Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրավիրված ստեղծագործական կազմ, նոր ներկայացումներ. ՊՀԹ-ն նորություններ ունի

Հրավիրված ստեղծագործական կազմ, նոր ներկայացումներ. ՊՀԹ-ն նորություններ ունի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն (ՊՀԹ) ավելի քան 90 տարի բազմաժանր ներկայացումներով կրթում, դաստիարակում է սերունդներին՝ սեր սերմանելով թատրոնի, գեղեցկի նկատմամբ: Թատրոնի տնօրենի պարտականությունները 2018 թվականի դեկտեմբերի 28-ից ստանձնել է Էմին Թորոսյանը: Փորձելով առավել հետաքրքիր ու բազմաոճ խաղացանկ ստեղծել՝ նա պարբերաբար թատրոն է հրավիրում այլ թատրոններում գործունեություն ծավալող ռեժիսորների, դերասանների՝ նոր շունչ հաղորդելով թե՛ թատերախմբին, թե՛ թատերասերներին:

«Արմենպրես»-ի թղթակիցը ՊՀԹ տնօրեն Էմին Թորոսյանի հետ զրուցել է վերջին տարիներին թատրոնում կատարված փոփոխությունների, սպասվող առաջնախաղերի և այլ հարցերի շուրջ:

Թորոսյանի խոսքով՝ ժառանգել է հրաշալի գործընկերներ, ստեղծագործական կազմ, նաև ստեղծագործական, նյութատեխնիկական բազայի վերազինմանը, թատրոնի վերանորոգմանը վերաբերող խնդիրներ, որոնց մի մասն է միայն լուծվել:

«Իմ պաշտոնավարման ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել թատրոնի կառավարման մոդելի առումով: Որոշեցինք առաջ գնալ «պրոդյուսերական թատրոն» կառավարման մոդելով, ըստ որի՝ թատրոնի տնօրենն է ստանձնում նաև թատրոնի գեղարվեստական մասի կազմակերպման ու ղեկավարման պարտականությունները: Մենք հանգեցինք «պրոդյուսերական թատրոն» մոդելին, որպեսզի փոխենք թատրոնի ձեռագիրն ու խաղացանկը. հրավիրյալ ռեժիսորներ, նկարիչ, կոստյումների նկարիչ և այլք»,-նշում է նա ու հավելում, որ մի շարք ներկայացումներ, որոնց վրա հրավիրյալ ստեղծագործական կազմ է աշխատել, արդեն հանձնել են թատերասերների դատին:

Թորոսյանն ընդգծում է՝ վերջին բեմադրությունը, որը ներկայացրել են հանդիսատեսին, Գրիմ եղբայրների «Ռապունցելը» հեքիաթի համանուն բեմականացումն էր, որի բեմադրիչն էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը, ավելի վաղ թատերասերների դատին էին հանձնել «Մալիֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը», որի բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն էր, խորեոգրաֆը՝ Արինա Արարատյանը, նկարչական ձևավորումը՝ Մարիամ Մուրադյանի, կոստյումները՝ Մարինա Թադևոսյանի: Վերոնշյալ ներկայացումներն այժմ խաղացանկում են և պահանջված են: Թորոսյանն ասում է՝ դա փաստում է, որ հաջողել են:

Թատրոնի տնօրենը հիշեցնում է, որ ավելի վաղ բեմադրել էին «Մեր թաղը» ներկայացումը: Նար-Դոսի չորս նովել դարձել է մի ամբողջական նյութ: Բեմականացման հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանն է, բեմադրության հեղինակը՝ Արթուր Սարիբեկյանը, բեմանկարչությունը Անտոն Քեշիշյանինն է, իսկ բեմական զգեստների հեղինակն է Մարինա Թադևոսյանը: Ըստ Թորոսյանի՝ շատ հետաքրքիր ու ինքնատիպ ներկայացում է ստացվել: ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով բեմադրվել է «Վարակ» ներկայացումը, որի բեմադրիչը Սոնա Քանքանյանն է, խորեոգրաֆը՝ Ռիմա Պիպոյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Արեգ Միրիջանյանը:

Էմին Թորոսյանը կարևորում է թատրոնի մարքեթինգային քաղաքականությունը և շեշտում, որ թատրոնը պետք է գրավիչ լինի նաև փաթեթավորման ներկայանալի լինելու առումով, և նոր ժամանակներում պետք է կարողանալ ճիշտ մատուցել բովանդակությունը: Այդ նպատակով համագործակցում են լուսանկարիչ Արվին Քոչարյանի հետ, որի շնորհիվ ստեղծվում են ներկայացումների գունեղ, գեղեցիկ ու տպավորիչ պաստառներ:

«Թատրոնում ամենակարևորը որակյալ ներկայացումն է: Եթե մեկ այլ թատրոնում  դիտեն վատ ներկայացում, այն կկապեն տվյալ թատրոնի կամ բեմադրիչի հետ ու կգնան այլ թատրոն ներկայացում նայելու, բայց մենք ունենք այլ առաքելություն. մեր ներկայացումները կրթադաստիարակչական բնույթի են: Հանդիսատեսը գալիս է այս թատրոն ու այստեղ է ձևավորում իր ճաշակը, գեղագիտությունը և, որ ամենակարևորն է, սերը դեպի թատրոն, ուստի մենք չափավոր ենք, ուշադիր և զգոն: Առաջին տպավորությունը դժվար է փոխել: Երեխան եկավ թատրոն, նայեց ներկայացումը, եթե լավ եղավ, կրկին կգա, իսկ եթե այստեղ գա ու կոտրվի, հիասթափվի, կհեռանա թատրոնից»,- շեշտում է Թորոսյանն ու անդրադառնում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացմանը, որի ռեժիսորը Դավիթ Հարությունյանն է: Բեմադրությունը շուրջ 14 տարի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է: Տնօրենի հավաստիացմամբ՝ դա վկայում է ներկայացման ասելիքի խորության ու հետաքրքիր լինելու մասին: Նրա խոսքով՝ ներկայացման մեջ խոսվում է մինչ օրս առկա խնդիրների մասին, որոնք թատրոնը պետք է վեր հանի, դրանց լուծման ճանապարհները ցույց տա:

Խոսելով առաջիկայում բեմադրվող ներկայացումների մասին՝ Թորոսյանը տեղեկացնում է՝ բեմ է բարձրանալու Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» ստեղծագործության համանուն ներկայացումը, որի բեմադրիչը Դավիթ Հարությունյանն է,  բեմանկարիչը Գարեգին Եվանգուլյանը, կոստյումները՝ նկարիչ, դիզայներ, մոդելավորող Լիլիթ Մելիքյանի: «Մարդիկ, որոնք ծանոթ են այս ստեղծագործությանը, գուցե զարմանան, որ այն մեր թատրոնում է բեմադրվում, սակայն Հարությունյանը պիեսի վրա լուրջ աշխատանք է տարել: Նա խորը հոգեբանական դրամատիզմի վրա հենված աշխատանք է ստացել, որը, կարծում եմ, կհաջողի: Զուգահեռ բեմադրվում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթը, որի ռեժիսորը Յուրա Կիրակոսյանն է: Այս թատերաշրջանում նախատեսում ենք ևս երկու ներկայացում, որոնց փակագծերը դեռ չենք բացի»,- նշում է Էմին Թորոսյանը:

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնն առաջիկայում Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ ամբողջությամբ վերանորոգվելու է՝ թատերասերներին հնարավորություն տալով լավագույն ներկայացումները վայելել հարմարավետ դահլիճում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]