Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռումինիայի Սենատի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ

Ռումինիայի Սենատի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 
օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայեր,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ ուրախությամբ շնորհավորում եմ և Ձեզ եմ հղում խաղաղության, բարեկեցության և բարգավաճման իմ բարեմաղթանքները։ 30 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, և Ռումինիան առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի կարգավիճակը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։

Դիվանագիտական հարաբերությունների վերջին 30 տարվա ընթացքում մենք շարունակել ենք լինել հայկական պետության և հասարակության բարեփոխումների և ժողովրդավարացման գործընթացի աջակիցը և շարունակել ենք ակտիվորեն սատարել Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների ամրապնդմանը՝ խրախուսելու տնտեսական զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը։

Հայ և ռումինացի ժողովուրդներն ունեն պատմական կապեր, ինչպես նաև համագործակցության և խաղաղ ու ներդաշնակ համատեղ կեցության երկարամյա ավանդույթներ։ Ռումինիայի հայ համայնքը կարևոր դեր է խաղացել մեր պատմության ընթացքում։ Այնպիսի անհատներ, ինչպիսիք են Գեորգե Ասակեն, Վասիլե Կոնտան, Կարապետ Իբրըիլյանուն, Սպիրու Հարեթը, Վիրջիլ Մաջարուն և խոշոր պոետ ու մաթեմատիկոս Յոն Բարբուն ընդամենը մի քանի օրինակն են այն նշանակալից ներդրման, որ ունեցել են Ռումինիան որպես իրենց երկիր ընտրած հայերի ժառանգները։ Այս ամենն ընդլայնում և հարստացնում է մեր հարաբերությունների հիմքերը։

Մեր երկկողմ համագործակցությունը հիմնված է եղել ժողովուրդների միջև բարեկամության և համերաշխության վրա, որը դրական ազդեցություն է ունեցել քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում։

Ես վստահ եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության խորհրդարանները կարևոր ներդրում կունենան մեր երկկողմ հարաբերությունների զարգացման վրա բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի, լինի դա քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն, մշակույթ և կրթություն, թե միջազգային կազմակերպություններ։

Ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա տարեդարձի կապակցությամբ և հավաստիացնում, որ մեր բարեկամություն հարատև է»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]