«Պուտինը գալիս է ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի». Կոլերով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

– Պարոն Կոլերով, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ Ռուսաստանի նախագահը մեկ շաբաթից կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին: Այցի վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերը շատ են, կան հրապարակումներ, որ չի կայանալու Փաշինյան-Պուտին հանդիպում, կամ Պուտինը Երևանում է մնալու մի քանի ժամ միայն, հանդիպելու է ՀՀ երկրորդ նախագահին: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է ռուսական կողմի տրամադրվածությունն այս այցի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո սա առաջին այցն է ՌԴ նախագահի կողմից:

– Ներկայումս դեռ վաղ է կանխատեսումներ ու հետևություններ անել, բայց այցի գլխավորը խնդիրը ոչ միայն ընթացակարգը, պաշտոնական արարարողակարգային մասն է, այլ այն, թե ինչպիսի օրակարգ է լինելու երկկողմ հանդիպման համար, և ինչպիսի փաստացի արդյունքներ են լինելու այդ այցից երկկողմ հարաբերություններում, քանի որ երկկողմ հարաբերություններում անընդհատ հարցեր են կուտակվում, և դա փաստ է:

Հարցեր կան և՛ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերություններում: Բացի դրանից, լիովին ակնհայտ է, որ ռուսական կողմը (ինչը լավ է Հայաստանի համար) ցուցադրական կերպով չի նկատում բազում քարոզչական ջանքեր ՀՀ իշխանությունների կողմից, որոնց նպատակը «Ռուսաստանի բեղերը քաշելն» է, քարոզիչները, որոնք Փաշինյանի օգտին են աշխատում, չեն դադարում իրենց այդ գործը` Պուտինին և նրա ներկայացուցիչներին ամենափոքր հարցերում մեղադրելու, քննադատելու, իսկ Փաշինյանին հեղափոխական ներկայացնելու համար, որն իր օրինակով, նախադեպով կարող է Մոսկվայում իբրև թե ինչ-որ մեկին նյարդայնացնել: Դա մեծամոլություն է:

Ավելին՝ դա ծանր դեպք է, ծանր հիվանդություն է այն մարդկանց մոտ, ովքեր նման պրոպագանդայով են զբաղվում: Բայց, ի ուրախություն Հայաստանի, Ռուսաստանը դրան ուշադրություն և նշանակություն չի տալիս:

– Ռուսական հակահայկական պրոպագանդիստական հարթակները ևս քիչ չեն, որոնք ակտիվանում են հարաբերությունների այս կամ այն փուլում: Դա այդքան կարևորել պե՞տք է երկկողմ հարաբերություններում, հատկապես, երբ ռուսական ԶԼՄ-ներում ևս լուրջ հակահայկական քարոզարշավ է ընթանում:

– Այստեղ մեկ նուրբ տարբերություն կա: Կան, որոնք հակահայկական քարոզչությամբ են զբաղվում, սակայն որևէ կապ չունեն Կրեմլի հետ: Ես նշում եմ Հայաստանի դեպքում, որ դա ղեկավարվում է վերևից, իսկ Ռուսաստանի դեպքում՝ ոչ: Եթե կան օրինակներ, մատնանշեք, բայց ես գիտեմ, որ չկան նման օրինակներ: Կրեմլը նման բանով չի զբաղվում: Ինչպե՞ս կարելի է մեկի հետ սեղան նստել, հետո նրան քննադատել և նրա դեմ քարոզչություն իրականացնել: Դա անպատկերացնելի է: Բայց ես այն համոզմունքն ունեմ, որ վաղ թե ուշ Կրեմլը ստիպված է լինելու որոշում ընդունել Հայաստանի վերաբերյալ, քանի որ սա մտածված քաղաքականություն է:

– Ի՞նչ որոշում կարող է ընդունել Կրեմլը:

– Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում, քանի որ երկար հանդուրժել ու համբերել, կարծում եմ, չի հաջողվի, քանի որ սա չի դադարելու, սա հստակ քաղաքական գիծ է, որոշում, համոզմունք: Շատ հայտարարություններ են արվում, որոնք մնում են անպատասխան, քայլեր ևս, որոնք լուրջ հիմք են նեղանալու, հետ քաշվելու համար: Բայց Կրեմլը դրանով, կրկնում եմ, չի զբաղվելու:

– Ըստ Ձեզ՝ նման որոշում հնարավո՞ր է, եթե Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է: Ավելին, այս միություններին ՀՀ-ի անդամակցությունը բավարար չէ՞ կարծելու համար, որ Հայաստանը Ռուսաստանի կողմ հակված քաղաքականություն է վարում:

– Ոչ, որովհետև դրանք քաղաքական կառույցներ չեն: Նայեք ԵԱՏՄ-ն, այն բացառապես տնտեսական կառույց է, նայեք, թե ովքեր են համագործակցում կամ միանում այդ կառույցին, ու կտեսնեք, որ այստեղ որևէ քաղաքական բաղադրիչ չկա: ՀԱՊԿ-ի մասին կասեմ նույնը: Իսկ քաղաքական հարաբերություններում անընդհատ, կրկնում եմ, հարցեր են կուտակվում ու չեն լուծվում, դրանց գումարվում են հայտարարություններ:

– Վերադառնալով առաջիկա այցին՝ ըստ Ձեզ, այն ինչպե՞ս կանցնի:

– Կարծում եմ՝ այն լինելու է բավականին սառը: Եկեք նաև հաշվի առնենք, որ Պուտինը չի գալիս Հայաստանի Հանրապետություն, այլ գալիս է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին, այսինքն՝ օրակարգը ԵԱՏՄ-ն է, և հյուրընկալող կողմը պետք է իր օրակարգը ներկայացնի երկկողմ, որպեսզի պարզ դառնա՝ կլինի՞ երկկողմ բովանդակություն, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ հայկական կողմը հստակ օրակարգ ձևավորի:

Կարող եք այդ հարցը ճշտել իշխանություններից, թե ինչպիսի փաստաթղթեր են այդ մասով ներկայացնում ռուսական կողմին, ինչպիսի՞ օրակարգ են տեսնում երկկողմ հանդիպման համար, ի՞նչ հարցեր են կարևորում, ինչպե՞ս են աշխատում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ: Ասեք, թե ո՞րն է Ձեր օրակարգը, և ռուսական կողմը կորոշի, քանի որ ընդունող կողմը Դուք եք: Ասեմ, որ ռուսական կողմն անընդհատ կերպով հսկայական քաղաքական ավանս է տրամադրում: Առաջինը եղավ այն ժամանակ, երբ վարչապետի պաշտոնը ստանձնելուց 4 օր անց ռուսական կողմը շարունակեց ռազմատեխնիկական ոլորտի բանակցությունները:

Շարունակաբար դա տեղի է ունենում, երբ Ռուսաստանն անտեսում է հայկական կողմի այս կամ այն հայտարարությունը, ինչպես հետախուզության մասին ուղերձները,  կամ Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարություններն այն մասին, որ՝ Արցախը Հայաստան է: Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, դա նշանակում է՝ բանակցային գործընթացի ավարտ, դա նշանակում է, որ 20-ամյա բանակցային գործընթացը սխալ է եղել: Գուցե փոքր-ինչ կոպիտ հնչի, բայց կասեմ՝ եթե այդ ուղղությամբ որևէ գործընթաց չի նախաձեռնվում, եթե իշխող ուժից որևէ պատգամավոր նման օրենսդրական նախագիծ չի ներկայացնում, ապա դա պարզապես շատախոսություն է և ուրիշ ոչինչ: Փաշինյանը նույնիսկ այդ մասին խոսել էր ավելի գեղարվեստական կոնտեքստում, իսկ Միրզոյանը՝ ոչ: Նման շատ այլ հայտարարություններ բավարար են, որպեսզի Մոսկվան նեղանա, նյարդայնանա, անհանգստանա:

– Ի՞նչ ազդեցություն ունի այս հարցում Ռոբերտ Քոչարյանի գործը: Այն և՞ս նյարդայնացնում է Մոսկվային, թեև դա ՀՀ ներքին խնդիրն է, որն ակնհայտորեն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների վրա:

– Այո, բնականաբար, որի վերաբերյալ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հանդես է եկել հստակ դիրքորոշմամբ, որ դեմ է այդ գործին և այդ դիրքորոշումը ներկայումս ևս պաշտպանում է: Եթե այս դեպքում չլիներ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը, որի հետ Ռուսաստանն ունի դարավոր բարեկամական, ներկայումս՝ ռազմավարական ամուր կապեր, ապա Փաշինյանի հետ հարաբերությունները կխզվեին այդ պատճառով:

– Պարոն Կոլերով, վստահաբար Դուք հետևել եք ներքաղաքական իրադարձություններին, ուժայինների հրաժարականներին, որոնք, ըստ իշխանության, կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարի պատճառով էին: Դո՞ւք ինչ եք կարծում:

– Այո, ծանոթ եմ: Բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ և՛ Վանեցյանը, և՛ Օսիպյանն իրենց հրաժարականի հայտարարություններում հղում էին կատարում սպայի պատվին, իրենցից երևի թե պահանջվել է իրականացնել քայլեր, միջոցառումներ, որոնք հակասում են այդ արժանապատվությանը: Ավելին, Վանեցյանի հայտարարությունը բավականին խոսուն էր, որում խոսք էր գնում տարերային որոշումների մասին, այսինքն՝ դրանց մասը նույնիսկ նույն թիմի անդամները չցանկացան լինել: Ուշագրավ էր Վանեցյանի հրաժարականին հետևած մեղադրանքների ալիքն իշխանությունների կողմից, այսինքն՝ ցանկացած մեկը, ով հեռանում է, նման «ճակատագրի» կարող է արժանանալ: Սակայն դա բնական գործընթաց է:

– Հրաժարականից հետո ԱԱԾ նախկին տնօրենը եղել էր Մոսկվայում: Հայաստանում շրջանառվում են կարծիքներ, որ իր քաղաքական հնարավոր գործունեության ընթացքում Վանեցյանը կարող է ունենալ Մոսկվայի աջակցությունը: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Նախ՝ լուսանկարներ տարածվեցին Մոսկվայից, որոնք արված էին ավտոմեքենայի միջից: Ո՞վ էր պատվիրել լրտեսել, հետևել Վանեցյանին, տարածել նման լուսանկարներ Մոսկվայից և ինչո՞ւ: Դա է հարկավոր պարզել: Դրանից առաջ Վանեցյանը եղել էր նաև Վրաստանում, բայց որևէ մեկը վրացական հետք չի փորձի տեսնել, բայց «Ռուսաստանի բեղերից քաշքշել» բոլորն են փորձում, քանի որ կարելի է: Վրացական հետք ևս կարելի էր տեսնել ցանկության դեպքում, չէ՞ որ նա Վրաստանից լուսանկար էր տեղադրել:

Տեսանյութեր

Լրահոս