×


Կադրը՝ «Ես ինձ խաբել եմ» տեսահոլովակից

«Սա իմ անձնական պատմությունը չէ. ես նրա հետ եմ, ում սիրել եմ եւ սիրում եմ». Լուսի

Երգչուհի Լուսին մի քանի տարի տեւած դադարից հետո նոր երգ եւ տեսահոլովակ է ներկայացրել: Լռության պատճառների, նոր աշխատանքի մանրամասների եւ ապագա անելիքների մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

«Ես ինձ խաբել եմ» երգը, ինչպես Լուսին է նշում, իր վերադարձն է երգարվեստ. «Հայ Սուպերսթար նախագծից հետո ժամանակ առ ժամանակ ներկայանում էի նոր երգերով, իսկ ստեղծագործական դադարը պայմանավորված էր նաեւ փոքրիկիս ծնունդով: Հիմա նա արդեն մեծ է, եւ կարող եմ ակտիվորեն ներկայանալ իմ լսարանին: Այս աշխատանքից բացի, չորս պատրաստի գործեր ունեմ, որոնք չէինք հրապարակում մեր ժողովրդի համար ցավալի իրողության՝ պատերազմի պատճառով»:



Անավարտ սիրո մասին պատմող երգն իրական պատմություն է հիշեցնում, երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդպես է.«Իհարկե, սա իմ անձնական պատմությունը չէ, քանի որ ես նրա հետ եմ, ում սիրել եմ եւ սիրում եմ, սակայն նման պատմություններ շատ են հանդիպում կյանքում, ուստի երգի հեղինակն էլ՝ Արտեմ Վալտերը, նման իրավիճակ է ներկայացրել: Ինչպես դերասանների, այնպես էլ երգիչների դեպքում հաճախ մարդկանց թվում է, թե այն, ինչ խաղում ես կամ երգում, քո հետ է տեղի ունեցել, բայց՝ ոչ. սա պարզապես կյանքում հանդիպող իրավիճակներից է»:


Լուսիի խոսքով՝ երգի պրեմիերայից հետո միայն ջերմ ու դրական արձագանքներ է ստանում.«Երկար դադարից հետո միշտ ավելի դժվար է լինում վերադառնալ ասպարեզ, եւ ես շատ ուրախ եմ, որ երգն ընդունվեց եւ ընկալվեց այնպես, ինչպես ես կցանկանայի: Անգամ Յութուբում տեսահոլովակը չունի ոչ մի դիսլայք, եւ սա զարմանալի է, քանի որ միշտ լինում է գոնե մեկն, ով չի հավանում աշխատանքդ (ծիծաղում է,-հեղ.)»:

Լուսին


Երաժշտական մրցույթներից լսարանին հայտնի երգչուհին 2017-ին մասնակցեց նաեւ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, սակայն այդ տարի Հայաստանն ընտրեց այլ պատվիրակ.«Շատ ուրախ կլինեմ ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում, բայց չեմ կարող ասել՝ երբ իրականություն կդառնա: Հիմա հաջողություն եմ մաղթում մանկական Եվրատեսիլի մեր այս տարվա մասնակցին՝ Մալենային: Կարծում եմ՝ շատ լավ երգ է ընտրվել, որը հրաշալի կատարում է երեխան: Հուսամ՝ մեր մասնակցությունն ու վերադարձն այս մրցույթին կպսակվի հաջողությամբ: Իսկ ես առաջիկայում կներկայացնեմ իմ նոր աշխատանքները»,- ամփոփեց երգչուհին:

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լուսին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին