×


«Գնացել էի 1 մրցանակի հետեւից, բայց 4-ը ստացա». Աիդա Արամին՝ Մալթայում իր հաղթանակի մասին

Աիդա Արամին Մալթայում կայացած միջազգային երաժշտական փառատոնում հաղթել է 4 անվանակարգում: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է փառատոնին մասնակցելու որոշման, ներկայացրած երգերի, հաջողության ու իր ապրումների մասին:

Վաղուց էի լսել Մալթայի փառատոնի մասին: Տեղեկացա, որ քովիդից հետո առաջին անգամ փառատոնը նորից կայանալու է, երբ տարբեր միջազգային փառատոններում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ղուկասյանն առաջարկեց մասնակցել: Մերժելու մասին խոսք չկար, հակառակը, երբ արդեն հայտնի էր, թե որքան լավ ձայներ են լինելու, ցանկությունս ավելի մեծացավ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Aida Arami (@aidaarami)


Այս փառատոնի առավելությունն այն է, որ կարող ես մասնակցել որպես հեղինակ-կատարող, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Այդ պատճառով էլ ընտրեցի իմ հեղինակային ու սիրելի երգերից մեկը՝ «In Your Arms»-ը, իսկ երկրորդը Արետա Ֆրանկլինի «Respect»-ն էր. շատ ուրախ եմ, որ ինձնից բացի, ոչ ոք այս գործին նախապատվություն չէր տվել: «In Your Arms»-ը 14 տարի առաջ եմ գրել ու առաջին տեսահոլովակս նկարել, հաճելի է, որ այդ սիրուն երգն ինձ հաղթանակ բերեց:

Մրցանակները տարբեր էին ու մասնակիցներին մեծ հնարավորություններ էին տալիս՝ ձայնագրվել իրենց ստուդիայում, տեսահոլովակ նկարահանել, միջազգային մրցույթների հետ համագործակցել եւ այլն:

4 անվանակարգում հաղթեցի՝ լավագույն երգչուհի, լավագույն ձայն, հեղինակ կատարող եւ Գրան Պրի: Անկեղծ կլինեմ՝ մեծ հույս ունեի, որ կհաղթեմ. եթե մասնակցում ես, լավագույնը պետք է անես ու բոլոր ուժերդ ներդնես: Գնացել էի մեկ մրցանակի հետեւից, բայց չէի պատկերացնում, որ 4-ը կունենամ: Չէի էլ մտածել, թե դրանք ինչպես եմ հասցնելու Հայաստան:

Որպես լավագույն երգի հեղինակ՝ ձայնագրվելու եւ համագործակցելու առաջարկ ունեմ, ինչպես նաեւ Շվեյցարիայում եւ Իտալիայում միջազգային փառատոնների կմասնակցեմ:

Ուժեղ մասնակիցներ եւ լավ ձայներ կային, երկու օրերին էլ անհանգիստ էի ու լարված: Հաճելի էր, որ մասնակիցներն աջակցում եւ օգնում էին իրար՝ չմոռանալով մրցակցության մասին:

Դեստինի Չուկունիերեն եւ Աիդա Արամին


Ժյուրիի գործն էլ հեշտ չէր՝ պետք է լսեին 80 կատարողի ու ընտրեին լավագույններին: Նրանք ներկայացնում էին Լիտվան, Հունգարիան, Բուլղարիան, Շվեյցարիան, Իտալիան, իսկ Հայաստանից Ղուկասյանն էր: Իտալիայից ժյուրիի անդամն ինձ բարձր միավորներ էր տալիս, իսկ Գրան Պրիի դեպքում միակն էր, որ 10-ի փոխարեն 9-ը գնահատեց, բայց արդեն մրցակցությունից դուրս էի ու մյուսներից բավական առաջ էի անցել: Մալթայից ժյուրի էր ընտրվել Դեստինի Չուկունիերեն, որը հաղթել է մանկական Եվրատեսիլում, ապա իր երկիրը ներկայացրել մեծերի մրցույթում:

Ինձ համար ամենակարեւորն այն էր, որ մասնակիցներից ու հանդիսատեսից շատերն են կատարումներս հավանել: Ժյուրից էլ լսել եմ, որ ելույթիս ընթացքում փշաքաղվել են, ինչը նշանակում է, որ կարողացել եմ էներգիաս փոխանցել ու գործս գոնե 80 տոկոսով լավ անել:

Մրցույթն անցնում էր քաղաքի կենտրոնում գտնվող Վալետայի թատրոնում. հենց ընդմիջում էինք ունենում, դուրս էինք գալիս եւ Մալթայի ողջ գեղեցկությունն ու պատմությունը բացվում էին մեր առաջ, աննկարագրելի էր:

Հայաստանը ներկայացնելը շատ պատասխանատու էր ու բարդ: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ վերադառնալու ու իմ տան ստուդիայում ստեղծագործեմ:

Աիդա Արամին


Հասկացա, որ պետք է ավելացնեմ անգլերեն երգերիս քանակը. Առաջին սկավառակս հենց այդ լեզվով էր, հետո ավելացան հայերեն ու ռուսերեն ստեղծագործությունները: Շատ մասնակիցներ ուզեցին երգերիս մինուս տարբերակը, որ հետագայում կատարեն, ինչը նույնպես ինձ ուրախացրեց:

Հպարտություն էի զգում, որ Մալթայի ներկայացուցիչը փառատոնի ժամանակ կատարեց Ռոզա Լինի «Snap»-ը: Կարեւոր է լավ երգերով մասնակցել միջազգային մրցույթների. Հայաստանը սկսում են մեր լավ արվեստով ճանաչել:

Առաջիկայում բենդիս հետ համերգներ ունեմ, որոնք անկեղծ, անմիջական ու դրական են անցնում: Մինչեւ տարվա վերջ նոր սիրուն գործեր ու տեսահոլովակներ կլինեն:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին