25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանն իր դեմ ցուցմունք տված անձի հետ ունեցել է առերեսում. անձն իր ցուցմունքը հերքել է. պաշտպան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2017 թվականի ընտրակաշառքի գործով առերեսում է ունեցել իր դեմ ցուցմունք տված անձի հետ, վերջինս հերքել է իր տված ցուցմունքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ փաստական տվյալներ չկան եւ չեն եղել Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու համար.

«Նույն դատարանի որոշմամբ էլ շատ ուղիղ արձանագրված է, որ որեւէ փաստական տվյալ չկա, որը կվկայի գոնե, որ Ծառուկյանը որեւէ մեկին ընտրակաշառք է տվել։ Եվ եթե չկա նման փաստական տվյալ, որ ինքն արել է, ապա պետք է գա միջնորդավորված տարբերակ, որ որեւէ մեկին պետք է հանձնարարի, ինքը պետք է տեղյակ լինի, գոնե իմանա, որ նման բան է կատարվում, բայց բոլոր փաստական տվյալներով հաստատվել է, որ նույնիսկ այդ հանգամանքները չի հաստատվում։ Այն անձի ցուցմունքը, որը դատարան էր ներկայացվել որպես հիմնավոր կասկածը հաստատող, մենք պնդում էինք, որ այդ անձի հետ առերեսում կատարվեր մինչեւ կալանավորման միջնորդության քննարկումը, սակայն չկատարվեց եւ կատարվեց դրանից հետո։ Եվս մեկ անգամ հաստատվեց, որ Ծառուկյանը ընդհանրապես որեւէ մեկին չի ասել, որ այլ անձի կաշառք տա, չի իմացել դրա մասին, չի կազմակերպել, այսինքն՝ միջնորդավորված օղակը, որը դրա մասին պետք է ասեր, նույնիսկ առերեսման ժամանակ հստակ նշեց, որ Ծառուկյանն ընդամենը իրեն ասել է, որ ընտրությունների հետ կապված անհրաժեշտ ծախսերի համար դիմի կենտրոնական գրասենյակ։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ցուցմունք չկա։ Ենթադրական բնույթի ցուցմունքը, որը դրվել էր մեղադրանքի հիմքում, առերեսման ժամանակ դա է հերքվեց»։

Երեմ Սարգսյանը նշեց, որ քանի դեռ չկան հիմնավորումներ, չպետք է ենթադրություններ արվեն, քանի որ դա կանխավարկածի խախտում է համարվում.

«Հիմա թե գրասենյակում ինչ է տեղի ունեցել, այդ պրոցեսներն արդեն չեն կարող կապել Ծառուկյանի հետ։ Ասում են՝ Վարդենիսում ինչ-որ աձինք կաշառք են ստացել։ Բազմաթիվ քրեական գործեր են եղել նաեւ այլ տարածքներում ընտրակաշառքների, իսկ ո՞ր խմբակցության ղեկավարին են դրա համար մեղադրանք առաջադրել։ Չկա կաշառք     ՝ քանի դեռ չեք հիմնավորել, չկա անձի մասնակցություն, քանի դեռ  չեք հիմնավորել, իսկ այս ենթադրությունները ուղիղ անձի կանխավարկածի խախտում է»։

Նշենք, որ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով եւ իր գործով վերաքննիչ բողոքների քննությանը ներկա չէր։

Բողոքների քննությունը հետաձգվեց, քանի որ պաշտպանների բողոքները դատարանը դեռեւս չէր ստացել։ Նիստը վերանշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 11։00-ին։

Նշենք, որ Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Մյուս բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ