News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում եւ կոչ է արվում բոլոր պետություններին չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում:

Այս բանաձեւին Հայաստանի «կողմ» քվեարկությունը կանխատեսելի էր մի քանի պատճառով: Նախ` պարզ էր, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում հայտնվելու է փոքրամասնության մեջ, եւ Հայաստանը, ըստ ամենայնի, գերադասել է համերաշխ գտնվել միջազգային հանրության հետ: Բացի այդ, գոյություն ունի Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող կալվածքների պաշտպանության հարցը ու` չնայած Իսրայելի հրապարակային հավաստիացումներին, եկեղեցին պնդում է, որ իրեն ավելի ապահով է զգում Պաղեստինի իշխանության ներքո:

Մյուս կողմից` ՄԱԿ-ի բոլոր սկզբունքային քվեարկություններում Հայաստանը հետեւել է Ռուսաստանի օրինակին, իսկ այս հարցում Մոսկվայի սկզբունքային որոշումը հնչել է Վլադիմիր Պուտինի մակարդակով: Սակայն գոյություն ունի նաեւ մեդալի մյուս կողմը: Հայաստանն Իսրայելից հետո օգնություն ստացող երկրորդ երկիրն է եւ կարծում ենք` այլ կերպ կարող էր դիրքավորել իրեն, որովհետեւ սա շատ լավ հնարավորություն կարող էր դառնալ ԱՄՆ-ի հետ ավելի մերձենալու, սերտ հարաբերություններ ստեղծելու համար:

Հայաստանն, օրինակ, կարող էր ձեռնպահ քվեարկել բանաձեւին, մանավանդ, որ դրա հիմնական նախաձեռնողը Թուրքիան էր: Բնականաբար, նման քվեարկությունը որոշակիորեն կնպաստեր հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը` հարված հասցնելով Բաքվի եւ Թել Ավիվի սերտ ռազմա-տեխնիկական համագործակցությանը:

Պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով` Թրամփը ստեղծել է հակամարտությունների կարգավորման նախադեպ` հիմնված գոյություն ունեցող փաստերի վրա: Այս նախադեպը կարող էր դրական հեռանկարներ բացել նաեւ ԼՂ խնդրի կարգավորման համար: Այնուամենայնիվ, Հայաստանն որոշել է կողմ քվեարկել բանաձեւի, որով կոչ է արվել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:

Սա այն դեպքն է, որ Հայաստանի ցանկացած դիրքորոշում կարելի էր մոտիվացնել մի քանի ծանրակշիռ փաստարկներով։ Հուսանք, որ Երեւանի երեկվա քվեարկությունը ինքնուրույն եւ կշռադատված որոշման արդյունք է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ