Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երգչուհի Լուսինե Կչոզյանը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել միջազգային մրցույթի երեք անվանակարգում

Երգչուհի Լուսինե Կչոզյանը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել միջազգային մրցույթի 
երեք անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լուսինե Կչոզյանը օրերս մասնակցել է Sofia Grand Prix 2019 15-րդ միջազգային երաժշտական փառատոնին և մրցանակների է արժանացել երեք անվանակարգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Կչոզյանը, որը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, պատմեց, որ «Ֆոլկ երաժշտություն» անվանակարգում կատարել է  «Յարը մարդու յարա կուտա»  գործն ու զբաղեցրել է առաջին հորիզոնականը, համաշխարհային հիթերից հնչեցրել է Սելին Դիոնի «It’s all coming back to me now» երգն ու կրկին գրավել առաջին տեղը, իսկ ջազային անվանակարգում ներկայացրել է կոմպոզիտոր ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի «Տեմպ-ռիթմ-մեղեդի» ստեղծագործությունն ու արժանացել «Գրան Պրի» մրցանակի:

Sofia Grand Prix-2019-ին մասնակցել են երաժիշտներ Սերբիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից:  «Բավականին հետաքրքիր ու լուրջ մրցույթ էր, և ես շատ ուրախ եմ, որ բարձր պահեցի Հայաստանի պատիվը, ծածանեցի մեր երկրի դրոշը: Ըստ իս` հերոսություն է միջազգային մրցույթում միայնակ ներկայանալն ու  երեք անվանակարգում բարձր հորիզոնականներ զբաղեցնելը: Այս միջազգային մրցույթին ևս մեկ անգամ հիշեցրինք, որ կա Հայաստան, որն ունի բարձր արվեստ: Բոլորը հիացել էին մեր ստեղծագործություններով: Հրաշալի է, երբ ներկայացնում ես երկիրդ և այն արվեստը, որը ոչ միշտ է հասանելի ամբողջ աշխարհին: Պետք է մշտապես պրոպագանդել մեր երաժշտությունը»,-ընդգծեց Կչոզյանը:

Խոսելով մրցույթի շրջանակում ծնված համագործակցությունների մասին` նա ասաց, որ ծանոթություններ են ձեռք բերվել միջազգային մրցույթների ղեկավարների, կազմակերպիչների հետ: Կչոզյանի խոսքով` հետագայում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթների, հաղորդակցվել օտարազգի երաժիշտների հետ: «Եթե անգամ բարձր հորիզոնականներ չզբաղեցնեն, միջազգային հարթակում ելույթ ունենալը նրանց կոգևորի, ավելի շատ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու ազդակ կտա»,-համոզմունք հայտնեց երգչուհին:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է Լուսինե Կչոզյանը որոշել երգարվեստով զբաղվել, և նա խոստովանեց, որ  նախկինում չի մտածել երգչուհի դառնալու մասին, բայց սիրել է երաժշտությունը: «Երբ եկավ մասնագիտական ընտրություն կատարելու ժամանակը, ընտրեցի երգը, որովհետև այն ինձ հոգեհարազատ էր: Շփվելով երաժիշտների հետ, նրանցից խորհուրդներ հարցնելով` ընդունվեցի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այժմ դասավանդում եմ երկու հաստատություններում էլ»,-նշեց Կչոզյանը:

Երգչուհին պատմեց, որ ծանոթացել է Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի հետ, որոնք առաջարկել են ընդունվել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ երգում է քսան տարի:

«Իմ ձայնով զբաղվել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Էլվինա Մակարյանը, Արմանուշ Հակոբյանը: Իմ ձայնածավալը բավականին մեծ է, բայց առանց զգացմունքայնության այն չի կարող ազդեցիկ լինել: Ուսանողներին միշտ ասում եմ, որ  ավելի լավ է կարողանալ խոսքն ու հոգեվիճակը ճիշտ մատուցել փոքր ձայնով, քան ունենալ հզոր ձայն, բայց երգել առանց հույզերի: Միշտ բերում եմ Շառլ Ազնավուրի օրինակը, որի առաջ ամբողջ աշխարհն է խոնարհվել»,-ասաց Կչոզյանը:

Երգչուհին օրերս երաժշտասերների դատին է հանձնել «Հայրենիք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Տիգրան Նազարյանն է, երգի երաժշտությունը գրել է, Ալբերտ Աբգարյանը, խոսքերը` Լիլիթ Դամիրյանը, Գործիքավորել է Արթուր Հակոբյանը:

«Կարծում եմ` հրաշալի երգ է, տպավորիչ տեսահոլովակ, որը նկարահանել ենք Հայաստանի տեսարժան վայրերում»,-եզրափակեց Լուսինե Կչոզյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Լուսինե Կչոզյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]