News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընդունել է 1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետեւանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչներին, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առաջ:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը լսել է արծվաշենցիների խնդիրները եւ մանրամասն ծանոթացել նրանց հուզող հարցերին: Արծվաշենցիները նշել են, որ 1992թ. ի վեր գույքային փոխհատուցման եւ բնակարանային պայմանների բարելավման նպատակով պետության կողմից իրենց 3 անգամ տրամադրվել է փոխհատուցում՝ 2 անգամ 50-ական մլն եւ 1 անգամ 708 մլն դրամի չափով:

Նրանց խոսքով՝ ընդհանուր առմամբ կառավարության նախորդ տարիների որոշումներով նախատեսվել է յուրաքանչյուր բռնի տեղահանված ընտանիքին տրամադրել 1-ական մլն դրամ, որի մի մասն արդեն իսկ տրվել է: Իսկ այժմ արծվաշենցիների մեծ մասը բարձրացնում է պետական ֆինանսական աջակցության հետագա չափաքանակի տրամադրման հարցը եւ պատրաստ է կառավարության հետ քննարկել անելիքներն այս ուղղությամբ:

Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կուսումնասիրի տարիներ շարունակ կուտակված խնդրի լուծման ուղիները: Միեւնույն ժամանակ վարչապետը հորդորել է արծվաշենցիներին՝ հստակ ձեւակերպել ակնկալիքները կառավարությունից եւ ներկայացնել միասնական տեսակետ փոխհատուցման ծավալի եւ ժամանակացույցի վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ 20-օրյա ժամկետում վերհանել եւ ներկայացնել ողջ տեղեկատվությունը 1992թ. ի վեր պետության կողմից արծվաշենցիներին տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ. ե՞րբ եւ որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է ծախսվել եւ ո՞ւմ է տրվել՝ թե′ անվանական, թե′ ընդհանուր կտրվածքով: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ ողջ տեղեկատվությունը կվերլուծվի, կհամադրվի, կստուգվի եւ հաջորդ հանդիպմանը համատեղ կքննարկվեն հետագա անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ