Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Ժողովրդի սերը Փաշինյանի հանդեպ պետք է ինստիտուցիոնալիզացվի․ մենք դեռ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության կարիք ունենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այս հղումով։

https://img5.newsinfo.am/big/VygnoFj1S.jpg

 – Պարոն Թերզյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեությունն այս 6-7 ամիսների ընթացքում։ Արված աշխատանքը համարժե՞ք է հեղափոխության հռչակած առաջնահերթություններին, տրված խոստումներին՝ կոռուպցիան արմատախիլ անելու, երկրից թալանված գումարները պետական բյուջե վերադարձնելու և մի շարք այլ բարեփոխումների մասին։ Ոմանք կարծում են, որ ավելի մեծ արդյունքներ էին սպասում, ոմանք կարծում են, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ արմատախիլ անել կոռուպցիան, օլիգարխիան, տնտեսական հեղափոխություն իրականացնել։ Ոմանք էլ դժգոհ են այն հանգամանքից, որ խորհրդարանում ուժեղ ընդդիմություն չկա, և բացարձակ մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքին, նոր կառավարությանը դժվար կլինի զսպել, հակակշռել։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին և երկրում ժողովրդավարական բարեփոխումներին՝ նախ, մի բան նշեմ, որ դեմ եմ այն հապճեպ եզրակացություններին, որոնք միանշանակ ինչ-որ դատողություններ են անում կամ հիասթափություններ են արձանագրում։ Պետք է հաշվի առնենք, որ իշխանափոխությունից անցել է ընդամենը մի քանի ամիս, այն էլ մասնակի իշխանափոխությունից հետո։ Չմոռանանք, որ այս ընթացքում Հանրապետականը մեծամասնություն է եղել խորհրդարանում։ Բացի դրանից՝ եթե փորձենք առանձնացնել Հայաստանի քաղաքական համակարգի և առհասարակ հայաստանյան իրականության երեք հիմնական բնորոշիչները, ապա դրանցից երկուսը կոռուպցիան և օլիգարխիան են։ Ու, բնականաբար, հնարավոր չէ միանգամից կախարդական փայտիկով, հաշված ամիսների ընթացքում արմատախիլ անել այս երկու արատավոր երևույթները։ Ու չմոռանանք, որ քաղաքական այս փոփոխությունները ազդում են տնտեսության, տնտեսական զարգացման վրա։ Այս իրավիճակում տնտեսությունը դեռևս կախված է օլիգարխներից։ Առանձին օլիգարխներ ծանրակշիռ ներգրավվածություն ունեն Հայաստանի տնտեսությունում, և միանգամից արմատախիլ անելու, շոկային թերապիայի փորձերը օգուտ չէին տա՝ հատկապես անցումային շրջանում։ Բայց հիմա, երբ Փաշինյանի թիմը կայուն մեծամասնություն է կազմել Ազգային ժողովում, ստացել է լեգիտիմ իշխանություն արդար ընտրությունների արդյունքում, բնականաբար, օլիգարխիայի դեմ պայքարի ազդեցության հնարավորությունները մեծանում են։ Հարց է առաջանում, թե կկարողանա՞ արդյոք Հայաստանի նոր կառավարությունը այնպիսի ռազմավարություն որդեգրել, որը զգալիորեն կնվազեցնի ազդեցիկ օլիգարխների տնտեսական մենաշնորհները և քաղաքական ազդեցության լծակները և արդար, մրցակցային դաշտ կստեղծի։ Բայց մի բան էլ հաշվի առնենք՝ ցանկացած երկրում արմատական փոփոխությունների համար պետք է նաև լուրջ արտաքին աջակցություն։ Եվ այս առումով Եվրամիության, Միացյալ Նահանգների աջակցությունը խիստ կարևոր է։ Իհարկե, ինչպես արդեն նշեցինք՝ Միացյալ Նահանգները միակողմանի դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան հարցում և սլաքներն ուղղում է Հայաստանի վրա, բայց ամեն դեպքում Միացյալ Նահանգների, Եվրամիության աջակցությունը, տարբեր դրամաշնորհների տրամադրումը, զգալի նյութական, խորհրդատվական աջակցությունը կոռուպցիայի, օլիգարխիայի դեմ պայքարում, տնտեսության ազատականացման հարցում խիստ կարևոր է։

Շատ հետազոտողներ կարծիք են հայտնում, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից պահպանվում է, ինչն էլ հաճախ կանխորոշում է Հայաստանում ավտորիտար, արատավոր երևույթների առկայությունը և դրանց հարատևումը։ Բայց ես կարծում եմ, որ այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանում կա լեգիտիմ իշխանություն, և այնքան ժամանակ, որքան իշխանությունը կկարողանա պահպանել իր լեգիտիմությունը, դա նաև քաղաքական կախվածության նվազեցման կարևոր գործոն է, քանի որ մեզ օտար չէին այն երևույթները, երբ նախորդ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ակնհայտ և քողարկված ապավինում էին Կրեմլի հովանավորությանը իրենց իշխանությունը պահելու համար։ Եվ Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ Ռուսաստանից գալիս էին բարձրաստիճան պաշտոնյաներ, աջակցության կոչեր անում, ինչի դիմաց գործող կառավարությունը զիջումներ անում՝ համաձայնելով, օրինակ, գազի գնի բարձրացմանը։

Հիմա Հայաստանում ունենք ավելի լեգիտիմ իշխանություն, և եթե իշխանությունը պահպանել իր լեգիտիմությունը, նման ծայրահեղ քայլերի գնալու անհրաժեշտություն չի լինի։

– Հուլիսին Բրյուսել կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եվրոպական առաջնորդները ողջունող հայտարարություններ են անում Հայաստանի հասցեին, բայց ըստ էության, Եվրամիության քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել։ Ինչո՞ւ չի փոխվել։ Պատճառն այն է, որ Հայաստանի նոր ղեկավարությո՞ւնն էլ նպատակ չունի փոխել Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք, թե՞ պարզապես Հայաստանը «ավելին ավելիի դիմաց» չի պահանջում։

Խոսքն այն մասին է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները CEPA-ի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում լուրջ սահմանափակումներ ունեն՝ մասնավորապես տնտեսական բլոկի առումով։ Եվ արմատական փոփոխություններ անելը, ըստ իս, այստեղ ավելի շատ կապվում է Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հետ, որ Հայաստանը սկսի Եվրամիությանն անդամակցելու կամ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հավակնություններ դրսևորել։ Բայց նույն Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, և եվրոպական կողմի հայտարարություններից հետևում է CEPA-ի արդյունավետ գործարկմանն ու դրա հիմքով նոր ծրագրերի առաջքաշմանը։ Այնպես չէ, որ CEPA-ով ամեն ինչ ավարտվում է։ Հայաստանի կողմից պարտավորությունների հստակ կատարումը կբերի նաև նոր՝ «ավելին ավելիի դիմաց» մեխանիզմներ։

Ձեր նախորդ հարցադրման առնչությամբ, որը վերաբերում էր ուժեղ ընդդիմության հարցին և զսպումների մեխանիզմներին, պետք է ասեմ, որ եթե խոսում ենք թույլ ընդդիմության կամ ընդդիմություն չունենալու մասին, ապա նախորդ իշխանությունների դեպքում էլ կար խորհրդարանական ընդդիմություն, բայց իրականում որևիցե ազդեցության լծակ չկար, և օլիգարխիկ խորհրդարանը կոճակները սեղմում էր այնպես, ինչպես որոշում էր Հանրապետական խմբակցությունը։ Այո, ընդդիմադիրները խոսում էին, բողոքում էին, բայց դրանից ոչինչ չէր փոխվում։ Օրինակ՝ նախորդ գումարման խորհրդարանում կար «Ելք» խմբակցություն, որն ուներ ընդամենը 9 պատգամավոր։ Եվ կար «Ծառուկյան» դաշինքը, որը երբեք իրեն ընդդիմություն չի համարել, բայց իշխանություն էլ չէր։ Եվ ՀՀԿ-ն ցանկացած օրենք կարող էր հանգիստ անցկացնել՝ հատկապես Դաշնակցության հետ կոալիցիա կազմելով։ Ընդդիմություն կար ֆորմալ առումով, բայց ընդդիմություն չկար ֆունկցիոնալ առումով։ Ընդդիմությունը ազդեցության որևէ լուրջ լծակ չուներ։ Այս իմաստով ես կարծում եմ, որ նոր խորհրդարանում ինչ-որ առումով կառուցողական ընդդիմություն կա՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի»։ Ընդդիմություն չդիտենք միայն կոշտ հռետորաբանությունը, իշխանություններին ամեն հարցում անողոք քննադատելը, վատաբանելը։ Կա կառուցողական ընդդիմություն, որը ոչ թե հակահամակարգային է, այլ այլընտրանքների առաջքաշման կողմնակից է։ Որոշակի հարցերի վերաբերյալ այլ մոտեցումների ներկայացման արդյունքում կարող է, օրինակ, այդ բացը, պակասը լրացնել, որը հաճախ դիտվում է նաև որպես գաղափարական բաց։

Վերջին ամիսների դիսկուրսի, նախընտրական բանավեճերի ընթացքում Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները հակակշիռների և զսպումների մեխանիզմը պայմանավորում էին գլխավորապես ընդդիմադիր կուսակցությունների գործունեությամբ։ Բայց Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի զսպումների և հակակշիռների մեխանիզմը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի։ Խոսքը ոչ միայն կուսակցությունների, այլև իշխանության տարբեր ճյուղերի տարանջատման մասին է։

Մի քանի առաջնահերթություն կա։ Նախ, անհրաժեշտ է, որ խարիզմատիկ լեգիտիմությունից անցում կատարվի ռացիոնալ լեգիտիմության։ Մեզ մոտ փաստորեն մեկ անձի պաշտամունք է, և ես համաձայն եմ այն տեսակետի հետ, որ եթե այդ մեկ անձը գլխավորեր ոչ թե «Իմ քայլը» դաշինքի, այլ 150 հոգանոց մեկ այլ ցուցակ, միևնույն է, այդ ուժը առաջին տեղն էր զբաղեցնելու։ Մարդու այս պաշտամունքը, մարդու հանդեպ վերաբերմունքը պիտի սկսի ինստիտուցիոնալիզացվել։ Մարդկանց այդ մեծ աջակցությունը, կապիտալը պետք է ինստիտուցիոնալիզացվի, որպեսզի նաև հանրային բոլոր ինստիտուտները`խորհրդարանը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը և մյուս կառույցները վայելեն նման աջակցություն։ Իսկ ի՞նչ է պետք դրա համար։ Կարծում եմ՝ կարևորագույն առաջնահերթություններից մեկը սահմանադրական փոփոխություններն են, որոնք, ըստ իս, այս համատեքստում անխուսափելի են, որովհետև վարչապետի այն լիազորությունները, որոնք այսօր առկա են, զսպումների և հակակշիռների փիլիսոփայության հետ ուղղակի անհամատեղելի են։ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), բոլոր ուժային կառույցները պետք է դրվեն խորհրդարանի հսկողության տակ, անմիջականորեն ենթարկվեն Ազգային ժողովին։ Խորհրդարանը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա բյուջեի կատարման ընթացքի, առաջնահերթությունների, օգտագործման վրա։ «Սուպերվարչապետական համակարգ» ասվածը, իհարկե, ծեծված արտահայտություն է, բայց այն պետք է զգալի փոփոխությունների ենթարկվի։ Եվ, իհարկե, պիտի բարեփոխվի Ընտրական օրենսգիրքը։ Քաղաքականությունը պետք է այլևս չանձնավորվի։ Երբ ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվեն խորհրդարանին, դա զգալի փոփոխությունների կբերի միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։

– Բայց կիսանախագահական կառավարման համակարգում էլ այդ մեխանիզմներն ամրագրված էին, խորհրդարանը տեսականորեն նախագահին իմփիչմենթի ենթարկելու լիազորություններ ուներ, բայց դա չէր գործում, որովհետև քաղաքական համակարգը կայացած չէր, կուսակցությունները կայացած չէին, և չկար ազատ խոսք, ընդդիմություն իշխանության ներսում։

Կրկին պիտի նախորդ հարցին վերադառնամ։ Առանց լուրջ արտաքին աջակցության, երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման հասցեական ծրագրերի՝ ուղղակի անհնար է լուրջ փոփոխություններ իրականացնել, և այս առումով ես գլխավորը համարում եմ Եվրամիության հետ համաձայնագրի կենսագործումը։ Իշխանությունը չի կարող զսպել ինքն իրեն։ Դա պետք է լինի լուրջ հայեցակարգային ծրագրերի, որոշակի պարտավորությունների հետևողական իրականացման արդյունքում լինի, քանի որ ցանկացած իշխող ուժ միշտ էլ փորձում է իր իշխանությունն առավելագույնի հասցնել։ Օրինակ, քաղաքացիական հասարակությունը հակադիր էր պետությանը։ Հաճախ պետությունը չի կարող նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Պետք է ավելի լուրջ աջակցության ծրագրեր լինեն։ Ցանկացած երկիր, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, լուրջ պարտավորություններ է ստանձնում տարբեր ուղղություններով, ստանում է նաև ֆինանսական մեծ աջակցություն, և այդ պարտավորությունների կատարման արդյունքում ինստիտուցիոնալ հսկայական բարեփոխումներ են իրականացվում։ Եվ չարժե հույս ունենալ, որ երկիրն արմատապես կփոխվի Նիկոլ Փաշինյանի խարիզմայի շնորհիվ։ Իհարկե, բարձր գնահատելով նրա քաղաքական կշիռը՝ այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ այդ պրոցեսը պետք է ինստիտուցիոնալ, ծրագրային տեսք ստանա։ Պիտի լինի հստակ ծրագիր, թե ինչպես, օրինակ, պետք է նպաստել երկրում կուսակցական համակարգի զարգացմանը։ Մենք միջազգային, եվրոպական փորձի կիրառման խնդիր ունենք, որ մեր կուսակցությունները կարողանան մասնակցել տարբեր ծրագրերի, նրանց կադրերը ստանան համապատասխան կրթություն։ Օրինակ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստեղծեց լիբերալ դպրոց և փորձում է կուսակցության անդամների, համակիրների շրջանում որոշակի արժեհամակարգ, քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումներ, քաղաքական գիտելիքներ ձևավորել։ Նմանատիպ բազմաթիվ ծրագրերի հետևողական իրականացման արդյունքում պետք է երկրում նպաստել կայուն ընտրազանգվածի, կայուն, հստակ ծրագրային դրույթներով և գաղափարներով կուսակցությունների առաջացմանը։ Դա այնքան համակարգային խնդիր է, որ եթե դրա մասին խոսենք՝ ամեն ոլորտի պետք է անդրադառնանք: Բայց մի բանաձև կա՝ դա պետք է լինի և՛ ներսից, և՛ արտաքին աջակցության արդյունքում։ Պետք է մեծ քաղաքական կամք երկրի ներսում և արտաքին մեծ աջակցություն, դրանց զուգորդմամբ որակապես նոր տիպի պետության կառուցում։ Օրինակ, ես սպասում եմ նոր կառավարությունից՝ որպես հեղափոխական, ժողովրդի մեծ քվե ստացած կառավարության, որ նրանք կներկայացնեն երկրի զարգացման լուրջ ծրագիր, թե, ընդունենք, առաջիկա 5 տարվա ընթացքում ինչպե՞ս են գնահատում առկա իրավիճակը, ի՞նչ առաջնահերթություններ են առանձնացնում և ի՞նչ ճանապարհով կարող ենք հասնել առաջնային խնդիրների լուծմանը։ Մեզ պետք է նման տեսլական, որը նաև արտաքին աշխարհին ուղերձ կհղի այն մասին, որ երկրում փոփոխությունների համար պետք է համապատասխան աջակցություն։

– Բայց Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, անվտանգության և մի շարք այլ ոլորտներում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից թույլ կտա՞ն Արևմուտքին աջակցել Հայաստանի ներքին բարեփոխումներին։ Երկրորդը, առանց լուրջ գաղափարախոսության և երկրի զարգացման հստակ տեսլականի՝ հնարավո՞ր է այդ բարեփոխումներն իրականացնել, արմատախիլ անել կոռուպցիան, օլիգարխիան։ Փաշինյանը խոսում է տնտեսական հեղափոխության մասին, բայց որևէ հայեցակարգ առայժմ չի ներկայացվել։

Խոսքս հենց դրա մասին էր, որ մեզ պետք են հայեցակարգեր, տեսլականներ։ Մենք պետք է հասկանանք՝ այս կառավարությունն ինչպե՞ս է գնահատում առկա իրավիճակը, և դա պիտի արվի ոչ թե պաթոսախեղդ ելույթներով, այլ շատ հստակ ուղերձներով՝ ծրագրային ի՞նչ դրույթներ է առաջարկում։ Պետք է հանրամատչելի կերպով ներկայացնեն և ասեն՝ այս, այս, այս ոլորտներում ունենք հետևյալ առաջնահերթությունները, իրատեսական է հասնել այս կետին այս ճանապարհով, ավելի հստակ պատկերացում տալ։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ իհարկե, որոշ հետազոտողներ խիստ կասկածամտորեն են վերաբերվում առհասարակ ռուսական ազդեցության երկրներում արմատական ժողովրդավարական փոփոխություններին՝ հաշվի առնելով թեկուզ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունում ռուսական կապիտալը բավական ազդեցիկ է, ռուսական պետական ընկերությունները բավական ազդեցիկ են, և նրանք կարողանում են ազդել ինչպես երկրի տնտեսական, այնպես էլ քաղաքական կլիմայի վրա։ Եվ իրատեսական չէ խոսել տնտեսական հեղափոխությունների, քաղաքական, արմատական քայլերի մասին՝ հաշվի չառնելով կախվածությունը Ռուսաստանից։ Այլ հարց է, թե այս կառավարությունը կկարողանա՞ արդյոք կապիտալիզացնել իր մեծ լեգիտիմությունը և նույն Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակի հայեցակարգային հարցեր բարձրացնել։

– Բայց ինչպե՞ս վերահսկել կառավարությանը, ինչպե՞ս հակակշռել։

– Մենք այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ իշխանությունը պետք է զսպի ինքն իրեն։ Ներհամակարգային զսպման մեխանիզմները, եթե չասեմ՝ բացակայում են, ապա առնվազն աննշան են։ Եվ այստեղ ի հայտ է գալիս հակահամակարգային զսպման մեխանիզմը։ Ընդհանրապես հեղափոխական կառավարությունների համար կա մի օրինաչափություն՝ որքան հեշտ գալիս են իշխանության, այնքան հեշտ էլ կարող են հեռանալ իշխանությունից, եթե չհամապատասխանեն հասարակական ակնկալիքներին։ Նիկոլ Փաշինյանը փայլուն ցույց տվեց, թե ինչպես կարելի է համազգային համախմբման արդյունքում գալ իշխանության։ Բայց դա նաև լավ դաս էր, որ այլ ուժեր ևս կարող են նույն ռազմավարությունն իր դեմ օգտագործել։ Այսինքն՝ մոտեցումը սրան է գալիս, որ չունենալով ներքին զսպումների մեխանիզմ՝ այնուամենայնիվ, կա հակահամակարգային բավական մեծ ուժ և կա հայ հասարակությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքը հայ ժողովրդի սերն է և էմոցիոնալ, դրական վերաբերմունքն իր հանդեպ։ Եվ եթե դա չամրապնդվի ինչ-որ գործողություններով՝ նա բավական բարդ իրավիճակում է հայտնվելու։ Իհարկե, չեմ ուզում հոռետեսական կանխատեսումներ անել։ Ուզում եմ հավատալ, որ, այնուամենայնիվ, կարվեն որոշակի գործողություններ։ Դա համաշխարհային քաղաքագիտական մտքի աքսիոմա է, որ իշխանությունը միշտ կարիք ունի զսպումների և հակակշիռների, որովհետև որևէ իշխանություն կատարյալ չէ։ Եվ այդ զսպումների ու հակակշիռների միջոցով է, որ իշխանությունը կարողանում ինքն իրեն զսպել։ Այս պարագայում խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մանևրի դաշտ չունի։ Սերժ Սարգսյանն ինչ-որ առումով մանևրի դաշտ ուներ։ Օրինակ, 2016 թ․ հուլիսին եղավ «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը, ինչը ցույց տվեց, որ երկրում կան մի խումբ մարդիկ, որոնք կարող են ռազմական ապստամբություն կազմակերպել և հանրության շրջանում զգալի աջակցություն վայելել։

– Կան մարդիկ, որոնք դեմ են Ղարաբաղի հարցում զիջումներին, որովհետև այն ժամանակ այդ հարցը շատ սուր էր դրված և նման մտավախություններ կային։

– Այո, դեմ են զիջումներին։ Իսկ այստեղ արդեն մենք այլ իրադրությունում ենք, երբ երկրի ղեկավարն ունի ճնշող աջակցություն, և այդ աջակցությունը, քաղաքագիտական տեսանկյունից, արտաքին քաղաքական հարցերում խուսանավման մեծ տարածք չի տալիս։

– Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի նկատելի թերություններից մեկը թերևս այն է, որ նրանք դասական գաղափարախոսությունների կողմնակից չեն։ Փաշինյանն ասում է, որ ինքը «իզմ»-երի կողմնակից չէ։ Այս ունիվերսալ մոտեցումը, այն հանգամանքը, որ խիստ սկզբունքներ, չափանիշներ չկան, թե ո՞վ կարող է անդամակցել իշխող քաղաքական ուժին և ով՝ ոչ, վտանգներ չե՞ն ստեղծում, որ «Իմ քայլը» դաշինքը կարող է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով գնալ և սերտաճել պետության հետ։

Հայաստանի զարգացման ներկա փուլում, կարծում եմ, ցանկացած գաղափարախոսության որդեգրում ձևական բնույթ է կրելու և ռեալ ազդեցություն չի ունենալու, քանի որ գործ ունենք ներքին ու արտաքին բազմաշերտ խնդիրների հետ։ Ունենք օլիգարխիայի դեմ պայքարի խնդիր, որը լիբերալ մեթոդներով հնարավոր չէ իրականացնել։ Բայց չենք կարող նաև սոցիալիստական հեղափոխության կամ սոցիալիզմին հարող ուղիներ որդեգրել, քանի որ Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ, նախ, պետք է տնտեսությունը զարգանա, ինչ-որ կետի հասնի, ու միայն դրանից հետո փորձենք խոսել սոցիալական վերաբաշխումների և սոցիալիստական գաղափարների մասին։ Սոցիալիզմը կարող է կյանքի կոչվել ավելի հասուն տնտեսական և քաղաքական համակարգ ունեցող երկրներում։ Սոցիալիզմը մի ընկալեք դասական իմաստով։ Խոսքը սոցիալիստական դոկտրինների մասին է։ Այդպիսին են սկանդինավյան երկրները, Ֆրանսիան և այլն։ Կարծում եմ՝ իրատեսական չէ վերցնել մի գաղափարախոսություն և ասել՝ այս գաղափարախոսության գործարկմամբ մենք կհասնենք խնդիրների լուծմանը, որովհետև խնդիրներն այնքան շատ են․․․ Հայաստանն ունի ներքին ու արտաքին թշնամիներ։ Մի կողմից՝ պասիվ պատերազմի մեջ է գտնվում, մյուս կողմից՝ պայքարում է կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ։ Եվ այստեղ թերևս ամենածեծված բանը պետք է ասեմ՝ գլխավոր գաղափարախոսությունը քաղաքական կամքն է։ Եթե դա եղավ, ապա կփոխվի։ Հանրապետական կուսակցության գործունեությունն առանձնապես չէր փոխվում այն հանգամանքից, որ նրանք թվացյալ որդեգրել էին նժդեհական գաղափարներ կամ իրենց դիրքավորում էին որպես պահպանողական կուսակցություն։ Այդ պահպանողականությունը, ցավոք, ուղղվեց սեփական իշխանության պահպանմանը։ Մենք չտեսանք քայլեր պահպանողական արժեքների պահպանման ուղղությամբ։ Երևանի ճարտարապետական տեսքն ավիրե՞լն էր պահպանողական արժեքի դրսևորում, հայկական մշակույթի, արվեստի հանդեպ անտարբեր վերաբերմո՞ւնքը։ Ի՞նչն էր պահպանողական։

– Գուցե ազգային արժեքների, Հայ Առաքելական եկեղեցու դերի մասին տեղի-անտեղի խոսելը, ազգայնամոլական հայտարարությունները և Նժդեհից մեջբերումներ անելը։

– Դա՞ էր գաղափարախոսությունը։ Եթե դա է գաղափարախոսությունը՝ դա մեզ պետք չի։ Կրկնում եմ՝ մինչև մեր երկրում ներքին զգալի փոփոխություններ չլինեն, լուրջ գաղափարախոսությունների մասին խոսելը շատ վաղ է։ Մենք դեռ ֆեոդալական, բուրժուա-դեմոկրատական հեղափոխության կարիք ունենք։ Մենք դեռ ֆեոդալիզմի դեմ ենք պայքարում։

– Ինչպես Մարքսն էր ասում՝ սոցիալիզմը պիտի կառուցվի զարգացած կապիտալիզմի հիման վրա։

– Այո, դա եմ ասում, որ նախ, ֆեոդալներին, բդեշխներին վերացրեք, երկիրը ներսից ազատագրեք, հետո նոր խոսեք հասուն գաղափարախոսական ուղղվածությունների մասին։ Ոչ թե ֆեոդալների քանակն ավելացրեք կամ նրանց ջրաղացին ջուր լցրեք, այլ ֆեոդալներին արմատախիլ արեք։ Դա է գաղափարախոսությունը։ Ավելի լավ է ասել՝ ինչ պետք է անել և ինչ պետք է չանել։ Թող դա լինի մեր գաղափարախոսությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում