211652_close_icon
views-count1936 դիտում article-date 11:54 08-11-2018

Կառավարությունը հավանություն չտվեց վարչապետի օդանավից օգտվելու մասին Աշոտյանի նախաձեռնությանը

ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում եւ նախատեսել, որ վարչապետին տրամադրվող ինքնաթիռից եւ ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, ոչ թե վարչապետը: Բացի այդ, առաջարկվում է, որ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող օդանավից ու ուղղաթիռի օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվում են օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի եւ պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին: Նախաձեռնության հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության եւ լրատվամիջոցների հետաքրքրությունը եւ հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ»: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով նշեց, որ ՀՀ կառավարությունը գտնում է, որ նման օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է եւ առաջարկում է գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ, նկատի ունենալով այն, որ օրենքում ամրագրված են պաշտոնատար անձանց անվտանգության հետ կապված եւ օպերատիվ կարգավորում պահանջող դրույթներ եւ այդ պատճառով դրանք պետք է կարգավորվեն ՀՀ վարչապետի որոշմամբ: Հենց այդ տրամաբանությամբ է օրենքում ամրագրվել նշված մոտեցումը: Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց. «Ուզում եմ իմ զարմանքը հայտնել. Նախագծի հեղինակը՝ Արմեն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը եւ թափանցիկության աստիճանն ապահովելու համար եւ կարծես թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ: Հատկապես Արմեն Աշոտյանի դեպքում, որն աչքի է ընկել հատկապես պետական ու ազգային անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով»: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսին հենց Արարատ Միրզոյանն էր մեծ պատվիրակությամբ, «առաջին բորտով» մեկնել Դուշանբե, ինչին անդրադարձել էր նաեւ մամուլը:

Նմանատիպ նյութեր