, կարծես, չեն եղել, եւ ես շատ գոհ եմ: Տարիների ընթացքում առաջացած մասնագիտական խնդիրները հաղթահարում ես միայն շատ աշխատելով, ինքդ քո ուժերին հավատալով, քանի որ այլ ճանապարհ չկա: Կան դեպքեր, որ քեզ ոչ ոք չի կարող օգնել կամ ուղղորդել, դու հնարավորինս մենակ ես եւ ինքդ ես դուրս գալիս ստեղծված իրավիճակից:

Ռոզի Ավետիսովան


- Թատրոն, կինո, սերիալներ. որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում: Կա՞ն երազելի դերեր։

- Սիրում եմ ե՛ւ թատրոնը, ե՛ւ կինոն, ե՛ւ սերիալներում իմ մասնակցությունը: Երեք դեպքում էլ ինձ հարմարավետ եմ զգում եւ իմ դրսեւորման ճանապարհները գտնում եմ: Շատ եմ ասել, որ կինոյում սիրում եմ արդյունքը, քանի որ կինոգործընթացը տեխնիկական մանրուքներ ունի, որոնք քեզ խանգարում են, բայց արդյունքը շատ ավելի հետաքրքիր է: Իսկ թատրոնում սիրելի է ողջ գործընթացը. երբ քո կերպարն է ծնվում, երբ ներկայացումն է ծնվում: Դու հնարավորություն ունես հետեւել թե՛ քեզ, թե՛ գործընկերներիդ. թատրոնում ընթացքը հիասքանչ է: Երազելի շատ դերեր ունեմ, հատկապես՝ դասական հերոսուհիների, եւ հուսով եմ, որ մի օր հնարավորություն կունենամ գոնե մեկը կամ երկուսը խաղալու:

- Պատահե՞լ է, որ անհամաձայնություն ունենաք սցենարի կամ դերի հետ, նման դեպքում ինչպե՞ս եք վարվում:

- Եթե սցենարային որեւէ գծի հետ համաձայն չեմ, ապա խոսում եմ սցենարիստի հետ, միշտ առողջ քննարկումների կողմնակից եմ: Եղել են դերեր, որոնցից հրաժարվել եմ, քանի որ կերպարն ինձ անհամապատասխան եմ համարել, կամ չեմ տեսել ինձ այդ նախագծում, կամ էլ հետաքրքիր չի եղել: Կարեւոր է այն, որ դու քեզ միշտ թույլ տաս ընտրողի դերում լինել, չմտածես, որ ինչ-ինչ պատճառներով պարտադրված ես ամեն ինչ խաղալ, որովհետեւ կան «որովհետեւներ»։ Կարեւոր է, որ կերպարդ հետաքրքրություն եւ աշխատելու ցանկություն առաջացնի:

- Դուք այն դերասանուհիներից եք, ով չի խուսափում համբույրի եւ բաց տեսարաններից, հեռուստադիտողի վերաբերմունք, քննադատություն կամ համացանցում մեկնաբանություն երբեւէ եղե՞լ է Ձեր հասցեին:

-Այսպես ասած՝ բաց տեսարաններում նկարահանվելու բավական մեծ փորձ ունեմ արդեն, վատ քննադատության երբեւէ չեմ հանդիպել, վատ արձագանք չի եղել: Ֆիլմերում նման տեսարան խաղալուն նայում եմ շատ սթափ, քանի որ եթե կերպարը պահանջում է, եթե ռեժիսորը եւ սցենարիստը տեսարանն այդպես են պատկերացնում, ապա դա քո գործի մի մասն է, որը պետք է կատարես: Այսօր մեր հանդիսատեսը շատ ավելի պատրաստ է եւ հեշտ է դիտում նմանատիպ տեսարանները: Ասեմ նաեւ, որ առհասարակ չեմ կարդում մեկնաբանություններ, չեմ քննարկում դրանք, չեմ ոգեւորվում եւ չեմ հիասթափվում այդ ամենից: Հիմա մարդիկ սոցցանցերում ազատ հայտնում են իրենց կարծիքը, նրանք այնտեղ ունեն այդ հնարավորությունը եւ օգտվում են դրանից։ Որոշ չափով ճիշտ են լինում, որոշ չափով՝ սխալ, բայց դա վրդովմունքի պատճառ ինձ համար չի դառնում: Ես այդ ամենին շատ հանգիստ եմ նայում. ամեն մարդ ունի իր կարծիքը, իր աշխարհայացքը, յուրովի է ինչ-որ անձի կամ երեւույթի նայում, ընկալում: Ես այդ ամենին շատ հանգիստ եմ վերաբերվում:

- Ո՞ւմ կարծիքն եք հաշվի առնում առաջարկված դերին համաձայնելիս:

- Երբեմն քննարկում եմ ընկերուհուս՝ շատ տաղանդավոր դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ. միասին խոսում ենք կերպարի մասին: Մեծամասամբ ինքս եմ որոշում, քանի որ շատ քննարկումներ չեմ սիրում, բայց, իհարկե, իմ ավագ ընկերուհուց միշտ խորհուրդ հարցնում եմ, որովհետեւ նրա խորհուրդներն անգին են:

Ռոզի Ավետիսովան


- Եթե Դուք լինեիք ռեժիսոր, կաշխատեի՞ք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ։

- Եթե ես լինեի ռեժիսոր, շատ կտանջեի նրան (ծիծաղում է,-հեղ.): Շատ կաշխատացնեի: Ինքս սիրում եմ, երբ ինձ հետ շատ են աշխատում, եւ միայն դրա արդյունքում են հետաքրքիր գծեր բացահայտվում դերասանուhու մեջ։ Մի ուրիշ լույսով եւ այլ տեսանկյունից է ներկայանում մարդը, երբ շատ տարբեր ռեժիսորների հետ է աշխատում:

- Կյանքի ո՞ր փուլում եք հիմա գտնվում. ինչի՞ց եք ոգեշնչվում, ինչի՞ց՝ հիասթափվում։

- Դժվար փուլում ենք մենք հիմա, նկատի ունեմ՝ բոլոր հայերս: Ոգեշնչվելու քիչ հնարավորություն կա, բայց, իհարկե, ձեռքերս չեմ իջեցնում եւ դեպրեսիայի մեջ չեմ ընկնում: Հիասթափությունները մարդուն երբեք լավ բանի չեն տանում: Եվ ամենածանր իրավիճակում էլ կարող ես գտնել փոքրիկ, աննշան, անտեսված բաներ, որոնք կարող են քեզ անգամ ոգեշնչել:

- Տարիներ առաջ Դուք համարձակորեն պատմեցիք Ձեր նշանածից բաժանվելու մասին, հիմա խոսո՞ւմ եք անձնականի մասին հանրայնորեն։ Տղամարդն ինչպիսի՞ն պետք է լինի բնավորությամբ եւ արտաքինով, որ տեղ ունենա Ձեր կողքին։

- Ես հիմա իմ անձնականի շուրջ ոչ մի հարցի չեմ պատասխանում եւ փակագծեր չեմ բացում: Տղամարդուն պատկերացնում եմ կայացած, պարտադիր խելացի, բարի: Այս երեք հատկանիշներն ինձ համար շատ կարեւոր են՝ անկախ սեռից: Արտաքինը տղամարդու չեմ կարող նշել, որովհետեւ չունեմ իդեալ, որին պետք է համապատասխանի։ Այդպիսի սահմանափակումներ իմ պատկերացումներում չկան: Երբեմն շատ բաներ թելադրում է իրավիճակը ու այն դրսեւորումները, որոնք տղամարդուց կտեսնես: Շատ կարեւոր է, թե տարբեր իրավիճակներում տղամարդն իրեն ինչպես է պահում, քանի որ շփման մեջ եւ այդ իրավիճակներում ես միայն հասկանում՝ դիմացինդ քեզ համապատասխան է, թե ոչ, դուք նույն ալիքի վրա եք ապրում, թե՝ ոչ։

- Անձնական կամ գործնական դժվարությունները հաղթահարելու բանաձեւ ունե՞ք։ Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ուժ տալիս։

- Բոլոր դժվարությունները հաղթահարում եմ իմ չկոտրվելու կարողությամբ եւ քաջ գիտակցում եմ, որ դժվարություններ ապրում են բոլորն իրենց կյանքում: Պետք է հնարավորինս սթափ լինել: Ես էմոցիոնալ մարդ եմ, բայց իմ զգացմունքներին ամբողջությամբ տրվելը երբեք լավ բանի չի բերել։ Դրա համար փորձում եմ հնարավորինս սառը պահել գլուխս, լինել սթափ ու այդպես հաղթահարել բոլոր դժվարությունները:

- Դուք ասո՞ղ եք, թե՞ լռող:

- Ես ուղղախոս մարդ եմ: Իհարկե, սիրում եմ լսել, քանի որ լսելը շատ կարեւոր ունակություն է, բայց սիրում եմ նաեւ ասել: Ինչպես արդեն նշեցի, զգացմունքային եմ, շատ բաներ չեմ հանդուրժում եւ շատ բաների մասին չեմ կարողանում լռել: Կուլ տվող տեսակ չեմ, դա իմ մասին չէ, ես ասող, ավելի շատ արտահայտվող տեսակ եմ:

- Այս պահին ինչպիսի՞ զբաղվածություն ունեք. ֆիլմեր, թատրոն, նոր առաջարկներ կա՞ն։

- Նոր ֆիլմի առաջարկ ունեմ, որի փակագծերը չեմ բացի, քանի որ աշխատանքային գործընթացը դեռ չի սկսվել, բայց շուտով հնարավորություն կունենամ խոսել այդ մասին: Հիմա զբաղվածություն ունեմ նաեւ թատրոնում. վերջերս «ԿինԿոդ»-ի առաջնախաղն էր, մի քանի ներկայացում հասցրել ենք խաղալ, բայց առջեւում դեռ շատ ներկայացումներ ունենք: «Թատրոն՝ տանիքում» նախագծի շրջանակում պատրաստվում է նաեւ նոր ներկայացում: Բացի այս, Սուրեն Սաֆարյանի հետ նախորդ տարի արեցինք «Սեր» ներկայացման առաջնախաղը, որը նաեւ հիմա ենք խաղում: Այս ամիս եւս ունենք նոր ներկայացում: Թատրոնում հիմա շատ հագեցած է աշխատանքս, եւ ես ուրախ եմ, քանի որ մի ուրիշ երջանկություն է հենց թատրոնում շատ զբաղված լինելը: Հեռուստատեսությունում ավարտեցինք «Սարի աղջիկ» սերիալը, հիմա հեռուստատեսային դադարի մեջ եմ:

Ռոզի Ավետիսովան


- Ո՞րն է հանգստի Ձեր լավագույն տարբերակը, ինչպե՞ս եք Ձեր մտքերն ի մի բերում։

- Հանգստի իմ ամենասիրելի բանաձեւը ծովափին պարկել, արեւայրուք ընդունել, լողալ եւ սիրելի գիրք կարդալն է, որը չես մոռացել եւ հետդ վերցրել ես: Այդ ամենի արանքում հասցնել երազել ու նոր նպատակներ գծել, հետաքրքիր նոր մտքեր ունենալ. ես այսպիսի հանգստի սիրահար եմ: Կարելի է ինչ-որ տեղ նաեւ պասիվ հանգստի սիրահար անվանել ինձ, բայց լիարժեք հանգիստն ինձ համար պարտադիր ծովափին է:

- Մարդուն կվստահեք, եթե ...

- Եթե պարտաճանաչ է, իր խոսքը գետնով չի տալիս, այն իր համար կշիռ ունի: Ինչո՞ւ ոչ, ինչ-ինչ առումներով բարի է, թեեւ երբեմն մարդը լինում է բարի, բայց ոչ պատասխանատու: Ինձ համար կարեւոր է, որ մարդը լինի պատասխանատու, ցավոք, իրականության մեջ երբեմն քիչ ես նման մարդկանց հանդիպում:

Ռոզի Ավետիսովան


- Չեք ների, եթե...

- Ես մարդկանց միշտ ներում եմ, բայց երբեք չեմ մոռանում: Գուցե ոմանք դա հիշաչարություն են անվանում, բայց ասեմ, որ այդ չմոռանալու մեջ ես չար էներգիա կամ միտք չեմ դնում, բայց հիշում եմ մարդու արածը եւ միշտ գիտակցում, որ եթե  տվյալ արարքին ընդունակ է, ապա ընդունակ է միշտ: Պետք չէ մոռանալ, բայց հարկավոր է ներել մարդուն եւ հասկանալ, որ բոլորը սխալական են. ոմանց դեպքում գերազանցվում են սխալները, ոմանց դեպքում քիչ են: Ներելն առաջնային դու քեզ համար ես անում. բաց ես թողնում այն էներգիան, որը հակառակ դեպքում կուտակվում է քո մեջ:

Զրուցեց Արմինե Բրսոյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին