211652_close_icon
views-count2615 դիտում article-date 13:26 07-03-2019

Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել են հայատյացությանը նվիրված համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ: Ա. Բեգլարյանն իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության հատկապես ռազմական ուղղությունը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակներում ամենացցուն կերպով այն դրսևորվել է 2016թ. ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ: Նա ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործություններն ու այլ վայրագությունները, ինչպես նաև արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառումը: Պաշտպանը շեշտադրել է, որ մարդու իրավունքների արձանագրված զանգվածային ու կոպտագույն խախտումները մեծապես բխել են հենց հայատյացության տևական քաղաքականությունից ու գաղափարախոսությունից, որում ցանկացած հայի նվաստացնելն ու սպանելը խրախուսելի վարք է համարվում ադրբեջանական պետության կողմից: Դրա մասին են վկայում և՛ Ռամիլ Սաֆարովի փաստացի հերոսացումը, և՛ պատերազմական հանցագործություններ կատարած զինվորականների պարգևատրումները, և՛ պաշտոնական բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ: Նա ընդգծել է նաև, որ հայատյացության պետական քաղաքականությունը ոչ միայն շարունակաբար խախտում և վտանգում է հատկապես արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, այլ նաև գործնականում անհնար է դարձնում հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց: Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կրթական և տեղեկատվական ոլորտներում դրսևորվող հայատյացության օրինակներին՝ ցույց տալով դրանց համակարգային ու տևական բնույթը: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ տեղեկատվական բնագավառը ներկայացնում է կարճաժամկետ տրամադրությունները, իսկ կրթական համակարգում առկա հայատյացությունը կանխորոշում է գալիք սերունդների հոգեկերտվածքը, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ միտումները դրական չեն: Համաժողովին մասնակցում էին նաև թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարակոլուն, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին: Արտակ Բեգլարյանի ներկայացմանը կարելի է ծանոթանալ [url=http://ombudsnkr.am/uploads/documents/Artak-Beglaryan-Armenophobia-06.03.2019.pdf]այստեղ[/url]՝ pptx ձևաչափով, իսկ համաժողովի ուղիղ եթերը դիտել՝ [url=https://web.facebook.com/story.php?story_fbid=378216039677991&id=489125751104715&_rdc=1&_rdr]այստեղ[/url]: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններում արձանագրված իրավախախտումների մասին զեկույցին կարելի է ծանոթանալ` [url=http://www.ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf?fbclid=IwAR3e0NdQAEQBEaqCh0ysHTaTClvzbMMBuCtNoCwPesv7QDRh4-N9q1PkwvI]այստեղ[/url], իսկ Ադրբեջանում հայատյացության քաղաքականության մասին զեկույցին՝ [url=http://www.ombudsnkr.am/docs/Armenophobia-in-Azerbaijan-1.00-Interactive-25.09.2018.pdf?fbclid=IwAR2dmuFS6sduky96CAIAWsk-e63rICQecw2hCKMg7klpKfa4O5FUcqWxEGk]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր