«Մալաթիայից» բացի այլ օբյեկտներ կլինեն, որոնց գործունեությունը կկասեցվի

«Մալաթիայից» բացի  այլ օբյեկտներ կլինեն, որոնց գործունեությունը կկասեցվի

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, անդրադառնալով «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցմանը, ասել է, որ առաջիկայում ևս կլինեն այլ օբյեկտներ կամ խոշոր կազմակերպություններ, որոնց գործունեության կասեցման կամ փակման մասին կհայտարարվի, սակայն տեսչական մարմինը դեռևս անուններ չի կարող հնչեցնել։

Ըստ նրա՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական գործառություններ իրականացնել տարբեր տնտեսվարողների, կազմակերպությունների շրջանում։ Վարչապետի հանձնարարականից հետո սկսվել են գույքագրման աշխատանքներ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում, մեծ առևտրի կենտրոններում, սպասարկման վայրերում, գրում է «Հայկական ժամանակը»։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ժամանակավոր կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո, որը, ըստ նախնական տվյալների, բռնկվել էր հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով, հունվարի 19-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ուշադրություն դարձնել քաղաքացիական այն օբյեկտներին, որտեղ պատշաճ կերպով չեն պահվում հակահրդեհային կանոնները:

Պապիկյանի խոսքով՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշումն ընդունվել էր վարչապետի հանձնարարականից առաջ։ Իսկ հանձնարարականից հետո տեսչական մարմինն արտահերթ խորհրդակցություն է իրականացրել և հստակ հանձնարարականներ տվել տարածքային բաժնի պետերին ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որ հանրապետության ամբողջ տարածքով գույքագրեն այն վայրերը, որտեղ հրդեհի բարձր ռիսկ կա, այսինքն՝ մարդկային կուտակումներով վայրեր, առևտրի մեծ կենտրոններ և այլն:Ըստ նրա՝ գույքագրվելուց հետո ցանկերը զտվում են, դրանից հետո կազմվում է հստակ ժամանակացույց և իրականացվում վերահսկողական գործառույթներ:

Պապիկյանի խոսքով՝ հիմնական գրանցվող խախտումները վերաբերում են, օրինակ, հրդեհաշիջման, ծխահեռացման համակարգերի ապահովմանը: «Հիմնականում կանոնների չպահպանումն արդարացվում է, որ կա՛մ տեղյակ չեն՝ ինչպես պետք է դա արվի, կա՛մ պարզապես թերի են կատարել, կա՛մ էլ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք չունեն և կարճ ժամանակահատվածում չեն կարող դրանք սահմանել, կարգավորել։ Կարող է լինել տնտեսվարող, որ հրդեհաշիջման առաջնային միջոցներն ունենա, բայց տարհանման ելքերն ու ծխեցման համակարգերը՝ ոչ։ Հիմնականում խախտումները նույնական են՝ որոշակի տարբերություններով։ Հնարավոր է՝ մեծ առևտրի կենտրոնը բոլոր նորմատիվ պահանջներն ունենա, բայց փոքր սպասարկման օբյեկտները՝ ոչ»,-ասել է նա։

Կախված օբյեկտի նշանակությունից, մակերեսից հրդեհային անվտանգության պահպանման պահանջները կարող են տարբեր լինել։ Պաշտոնյան չի հերքել, որ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, սակայն որոշակի դրական ցուցանիշներ ևս կան․ միայն հրդեհների հաշվառման մասով նախորդ 4 տարվա համեմատ 2022 թվականին գրանցվել են էական նվազումներ։

ՔՏՀԱ տեսչական մարմինն այս խնդիրների լուծման համար կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի։ Թերությունների հայտնաբերմանն անմիջապես հաջորդում է գործունեությունը կասեցնելու որոշումը:

«Մալաթիա» տոնավաճառը փետրվարի 1-ից չի գործի` տոնավաճառում չկա միայն հակահրդեհային ինքնաշխատ համակարգը։

2022-ի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Hրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ «Սուրմալուի» ողբերգությունից հետո դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---